Վարչապետի խորհրդավոր լռությունը․ինչ կարող է պարզել դատախազությունը
05-05-2020 16:52:52 | Հայաստան | Մամուլի տեսություն
Lragir.am-ը գրում է․
Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ուսումնասիրվելու են Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութում նշված հանգամանքները, պարզելու համար դրանցում հանցակազմի առկայությունը: Միքայել Մինասյանը անդրադարձել էր հեղափոխությունից հետո Արթուր Վանեցյանի հետ հանդիպմանը: Ըստ Մինասյանի, դեռեւս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Հռոմում հանդիպել է իրեն՝ որպես վարչապետ Փաշինյանի բանագնաց, եւ ներկայացրել վարչապետի առաջարկը. Սիմվոլիկ փող վճարել Հայաստանի հիմնադրամներից մեկին, հրաժարվել Հայաստանում քաղաքական հավակնությունից եւ այդ ամենի դիմաց չենթարկվել քրեական հետապնդման:
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն առայժմ չի արձագանքել Միքայել Մինասյանի հայտարարությանը: Չի արձագանքել նաեւ վարչապետ Փաշինյանը: Փաշինյանն, ի դեպ, չի արձագանքել նաեւ իր աներորդու՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցադրում-ակնարկին, թե Արթուր Վանեցյանին վարչապետը պաշտոնից հեռացրել է, երբ նրա առաջ է դրել այլ երկրի հատուկ ծառայությունում հավաքագրված լինելու փաստեր:
Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, թե իր հարցը պայմանավորված չէ որեւէ հանգամանքով, պարզապես հարց է, որ հետաքրքրել էր իրեն եւ կարող է հետաքրքրել հանրությանը:
Հատկանշական է, որ պատգամավորի հարցը չի հետաքրքրել իրավապահներին, մինչդեռ խոսքը պետական անվտանգության մասին է: Որովհետեւ, ի վերջո, եթե Արթուր Վանեցյանը հավաքագրված է, ապա պաշտոնից հեռացվելով չի չեզոքացվում նրա վտանգը, որովհետեւ նա ի պաշտոնե տիրապետում է Հայաստանի Հանրապետությանն առնչվող կարեւորագույն տեղեկությունների: Ըստ այդմ, ստացվում է, որ հավաքագրված են այդ տեղեկությունները:
Հետեւաբար տարօրինակ է, որ պատգամավորի հրապարակային հարցադրումը՝ պատգամավորի, ոչ թե փորձագետի կամ լրագրողի, այն էլ վարչապետի հետ ընտանեկան կապ ունեցող պատգամավորի հարցադրումը չի արժանանում իրավապահների ուշադրությանը:
Զարմանալի է նաեւ վարչապետ Փաշինյանի լռությունը:
Կա՞ արդյոք կապ բարձրաձայնված հարցադրման եւ Միքայել Մինասյանի տարածած տեսանյութի միջեւ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սպառնում է կրկին վերադառնալ իր նախկին պաշտոնին:
Մասնավոր զրույցների ժամանակ Գասպարյանը հայտարարում է, որ իշխանափոխության դեպքում ինքը վերականգնվելու է նախկին պաշտոնին, բայց ընդամենը երկու ամսով: Այդ ժամանակը բավարար է, որ Գասպարյանը վրեժխնդիր լինի իր դեմ գործ տվողներից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ձևավորվում են քրեական խմբեր՝ 10-15 մարդուց կազմված, որոնք զբաղվում են տնտեսվարողներին ռեկետի ենթարկելով և գումարներ կորզելով:
Այս խմբավորումները ունեն նաև արտաքին ֆինանսավորում և պատվիրատուներ, որոնք Ռուսաստանում բնակվող, քրեական հետագիծ ունեցող ազգությամբ հայ գործարարներն են:
Առաջիկայում մենք կհրապարակենք, թե Հայաստանում ովքեր են կանգնած այս խմբավորումների հետևում, և որ նախկին օլիգարխի հյուրանոցում են տեղի ունենում խմբավորումների հավաքները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 2-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, նախորդների համեմատ, անցել է հանդարտ մթնոլորտում:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը շատ բուռն էր եղել, որի ժամանակ, կարելի է ասել, վարչապետը դուրս էր եկել ափերից ու իր թիմակիցներին հորդորել էր ուշքի գալ: Անգամ իմքայլականների համար էր անակնկալ եղել վարչապետի խիստ ու կոշտ որակումները, ինչին արդեն հետևել է շաբաթ օրը կայացած ավելի հանդարտ նիստը:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ իր թիմակիցներին բացատրել է, թե ինչն է իրենց թիմի խնդիրը, նշել է, որ ինքն արդեն հոգնել է տարբեր անձանցից բողոքներ լսելուց, ու նշել, որ խնդիրները ոչ թե պետք է փնտրել այստեղ-այնտեղ, այլ իրենց թիմում առաջացած պառակտումների, թայֆաների բաժանվելու և անվերջ միմյանցից բողոքելու մեջ: Վարչապետը բոլորին հորդորել է սթափվել ու աշխատել՝ առանց ինչ-որ մեկի մասին ինֆորմացիաներ որոնելու ու այն իրեն փոխանցելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այժմ իմքայլականների շրջանում լարվածություն կա, քանի որ մի քանի պատգամավորների (որոնց մեջ են Վարդան Աթաբեկյանը, Աննա Կարապետյանը) ԱԺ տարբեր շրջանակներից հորդորում են մանդատը վայր դնել: Լարվածությունն առկա է նաև գործադիր մարմնում, որտեղ ևս առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ»:
«Նոյյան տապան»-ը հղում կատարելով ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը գրում է․
2020թ. մայիսի 04-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով մահացու վնասվածք է ստացել մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի շտապում ստորագրել Ազգային ժողովի կողմից ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրան հարակից օրենքների փաթեթը: Ավելին` այն նախագահի աշխատակազմի կողմից ենթարկվում է փորձաքննության:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, նշեցին. «Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրան հարակից օրենքների փաթեթը հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ս.թ. ապրիլի 21-ին: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում: Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրում են օրենքը և հարակից օրենքների փաթեթը, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն»:
Հավելենք, որ փաթեթը ստորագրելու համար նախագահին մնացել է 6 օր, սակայն չի բացառվում, որ կրկին օգտվի Սահմանադրությամբ իրեն վերահապահված հնարավորությունից և այս նախագծի սահմանադրականությունը վիճարկի ՀՀ Սահմանադրական դատարանում։
Նկատենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը ստորագրեց վերջին պահին՝ 21-րդ օրը՝ խոստանալով սակայն հետևել կիրառմանը, իսկ «Բանկային գաղտնիքի մասին» մեկ այլ վիճահարույց օրենքն էլ ՍԴ-ում է. դեռ քննում են»:
Armtimes.com («Հայկական ժամանակ»)-ը գրում է․ Երեխաներին պատուհանից նետած ու ինքնասպան եղած 40-ամյա տղամարդուն բակում բոլորը ճանաչել են՝ որպես նորմալ, ադեկվատ, կիրթ մարդու. այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նշեցին հարեւանները:
Նա զինվորական էր. ծառայել է Ռուսաստանի Դաշնությունում՝ այնտեղ ապրելով ընտանիքի հետ: Թոշակի էր անցել ու Հայաստան վերադարձել, ըստ հարեւանների, մոտ երեք տարի առաջ: Ապրում էր եղբոր ու մոր հետ իրենց տանը:
Հարեւանները երբեւէ չեն նկատել, որ սոցիալական խնդիրներ ունենար. խանութի աշխատողը նշել է, որ երբեմն պարտքով գնումներ կատարել է, թոշակը ստանալուն պես՝ պարտաճանաչ փակել պարտքը:
Կինը երեխաների հետ ապրում էր իր մոր տանը, սակայն վերջին օրերին, ինչպես պատմում են հարեւանները, նրանք այստեղ էին մնում. երեխաներին տեսել էին բակում խաղալիս:
Մոտակա խանութի վաճառողները նշել են, որ երեկ ե՛ւ ամուսինը, ե՛ւ կինը առօրյա առեւտուր են արել՝ ձողիկ, խմորեղեն, ելակ գնել. արտառոց որեւէ բան չեն նկատել: Հարեւանների խոսքով՝ ողբերգական դեպքը գիշերն է տեղի ունեցել: Հարեւաններից մեկը շտապօգնության աշխատակիցներին տեսել է 07:00-ի սահմաններում, նրանք արտահագուստով են եղել, եւ նա մտածել է, թե շենքում վարակվածության դեպք է գրանցվել, սակայն որոշ ժամանակ անց իմացել է ողբերգական դեպքի մասին: Իրավապահներն այս պահին քննչական գործողություններ են իրականացնում բնակարանում:
Հոր եւ երեխաների դիերը առավոտյան տեսել է հարեւաններից մեկը, որն էլ ձայն է տվել մյուս հարեւաններին, հետո շտապօգնություն են կանչել:
Ի՞նչը կարող էր դրդել հորը նման քայլի՝ որեւէ մեկը չի պատկերացնում: «Ո՛չ թմրամոլ էր, ո՛չ հոգեկան խնդիրներ են երեւացել, ինչ թեմայից խոսում էինք, արձագանքում էր նորմալ, ադեկվատ, շատ կիրթ մարդ էր: Կինն էլ նորմալ կին էր: Ոչինչ չէր հուշում, որ նման բան կարող է պատահել»,- պատմեցին հարեւանները:
Հիշեցնենք՝ այսօր՝ 08:45-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանի ՀԱԹ Բ2 թաղամասում: Թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետեւ ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ: Երեխաներին պատուհանից նետած, այնուհետ ինքնասպան եղած քաղաքացին նրանց հայրն էր՝ 40-ամյա Կարեն Մ.-ն: Երեխաները 8 եւ 5 տարեկան էին, տղամարդն ամուսնալուծված էր: Փաստի առթիվ Երեւանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շրջանառության մեջ է դրել «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Դժվար է ասել, թե այս նախագծի ընդունումը որքանով կնպաստի գազի սակագնի նվազմանը: Այն ավելի շուտ նպատակ ունի ստիպելու, որ գազամատակարար ընկերություն «Գազպրոմ Արմենիան» ներդրումներ իրականացնի գազի կորուստները նվազեցնելու համար»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական տարբեր պաշտոնյաներ խոստովանում են, որ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերն այնքան էլ թիրախային չեն, և դրանց արդյունավետությունը միշտ չէ, որ բարձր է:
Օրինակ՝ կառավարությունը 100 հազար դրամ օգնություն հատկացրեց չաշխատող մայրերին, որոնք կամ միայնակ են, կամ որոնց ամուսինները գործազուրկ են: Ոստիկանության, ՊՆ կամ այլ ուժային կառույցների աշխատակիցները հաշվառված չեն սոցապնախարարությունում, և այդ պատճառով այս համակարգերի աշխատակիցների հղի կանայք ևս ստացան այդ օգնությունը: Նույնը վերաբերում է նաև գործազուրկ ծնողների անչափահաս երեխաներին տրվող 26-հազարական դրամ օգնությանը»:
News.am-ը գրում է․
Աբխազիայի հանրապետությունում գնվող Հայաստանի 7 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիների խոսքով` իրենք այնտեղ չեն աշխատում եւ ուղղակի զրկվել են գոյատեւելու միջոցներից:
«Երեք ամիս առաջ ես և ընկերներս եկանք Աբխազիայի Հանրապետություն աշխատելու շինարարությունում: Սկզբից լավ էր, հետո կորոնավիրուսի պատճառով շինարարությունը պասիվացավ փակեցին անցակետերը։ Ելնելով իրավիճակից դիմեցինք արտաքին գործերի նախարություն, պատասխանեցին, թե պետք է դիմենք Սոչիի դեսպանատուն դիմեցինք, պատմեցինք ոչ մի արձագանք, սպասեցինք, անցավ մեկ ամիս արտգործնախարարությունը պատասխանեց, որ մեջբերում եմ` «Բարև Ձեզ, աշխատում ենք այդ ուղղությամբ, արդյունք լինի ձեզ կհայտնենք»: Իսկ դեսպանատունը պատասխանեց, մեջբերում եմ` «Ռուսաստանի սահմանները օտարերկրացիների համար փակ է դեռևս: Դուք գտնվում եք մի այնպիսի երկրում, որի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ (դուք դա իմանալով եք գնացել): Դեսպանությունը հավատարմագրված է միայն ՌԴ տրածքում: Տվյալ դեպքում Աբխազիայում կարող եք օգնություն ակնկալել միայն հայ համայնքից»»,- պատմեց Աբխազիայում գտնվող տղամարդը:
Նա ասաց, որ այս պահին շատ վատ վիճակում են գտնվում եւ ուղղակի չգիտեն` ինչպես վերադառնան Հայաստան:
«Այս պահին ուղղակի գոյատեւում ենք նույնիսկ չունենք կացարան աշխատանք:. Լսել եմ, որ Ռուսաստանում դեսպանը աշխատանք է առաջարկում ցանկացողներին: Գոնե օգնեն գնանք Ռուսաստան, այնտեղ բոլորս էլ հարազատներ ունենք և կօգտվենք այդ հնարավորությունից եւ աշխատանքի կտեղավորվենք»,- հավելեց նա:
Armlur.am-ը գրում է․
