Նոր ցուցմունք Սերժ Սարգսյանի դեմ․ ինչ են հայտնել ԱԱԾ-ին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
08-05-2020 19:59:23 | Հայաստան | Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել գործարար Միխայիլ Բաղդասարովի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում ներկայացնելու մասին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, թե, դիմելով իրավապահներին, ինչ է հայտնել Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս իր դիմում նշել է, որ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 1998-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և նույն ժամանակահատվածում ստացված եկամուտներից շուրջ 7.000.000 ԱՄՆ դոլար առձեռն փոխանցել է բարձրաստիճան պաշտոնատար անձի:
Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում այս դեպքի մասով հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերի կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար, պատժվում են ազատազրկմամ` յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան մտած դիզվառելիքի գործից, ևս մեկ քրեական գործ է հարուցված, որը վերաբերում է արդեն կաշառք ստանալուն: Մասնավորապես, հրապարակվել էր, որ այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին:
Եվ, ահա, իրավապահ շրջանակներից ArmLur.am-ին հայտնել էին, որ այն գործարարը, որը Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով ցուցմունք է տվել, նրա վաղեմի ընկեր, սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովն է»:
«Նոյյան տապան»-ը գրում է․ Ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով։
Այս մասին մայիսի 8-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առավոտյան խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր և
իշխանական պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։
Ըստ նրա՝ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը, հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների։
«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգմավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ, և այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի և իշխանական մեծամասնության միջև առկա վստահությունը։ Եվ այո՛, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հրավիրել է ինձ սուրճ խմելու և ես ուղիղ ասել եմ, որ այո՛, պարոն Մարուքյան, մենք ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունեությունն այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնություները գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է»,- ընդգծեց Ն. Փաշինյանը՝ կատարվածը գնահատելով որպես քստմնելի սադրանք։
Վարչապետի խոսքերով՝ ինքը դատապարտում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վարքագիծը, որոնք տրվում են սադրանքներին.
«Մենք իրավունք չունենք տրվել սադրանքներին, որովհետև այո՛, նրանք ամեն օր, անընդհատ ուզում են շեղել մեզ մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծողների, նրանք ուզում են մեզ հավասարեցնել քիլերների, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից, և այո՛, այսօր ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն
ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկողների կողմից։ Սա է ճշմարտությունը»։
Ն. Փաշինյանը նաև կատարվածը որակեց որպես ամենամեծ պարտություն, որն իրենք ունեցել են հեղափոխությունից հետո։
Կառավարության ղեկավարի կարծիքով՝ առկա լարվածությունը կապված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի, բազմաթիվ քրեական գործերի հետ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչ օրս շարունակում է քննարկվել հարցը՝ ինչու Քյարամյանը 1 օրում երկու պաշտոն ստացավ՝ հաստատվելով Ազգային անվտանգության ծառայությունում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացրին, որ այդ նշանակումը ուղղակի առնչություն ունի պետական գաղտնապահ այդ կառույցից դուրս սպրդող ինֆորմացիաների հետ: Բանն այն է, որ ՀՀ վարչապետին մի քանի անգամ զեկուցվել է, որ ԱԱԾ-ից արտահոսք է լինում, ու կասկածներ կան, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որոշակի ինֆորմացիաների է տիրապետում: Դրա համար Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ՝ որպես վարչապետի հավատարիմ և աչալուրջ պաշտոնյա: Նրա առջև խնդիր է դրված փակել հնարավոր արտահոսքերը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Քյարամյանը պաշտոնապես համակարգելու է ԱԱԾ քննչական մարմինների աշխատանքը: Հիշեցնենք, որ Քյարամյանին այդ պաշտոնում նշանակելու համար նրան նախ կես օրով նշանակեցին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, տրվեց նաև գնդապետի կոչում, որպեսզի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի նշանակման չափանիշներին համապատասխանի:
Բանն այն է, որ վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից նա չէր կարող միանգամից նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, քանի որ ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար կոշտ չափանիշներ կան՝ չհաշված այն, որ այդ պաշտոնում կարող է նշանակվել միայն գնդապետի կոչումից ոչ ցածր կոչում ունեցողը»:
«Իրատես» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը սրտնեղած է հեռացել. իշխանությունը չի գնահատել իր ու իր թիմի` առանց «լայքերի» աշխատանքը: «Մեր աշխատանքներն այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան և հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով, քան աղմուկ հանելով»,- հրաժեշտի իր խոսքում, մի քանի տասնյակ ձեռքբերումներ թվարկելով, արձանագրել է նախկին նախարարը:
Գրիգորյանի պաշտոնանկության պատճառներն իրականում «լայքերի» հետ կապ չունեն: «Իրատեսի» հետ զրույցում նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը նշեց՝ պատճառները մի քանիսն են, բայց հիմնականը կապված է հանքարդյունաբերության հետ. «Կառավարության` ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներից մեկը (Սուրեն Պապիկյան) հարցում է ուղարկել շրջակա միջավայրի նախարարին, թե ինչպես և ինչ պայմաններում է եղել, որ պահպանվող տարածքներից օտարվել են ահռելի տարածություններ ու տրամադրվել հանքարդյունաբերողներին: Գրիգորյանի կաբինետը մինչև հրաժարականի օրն այդպես էլ չի պատասխանել այդ հարցմանը: Խոսքն «Արևիկ» ազգային պարկի մասին է: Չեմ բացառում՝ նաև Ամուլսարի հողահատկացումների հետ կապված հարց է եղել»:
Մեր զրուցակիցը նշեց, որ Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում ծաղկում էր ապրում նրա հետ փոխկապակցված մարդկանց կազմակերպությունների գործունեությունը: Նա հավելեց, որ անդավաճան ընկերները, դեպքերի բավական հետաքրքիր զարգացմամբ, շղթայական ռեակցիայի նմանությամբ, հայտնվել էին բնապահպանության ոլորտում:
«Նախ` փոխնախարարի աթոռին հայտնվեց Խաչիկ Հակոբյանը, հետո` Ռուբեն Խաչատրյանը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատասխանատուներից Հարություն Խաչատրյանի որդին, կենդանաբանական այգու տնօրեն նշանակվեց, որոշ ժամանակ անց, ՀՀԿ-ին «ֆիկտիվ» անդամակցության գնով, բնապահպանության փոխնախարարի մյուս աթոռը զբաղեցրեց Էրիկ Գրիգորյանը:
Հետո դեպքերի ու իրադարձությունների փոխատեղումներ տեղի ունեցան՝ Գրիգորյանը նախարար դարձավ, Խաչատրյանը տևական ժամանակ կառչած էր կենդանաբանական այգու աթոռից, Հակոբյանն էլ բնապահպանության նախարարությունից սահուն քայլերով պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի, այնուհետ` Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնին անցավ: Նրանցից որևէ մեկը թեև այժմ չի պաշտոնավարում, բայց կարևորագույն պաշտոններ զբաղեցնելու ժամանակ ոչ կոմպետենտ կառավարմամբ նրանք բավական մեծ վնաս են հասցրել ոլորտին»,- ներկայացրեց «Իրատեսի» զրուցակիցը:
Նա վստահեցրեց, որ Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելը կապված է նաև անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ մարդուն պաշտոն տալու հետ: Ըստ նրա՝ Գրիգորյանը հակադարձել է Փաշինյանին ու հիշեցրել, որ անտառտնտեսության աշխատակիցը նախկինում ծառերի ապօրինի հատմամբ է զբաղված եղել, այսպես ասած, փայտի գործ է արել. «Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել: Ասել է՝ ծանոթ մարդ է, պետք է աշխատի, ու վերջ: Գրիգորյանի հակադարձմանը, թե ինքն այդ մարդու հետ չի կարող համագործակցել, վարչապետը չոր է արձագանքել՝ չես կարող աշխատել, հեռացիր»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակված Ռաֆայել Զաքարյանը «Սերժի հերթական մնացորդներից» է։ Նրա աշխատանքային վարքագծում կա դրվագ, երբ Զաքարյանը մի պահ դուրս է գալիս ՊԵԿ-ից, սակայն գրեթե 5 րոպե անց հայտնվում է «Քեյ Փի Էմ Ջի» հաշվապահական ֆիրմայում։
Եվ որպեսզի պատկերավոր լինի, թե ինչ ասել է «ընդհատակյա հաշվապահություն» անողը ՊԵԿ-ում, պետք է նշենք, որ դա մոտավորապես նույնն է, ինչ թմրանյութերի վաճառքով զբաղվողը զբաղեցնի ոստիկանության 6-րդ վարչության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը։
Առհասարակ հաշվապահական ընկերությունները հիմնականում ստեղծվել են հարկայինի աշխատողների կողմից՝ որպես պետբյուջեին զուգահեռ բյուջե ապահովելու միջոց։ Այս ֆոնին ուշագրավ է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի դուստրը հաշվապահ է աշխատում ոչ թե հոր հաշվապահական ընկերությունում, այլ հենց նրա «մրցակից» «Քեյ Փի Էմ Ջի»-ում»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը, ըստ ամենայնի, կերկարացնի մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս պահին իշխանության ներսում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետաձգման հարցը, և արտակարգ դրության ժամկետը երկարաձգելը դրա լուծումներից մեկն է:
«Ժողովուրդ» օրաթերթը երկարաձգելու հարցի վերաբերյալ մեկնաբանության համար դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին, ով մեզ հետ զրույցում հայտնեց. «Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն այս պահին գտնվում է քննարկման փուլում, վերջնական որոշում չկա. երբ կլինի վերջնական որոշում երկարաձգելու կամ արտակարգ դրությունը դադարեցնելու մասին, ապա հանրությանը տեղյակ կպահենք այդ մասին։ Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ապա այդ հարցն այս պահին չի քննարկվում, քանի որ առաջնահերթությունը տրված է մեր քաղաքացիների, հայրենակիցների առողջությանը, և եթե լինի արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտություն, ապա դա կլինի միայն այդ նպատակով»։
Այսինքն՝ ըստ էության, առաջիկայում հանրաքվեն տեղի չի ունենա, և ՍԴ-ի՝ այդքան կարևորություն ներկայացնող հարցը լուծում չի ստանա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից հետո ինքնասպանության հասցնելու մեղադրանքով հարուցված քրեական գործը դեռևս քննության փուլում է։ Քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, որի պատասխանները դեռ հայտնի չեն։
Որքան էլ զարմանալի է, քննության փուլում է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործը, թեև ՔԿ նախագահը դեռևս անցած տարի հայտարարել էր, որ Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Կուտոյանի հարազատները, սակայն, նախաքննական մարմնին արգելել են որևէ ինֆորմացիա հանրայնացնել։ Այդ իսկ պատճառով մեզ չհաջողվեց պարզել, թե ներկայումս ինչ գործողություններ են կատարվում այդ գործով»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում վերջին օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կապված: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երևանի քաղաքապետարանին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրինությունն իր հարակից տարածքում գտնվող, մոտ հարյուր հեկտարի հասնող հողատարածքը ցանկանում է, որպեսզի քաղաքապետարանը մշակի, քանի որ այն տարիներ շարունակ անմշակ է եղել, սակայն քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է, թե այն իր հաշվեկշռում չէ:
Մեր տեղեկություններով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ներքին կարգով պահանջ է դրել, որպեսզի հողատարածքը ներառվի իրենց վերահսկողության տակ, որպեսզի կարողանան այն մշակել: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ իրավիճակն այնքան է թեժացել, որ խնդիրը հասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Աշխատակազմի երիտասարդ ղեկավարն էլ հանդիպումներ է ունեցել կողմերի հետ ու փորձել է խնդիրը հարթել: Բայց, ըստ մեր տեղեկությունների, կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, ով նշեց. «Տեղյակ եմ, որ քննարկումներ կան։ Եվ դա նորմալ է»: Մենք զրուցել ենք նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: «Որոշել ենք, որ պետք է այգու զարգացման ռազմավարություն մշակվի, որի հետ կապված համապատասխան հանձնարարականներ ենք տվել», – նշեց նա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանին հաջողվել է լեգալիզացնել շինարարության ոլորտի մեքենայությունների մեծ մասը։
Նախ նրա հաշվապահական և պահեստային խոշորագույն «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանը հանդիսանում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ղեկավարը։ Նրա հաջորդ կադրը, ում Հովսեփյանը առաջ քաշեց՝ հետը բերելով ՊԵԿ-ից, Արմեն Սաքապետոյանն է, ով արդեն բազմաթիվ նորակառույցների սեփականատեր է շնորհիվ կեղծ սնանկության սխեմաների։ Մեխանիզմը հետևյալն է՝ բազմաբնակարան շենք կառուցապատողը հասնելով գրեթե ավարտին՝ ճանաչվում է սնանկ։ Այդ սնանկ կոչված կառույցը գնում է կա՛մ նույն կառուցապատողը, կա՛մ Սաքապետոյանը, ով Հովիկ Հովսեփյանին այն ժամանակ ենթակա «Հայբիզնեսբանկի» հետ համատեղ կազմակերպում էր շենքի անցումը «նոր տերերին», ովքեր իրավահաջորդ չէին։ Արդյունքում չեն վճարվում վիթխարի հարկեր և մի շարք արտոնյալ վիճակներ են ձևավորվում ԱԱՀ գծով»։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե սեփականության վերաբաշխման իդեա-ֆիքսն իրականացնելու ճանապարհին իշխանությունները ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում, եւ «Յուքոմը» կլլելու հարցում խաղերի մեջ են եղել Եսայան եղբայրների հետ, որոնք բիզնես պլան են առաջարկել. վերցնել Խաչատրյանների ձեռքից «Յուքոմը», պարտադրել վաճառել ընկերությունը`գինը թելադրելով, Եսայանները կգնեն այն եւ համատեղ կառավարում կիրականացնեն` իրական օպերատորին խաղից մեկընդմիշտ հանելով:
Ինչ-որ պահից սկսած` Խաչատրյանները հասկացել են` ինչ օպերացիա է իրականացվում, կողմերին մեսիջ են ուղարկել. «Դուք ի՞նչ է, մեզ լրիվ հիմարի տեղ եք դրե՞լ. չենք վաճառում ընկերությունը»։ Ասել է` խափանել են իշխանություն-Եսայաններ պայմանավորվածությունները: Արդյունքում` գործ հարուցվեց Խաչատրյանների դեմ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Արարատ Միրզոյանը մի կերպ կարողացել է կարգավորել Աննա Կարապետյանի հետ կապված հարցը։ Եվ չնայած Աննա Կարապետյանը, Վարդան Աթաբեկյանը կատեգորիկ պնդում են, որ «մանդատը դնելու հարց չկա», «բացառված է մանդատս դնեմ», սակայն դա ընդամենը նշանակում է, որ վարչապետի հրահանգի դեմ ըմբոստանում են, ինչպես ժամանակին ըմբոստացան եւ մանդատները չդրեցին Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը։
Մեզ ասացին, որ կոնկրետ Աննա Կարապետյանի մանդատը պահանջելու պատճառը եղել է տեղորոշման օրենքի առաջին ընթերցման չքվեարկելը, չնայած գրանցվել էր, գտնվել դահլիճում, ինչի պատճառով օրենքը միանգամից չընդունվեց, եւ իշխանությունը ստիպված եղավ նույն օրը երկու արտահերթ հրավիրել եւ ուժով անցկացնել օրենքը։
Աննա Կարապետյանը մեզ հետ զրույցում կրկին պնդեց. «Չկա նման բան. ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»: Իսկ դահլիճում գտնվելով` ինչո՞ւ չեք քվեարկել։ «Ես Ձեզ ասացի` հարցազրույց չեմ տալիս, ես զբաղված եմ. ուրիշ խնդիրներ կա՞ն»: Ի՞նչ խնդիրներ։ «Կորոնավիրուսի հետ կապված` պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կոնտակտավորը մասնակցել է պետաիրավականի նիստին, որի անդամ է նաեւ Կարապետյանը»:
«Փաստ» թերթը գրում է. ««Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Հասմիկ Ենգոյանը պետական գնումների գործընթացում իրականացրած վերլուծության արդյունքում ապացուցում է, որ Հայաստանում առկա է համակարգային կոռուցիա, որի վերացման մասին պարբերաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
«Փաստ» թերթի հետ զրույցում տիկին Ենգոյանն ասում է, որ ներկայում մանր ու միջին բիզնեսին թույլ չեն տալիս մասնակցել պետական գնումներին, քանի որ բանկային երաշխիքի համար անհրաժեշտ է ֆինանսական ներուժ։
Մրցույթներում, պատկերավոր ասած, «սպանվում» է մրցակցությունը, քանի որ անգամ խոշոր մասնակիցներն արդեն չեն կարող բոլոր մրցույթներին մասնակցել, հետևաբար պետական մարմինները կարող են ուղղորդել իրենց ցանկալի ընկերություններին։
Եվ ամենակարևորը, ըստ Հ. Ենգոյանի, պետական մարմինների հետ պայմանագիր կնքած մասնակցին պահում են մշտական վախի մեջ, քանի որ կարող են անհիմն պատճառներով չընդունել ապրանքը կամ ծառայությունը, դրա հետևանքով, որպես տույժ, տնտեսվարողից գանձել պայմանագրի գնի 110 տոկոսի չափով բանկային երաշխիքի գումար»: