PicsArt Academy. Հայաստանում անվճար կրթության նոր հնարավորություն


PicsArt Academy. Հայաստանում անվճար կրթության նոր հնարավորություն

  • 12-05-2020 15:12:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօրվա մեր նոր իրականությունում հեռավար որակյալ ուսուցման հասանելիությունը դառնում է ավելի արժեքավոր: Այս իսկ պատճառով, PicsArt աշխարհահռչակ ընկերության նոր կրթական հաստատությունը՝ PicsArt ակադեմիան, կարևոր նախաձեռնություն է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար։ 
 
PicsArt ակադեմիան օնլայն և օֆլայն անվճար դասընթացներ կանցկացնի տեխնոլոգիական ոլորտում կրթության հնարավորություն փնտրողների համար։ Ընկերությունն ակադեմիայի ստեղծման հիմքում դրել է ժամանակակից և մեծ պահանջարկ ունեցող գիտելիքի փոխանցման կարիքն ու արդյունավետ դասավանդման տարիների իր փորձը։
 
Մայիս ամսվա սկզբից PicsArt ակադեմիան օնլայն հարթակում մեկնարկել է C++, իսկ ավելի ուշ նաեւ JavaScript ծրագրավորման լեզվի անվճար և առաջին դասընթացները, որոնց շնորհիվ մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ կսովորեն տեղի և միջազգային շուկայում պահանջարկ վայելող ծրագրավորման լեզուները` ձեռք բերելով նաև մասնագիտական շրջանակ ու աշխատանքի լայն հնարավորություններ:
 
«Մենք կարծում ենք, որ մասնագիտական կրթությունը պետք է լինի անվճար և բոլորին հասանելի։ Հայաստանում խելացի շատ երիտասարդներ ունենք, որոնց համար կրթության հասանելիությունը շատ կարևոր է։ Այդ իսկ պատճառով, մենք միավորում ենք մեր ջանքերն ու տարիների փորձը և հանրությանը ներկայացնում PicsArt ակադեմիան՝ ՏՏ կրթության նոր մոտեցումը։ Վստահ եմ, անվճար կրթության այս հնարավորությունը կարճ ժամանակ անց շոշափելի ազդեցություն կունենա Հայաստանի ՏՏ ոլորտում և սկսնակ շատ մասնագետների աշխատանքի հնարավորություն կընձեռի», - նշում է PicsArt ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը:
 
PicsArt ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար, ի թիվս այլ ծրագրերի, առաջնային է համարում հասանելի և անվճար կրթության ապահովումն ու մասնագետների զարգացման հնարավորությունը:
 
Նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում PicsArt ընկերությունն իրականացրել է մոտ 30 երկարատև դասընթացներ ինժեներների և ծրագրավորողների համար: Վերջերս են ավարտվել PicsArt-ի Advanced iOS Camp, Android Camp, Data Science Camp և APM մասնագիտացման դասընթացները, որից հետո մասնակիցների ավելի քան 70 տոկոսը ստացել է կամ պրակտիկայի հնարավորություն կամ աշխատանքի առաջարկ։ PicsArt-ը նաև երկու տարի շարունակ նախաձեռնել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վեցամսյա խորացված դասընթացներ, իսկ դասընթացներից անմիջապես հետո բոլոր շրջանավարտներն աշխատանքի առաջարկ են ստացել։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականից մինչ այսօր PicsArt-ում սովորել և վերապատրաստել են շուրջ 600 մասնագետ։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play