ՀՀ ոստիկանության աշխատակիցներին վերադասը ստիպում է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հակաճգնաժամային օգնություն 26.500 դրամ գումարը հետ վերադարձնել: Այս ահազանգով ArmLur.am-ի խմբագրություն են դիմել ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներ:
80-90 հազար դրամ ստացող ոստիկանները, ովքեր օգտվել են Կառավարության հակաճգնաժամային 9-րդ միջոցառումից (անչափահաս երեխային տրվող 26.500 դրամ աջակցությունից), պատմեցին, որ «Կառավարության աջակցության 9-րդ ծրագրից ստացել ենք ընդամենը 26.500 դրամ աջակցություն, որը հիմա պահանջում են հետ վերադարձնել: Այս դժվարին օրերին, երբ ես այդ գումարով կատարել եմ իմ գազի, լույսի վճարումները, ինչպես հետ վերադարձնեմ»,- մեզ հետ զրույցում դժգոհեց ոստիկանության աշխատակիցը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այն ոստիկանները, որոնք դիմել են գումար ստանալու համար, սակայն դեռ չեն ստացել, նրանց հորդորել են չստանալ գումարը:
ArmLur.am-ն ահազանգի հետքերով պարզաբանումներ խնդրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից:
«Խոսքը կոնկրետ 9-րդ ծրագրի մասին է: Այնտեղ հստակ նշված է, որ ծրագրի շահառու են համարվում 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք: ՀՀ ոստիկանության աշխատակիցները ո՞նց կարող են համարվել չաշխատող: Ծրագիրը ոստիկանությունը չի իրականացնում, գուցե ինչ-որ մեկը այդ ծրագրից օգտվել է, և նրան նման հորդոր է արվել, գուցե նրանց զգուշացվել է, որ կան ծրագրեր, որոնցից կարող են օգտվել պատշաճ կարգով: Եվ ահազանգող ոստիկանները պետք է իմանան, որ կոպիտ խախտում է արվել, քանի որ շահառու հանդիսանում են այն ընտանիքները, որտեղ անչափահասի երկու ծնողները ոչ մի տեղ չեն աշխատում»,-նշեց նա:
Այսքանից հետո տարակուսելի է մնում, թե ծրագիրն ինչպես է հաստատել եւ գումարներ հատկացրել ոստիկանության աշխատակիցներին, որոնք, ըստ էության, այդ ծրագրի շահառուներ չեն:
«Իրատես» թերթը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ նշելով, որ նախարարը երկրի հրամկազմին դրանից բխող համապատասխան ցուցումներ է տվել:
«Ադրբեջանական բանակը, վերջին 2 ամիսներին հատկապես, բավական ինտենսիվ զորախաղեր է անցկացնում` ներգրավելով գրեթե բոլոր ստորաբաժանումները` օդուժ, հրետանի, ռադիոէլեկտրոնային պաշտպանության ստորաբաժանումներ և այլն։
Մեր հարևան երկրում նաև տեսակետ է շրջանառվում, որ կորոնավիրուսը փոքր-ինչ շեղել է իրենց, այսպես ասած, գրաֆիկից՝ ակնարկելով, որ եթե չլիներ կորոնավիրուսը, ապրիլի վերջին ռազմական գործողություն էին սկսելու: Հասանովը հանձնարարել է նաև հետախուզական աշխատանքներ տանել մեր թիկունքում, ինչը ենթադրում է անօդաչու թռչող սարքերի ակտիվացում: Իսկ դա իր հերթին առաջնագծում լարվածության աճի է հանգեցնելու»,- ընդգծեց Վիտալի Մանգասարյանը:
Ռազմական փորձագետի փոխանցմամբ` ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն այս փուլում քարոզչական գրոհի է անցել, գրեթե բոլոր լրատվամիջոցները ռազմատենչ վերնագրերով տարածում են Հասանովի հայտարարությունը։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, շեշտեց մեր զրուցակիցը, պետք է էլ ավելի բարձրացնենք զգոնությունը թե՛ բանակում, թե՛ հասարակության շրջանում` պատրաստ լինելով զարգացումների ցանկացած սցենարի. «Ապրիլին առաջնագծում, վերջին 1-1,5 տարիների համեմատ, լարվածության աննախադեպ աճ է գրանցվել։
Բացի հրաձգային զենքերի ակտիվ կիրառումից՝ նաև հրետանային միջոցներ, մասնավորապես ականանետներ են գործի դրվել։ ՊԲ հակաօդային ստորաբաժանումների կողմից խոցվել է հետախուզական Օrbiter 3 տեսակի իսրայելական արտադրության ԱԹՍ։ Ադրբեջանական ռազմական ավիացիան թեև չի խախտել ՀՀ օդային տարածքը, բայց շփման գծին բավականին մոտ մանևրումներ է կատարել»: