Աղմկահարույց օրենքի ստորագրումը․ ո՞րն է Ռուսաստանի իշխանության հարցը.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Աղմկահարույց օրենքի ստորագրումը․ ո՞րն է Ռուսաստանի իշխանության հարցը.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-05-2020 17:13:45   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է․ 
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է խորհրդարանի ընդունած աղմկահարույց օրենքը, որը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձմանը: Այդ օրենքը հնարավորություն է տալիս պետությանը բռնագանձել գույքն առանց դատարանի որոշման՝ դատարանի որոշմամբ անօրինական ճանաչվելու պարագայում: Հայաստանի կառավարությունը հենց այդ օրենքի ընդունմամբ է բացատրում վերջին շրջանում ներքաղաքական իրավիճակի թեժացումը՝ համարելով, որ այդպիսով նախկին իշխանությունը ներկայացնող շրջանակները փորձում են փրկել յուրացրածը՝ հանրությանը վերադարձվելու հեռանկարից: Օրենքը, իհարկե, ունենալու է կարևորագույն նշանակություն հետագա զարգացումների տրամաբանության վրա ազդեցության առումով, սակայն ներքաղաքական թեժացման առումով՝ օրենքի ընդունումը, որպես բացատրություն, թերևս, առավելապես քարոզչական տիրույթի հարց է, քանի որ խորքային առումով, Հայաստանում ներքաղաքական զարգացումների շարժիչ, խթանիչ գործոններն այլ են և դրանք ընկած են ավելի խոր շերտերում՝ միաժամանակ պայմանավորված արտաքին շրջանակներ ընդգրկող նշանակությամբ հարցերով:
Այդ իմաստով, Հայաստանում ներքաղաքական զարգացումների կամ իրողությունների համար առավել մեծ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի իշխանության խնդիրը, քան Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Որովհետև, եթե, մեծ հաշվով, կան ներքաղաքական հայաստանյան շրջանակներ, կամ նախկին իշխանական շրջանակներ, որոնք կարող են մտածել իրենց գույքը, հարստությունը փրկելու մասին, ապա Ռուսաստանում կան տնտեսա-քաղաքական ազդեցիկ շրջանակներ, որոնք մտածում են Հայաստանում իրենց դիրքն ու ազդեցությունը փրկելու մասին: Պատճառները բավականին խորն են, որոնք կարող ենք ամփոփել մեկ նախադասությամբ՝ Հայաստանը Ռուսաստանի համար կենսական նշանակության տարածք է: Եվ, ըստ այդմ, այն, թե ինչ կանոններով և սկզբունքներով է Ռուսաստանը հարաբերվում Հայաստանի հետ, ինչ կանոններ են Հայաստանի Հանրապետության ու ՌԴ միջև հարաբերության հիմքում, կանխորոշում է Ռուսաստանի իշխանության համար ներհամակարգային պայքարում ուժերի հարաբերակցությունը: Բանն այն է, որ այստեղ էական դեր ունի այն, որ Հայաստանը ՌԴ համար կենսական նշանակության հարց է ոչ միայն ինքն իրենով, այլ նաև ՌԴ համար ոչ պակաս կենսական ուղղություններով սուբյեկտների հետ իր հարաբերության կամ հակադրության բնույթով՝ տվյալ դեպքում Ռուսաստան, Ադրբեջան: Ահա այդ իմաստով, Հայաստանում առաջիկայում երբեք պետք չէ ակնկալել հանգիստ ներքաղաքական կյանք, քանի դեռ Ռուսաստանում լուծված չէ իշխանության հարցը՝ 2024 թվականի հեռանկարի համատեքստով:
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է ՀՀ վճռաբեկ դատարանում: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 27-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան և միջնորդել բեկանել Վերաքննիչ դատարանի կողմից հունվարի 23-ին կայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը: Խոսքն այն որոշման մասին է, որով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանվեց, համաձայն որի՝ վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը լրագրողական աղբյուրը բացահայտելու համար: ՀՔԾ-ն վերծանել էր Քնար Մանուկյանի անձնական հեռախոսահամարի ելքային և մուտքային զանգերը, որպեսզի պարզի՝ ով կարող էր «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին տալ. Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում:
Եվ 2020 թվականի հունվարի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել: Եվ, ահա, Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկեց կայացված վճիռը՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված դատավճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից: Ընդգծենք, որ շատ հազվադեպ է եղել, երբ որոշումը բեկանելու միջնորդություն ներկայացնում է հենց գլխավոր դատախազը. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ Այսինքն՝ գլխավոր դատախազի կողմից բերված փաստարկները համոզիչ չեն եղել ՀՀ վռաբեկ դատարանի համար, ինչի արդյունքում դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել լրագրողի օգտին կայացված որոշման բողոքը:
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված այս որոշումը կարելի է համարել նախադեպ, որը կարող է օգտագործվել լրագրողների կողմից իրենց իրավունքները պաշտպանելու համար: Սա նշանակում է, որ ՀՀ ՀՔԾ-ն՝ ի դեմս պետ Սասուն Խաչատրյանի, ապօրինություն է թույլ տվել, որի համար պետք է պատասխանատվություն կրի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց: Այդ որոշումը, կարելի է ասել, հաղթանակ է ՀՀ-ում գործունեություն ծավալող բոլոր լրագրողների համար»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ով Երևանի պետհամալսարանի ռեկտոր դառնալու հավակնություններ է դրսևորում, Սերժ Սարգսյանի վտարանդի փեսա Միքայել Մինասյանի հովանավորյալներից է:
Պարզվում է՝ Մելքոնյանը վերջերս Մինասյանի ստեղծած Հասրաթյան-Մինասյան հիմնադրամից 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է ստացել: Հիմնադրամը յուրայիններին ֆինանսավորելու լեգալ միջոց է»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երեկ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում կայացած նիստը կրկին անցել է հանգիստ մթնոլորտում: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարցերին պատասխանել է շատ կարճ ու կոնկրետ:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի մարտի 1-ին նախկին վարչապետը ԱԺ ամբիոնից ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկավ. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»: Երեկ Ազգային ժողով ներկայանալու առիթը 3 տարի առաջ ունեցած այդ ելույթն էր:
Հանձնաժողովականները հետաքրքրվել են Կարապետյանից. պնդո՞ւմ է իր տեղեկությունը, և արդյո՞ք կարող է փաստեր ներկայանցել: Կարապետյանը, մեր տեղեկություններով, ի պատասխան հայտարարել է, թե այդ տեղեկություններն ինքը տարբեր զինվորական շրջանակներից է լսել և այլ ասելիք չունի: Նշենք, որ մեր տեղեկություններով այն զինվորականները, ովքեր քննիչ հանձնաժողով են եկել, հերքել են տեղեկությունը, թե դիզվառելիքի խնդիր է եղել: Ու հիմա քննիչ հանձնաժողովը չի կարողանում այդ ինֆորմացիայի «պոչը բռնել», որպեսզի վերջնականապես բացահայտի. արդյո՞ք ապրիլյան պատերազմի օրերին հայկական բանակն ունեցել է դիզվառելիքի դեֆիցիտ կամ որակի խնդիր:
Նշենք, որ խորհրդարանի քննիչ հանձնաժողովի հաջորդ «հյուրը» պետք է լինի ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը, որի հետ հանձնաժողովը նպատակ ունի տեսակապով զրուցել, քանի որ նա ՌԴ-ում է բնակվում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովը փորձելու է Նալբանդյանից պարզել, թե ՀՀ ՊՆ ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի ինչ համաձայնագիր է ստորագրել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև, իսկ ահա 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Արցախը դուրս թողնելով գործընթացներից, ինչը մեղմ ասած ամենաանցանկալի ելքը կարելի է համարել։ Արդյո՞ք այս հարցերի պատասխանները կկարողանան հանձնաժողովականները ստանալ Էդուարդ Նալբանդյանից, թե ոչ, ժամանակը ցույց կտա»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակելուց հետո ԱԱԾ-ում սկսված խմորումները չեն դադարում։ Ավելին՝ դրանք նոր զարգացումներ են ստանում։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ խմորումների հողի վրա աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ ազատման դիմում է գրել նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, սակայն նրա դիմումը դեռ չի հաստատվել։
Արդյոք պատճառը կոնկրետ Քյարամյանի նշանակո՞ւմն է եղել՝ հարցրեցինք մեր աղբյուրից։ Նման պատահական համընկնումներ չեն կարող լինել՝ եղավ պատասխանը։ Ի դեպ, ԱԱԾ-ում արդեն լուրեր են շրջանառվում, որ Քյարամյանին պատրաստում են ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար»։
 
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում. իշխանությունները ձեռնամուխ են եղել արմատապես փոխել դեսպանների կադրային բանկը։
Բանն այն է, որ գործող իշխանությունը դժգոհ է արտաքին քաղաքականության պատասխանատուների աշխատանքից։ Մեր տեղեկություններով, մոտ մեկ տասնյակից ավելի դեսպաններ ու դեսպանատների բավականին երկարամյա աշխատակիցներ (կցորդներ, հյուպատոսներ ու դեսպանորդներ) առաջիկայում կազատվեն աշխատանքից։
Ի դեպ, դեսպանների աշխատանքից դժգոհելու հետ կապված իր դիտարկումներն օրերս ելույթներից մեկում ներկայացրել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ արտաքին քաղաքականության որոշ ներկայացուցիչներ զբաղված են տարբեր կոռուպցիոն հանցագործություններով և բիզնես գործունեությամբ։
Մենք տեղեկություն ունենք նաև, որ Փաշինյանը համապատասխան կառույցներին հորդորել է դեսպանների վերաբերյալ հատուկ զեկույցներ պատրաստել իրենց բոլոր ժամանակների գործունեության հետ կապված։ ԱԳՆ մեր աղբյուրը փոխանցել է, որ որոշ կրտսեր աշխատակիցների արդեն բանավոր զգուշացվել է «կամաց հավաքել իրենց իրերը»։
Մեր աղբյուրները պնդում են, որ վերջին մի քանի ամիսներին ակտիվ լոբբինգ է ընթանում տարբեր թեկնածուների այս կամ այն երկրում դեսպան կամ այլ պաշտոնների նշանակելու համար: «Ձեռքի հետ» նաև նախնական «քասթինգ» է իրականացվում»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործը ակտիվորեն քննվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Հարցաքննվում են գործով ականատես վկաները, ծեծկռտուքի մասնակիցները։
Երեկ այս գործով հարցաքննվել է նաև Դավիթ Ջալալյանը, որը ականատես է եղել միջադեպին և փորձել է «բաժանել» վիճաբանության կողմերին։ Դավիթ Ջալալյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ, սակայն հարցաքննության բովանդակության մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չբացահայտելու մասին։
«Քննիչը նախազգուշացրել է, որ հարցաքննության բովանդակությունը նախաքննական գաղտնիք է, և չեմ կարող այն հրապարակել։ Միայն կարող եմ ասել, որ պատմել եմ այն ամենը, ինչ տեսել եմ իմ աչքով»,- ասաց Ջալալյանը։
Հիշեցնենք նաև, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարություն եղավ, որ հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով ապրիլի 3-ին Ազգային ժողովը 85 համակարգիչ է ուղարկել Տավուշի մարզի և Գեղարքունիքի մարզի 4 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներին: Այս մասին հայտնել էր անձամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Տավուշի մարզի բնակիչներից տեղեկություն հասավ, որ տրամադրված համակարգիչների մեջ եղել են չաշխատող սարքեր, որոնք բնակիչները հետ են վերադարձրել մարզպետարան։
Մեզ դիմած անձը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, որ համակարգիչը վերադարձել է մարզպետարան և խնդիրն այլ ձև է կարգավորել: Ընդ որում, տեղեկացանք, որ սա միակ դեպքը չէ: Անսարք համակարգիչների վերադարձման դեպքեր գրանցվել են նաև այլ մարզերում։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք տրամադրված համակարգիչներն անսարք են եղել: Եթե այո, ապա ինչո՞ւ են դրանք փոխանցվել անապահով բնակիչներին։ Ի պատասխան՝ Տիգրան Գալստյանը հայտնեց, թե կոնկրետ իրենց համակարգիչ հետ չի վերադարձվել: «Մենք բոլորը ստուգել ենք, որևէ անսարք համակարգիչ չի եղել: Մեզ չեն դիմել անսարքության հետ կապված։ Ասեմ, որ համակարգիչներ տրամադրում ենք ընտանիքների, որոնք համակարգիչ չեն ունեցել, հետևաբար պատրաստակամություն ենք հայտնել՝ եթե խնդիր լինի, անգամ վերանորոգենք: Ավելին ասեմ, հատուկ գնում ենք կազմակերպել, որ վեբ տեսախցիկներ էլ ունենան», – նշեց նա՝ հավելելով, որ իրենց այս ընթացքում մեկ անգամ են դիմել: «Մեզ դիմել են մի անգամ, որի պատճառը եղել է update-ները ծրագրային ապահովման, որ օգտատերը սխալ քաշել է համացանցից», – նշեց նա: Այսպիսով, թեև անսարք համակարգիչները բնակիչների կողմից վերադարձվել են, բայց ԱԺ չեն հասել»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է 2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:
Այս ծրագիրը հաստատվել է ներկա իշխանությունների գործունեությունից դժգոհ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք: Կարապետյանը երևի նախատեսել էր, որ այս կառույցը ևս կանցնի իր յուրայիններից որևէ մեկին, բայց չհասցրեց կյանքի կոչել այդ հակապետական ծրագիրը, ինչից էլ երևի խիստ դժգոհ է»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում պաշտոնապես ամենից շատ մահանում են սրտանոթային և օնկոլոգիական հիվանդություններից: Հիվանդությունների «սև ցուցակ»-ի առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Մեր հանրապետությունում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա առաջին եռամսյակում մահացել է 4 հազար 106 մարդ: Ըստ մասնագետների՝ պատճառն այն է, որ բնակչության գերակշիռ մասի համար, որը հաց վաստակելու խնդիր ունի, անհասանելի է բժշկական ծառայությունը, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը: Էլ չենք խոսում վիրահատական միջամտության մասին. սրտի միայն մեկ անոթը ստենտավորելու համար մոտ մեկ մլն դրամ է անհրաժեշտ: Դրա հետևանքով բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար:
Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Մեր հանրապետությունում այս տարվա հունվար-մարտին նորագոյացություններից մահացել է 1372 մարդ: Այս դեպքում, մասնագետների պնդմամբ, և՛ սթրեսը, և՛ շրջակա միջավայրը, և՛ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում այս հիվանդության աճի վրա»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Երիտասարդական պալատը վերականգնելու համար նախորդ տարի քաղաքացիական նախաձեռնություն էր ստեղծվել, որտեղ ընդգրկվել էին տարբեր բնագավառների ներկայացուցիչներ ու արվեստագետներ: 2019թ. ամռանը ժողով էր եղել, որտեղ այս հարցով մշտական զբաղվելու որոշում էր կայացվել:
Այս մասին «Փաստի» հետ զրույցում պատմեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը ևս ներգրավված է աշխատանքներում: Սա միայն նախապատմությունն էր: Մեր զրույցի թեման այն արդյունքն է, որին արդեն այս փուլում հասել են նախաձեռնության անդամները: Օրերս Երիտասարդական պալատի վերականգնման եռաչափ մոդելն է ներկայացվել, որի հեղինակը «A3 Architects» ճարտարապետական արվեստանոցն է:
«Անցած տարվա ամռանը տեղի ունեցած ժողովին հաջորդեցին ուսումնասիրությունները, ի վերջո, եկանք այն հայտարարի, որ Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար: Նաև նամակ ենք գրել կառավարությանն ու պետական գույքի կառավարման կոմիտեին:
Այնտեղ ներկայացրել ենք այն իրավական հիմքերը, որոնք պետք է ուսումնասիրվեն, որովհետև պայմանագիրը, որով սեփականաշնորհված էր երիտասարդական պալատը, կատարված չէր, և կային բազմաթիվ խախտումներ: Այդ ամենին զուգահեռ՝ սկսեցինք կազմել գծագրեր, և այդ գծագրերի հիման վրա ստեղծեցինք վերականգնման եռաչափ մոդելը»,- ասաց ճարտարապետը՝ նշելով, որ այս պահին աշխատանքները կարանտինի պատճառով սառեցված են:
«Երիտասարդական պալատի սեփականաշնորհման գործընթացում ինձ համար դեռ մինչ այսօր անհասկանալի հարցեր են մնացել: Նախ՝ այն սեփականաշնորհվեց կոպեկներով, նաև վերակառուցման ինչ-որ նոր նախագծեր ներկայացրեցին, որոնցից և ոչ մեկը չընդունվեց ու չսիրվեց ժողովրդի կողմից: Ի վերջո, այն պարզապես քանդեցին, և երկար տարիներ Երիտասարդական պալատի տարածքն անօրինական, առանց լիցենզիայի ծառայեց որպես բազալտի մշակման տեղ:
Ըստ պայմանագրի, պետական ներդրումային ծրագիր պետք է լիներ, 5 մլն դոլար գումար պետք է ներդրվեր երիտասարդական պալատն արդիականացնելու նպատակով: Դրա փոխարեն, սակայն, շենքը քանդեցին ու գրեթե 8 տարի քաղաքի կենտրոնում բազալտե խիճ էին աղում»,- ասաց նա:
Հեղինակները դեռ չեն հաշվարկել, թե որքան գումար և ժամանակ է պետք Երիտասարդական պալատի վերականգնման համար:
«Մենք այդ փուլին դեռ չենք մոտեցել, որովհետև իրականում կան բազմաթիվ խնդիրներ: Այդ տարածքը օգտագործելու ժամանակ բազմաթիվ նորմատիվներ են խախտվել: Այդ բարձունքը խիճ աղալու հետևանքով մոտ 10-12 մետր իջել է: Կա խնդիր այդ բարձունքը նաև վիզուալ տեսքով վերականգնելու առումով: Բացի այդ, կան մի շարք փոխկապակցված խնդիրներ, որոնք դեռ հնարավորություն չեն տալիս վերջնական հասկանալ, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ:
Բայց մենք կմոտենանք այդ փուլին: Երբ վերսկսենք մեր աշխատանքները, ուսումնասիրությունների արդյունքում կկարողանանք հայտարարել, թե որքան գումար և ինչ ժամկետներ են անհրաժեշտ Երիտասարդական պալատը վերականգնելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը:
Անահիտ Թարխանյանը նշեց, որ վերջերս Երիտասարդական պալատի վերաբերյալ իրենց հիացմունքն են հայտնել նաև օտարերկրյա մասնագետները:
«Հայկական մոդեռնիզմի թանգարանի բացման նախօրեին Շվեյցարիայից շատ մեծ խումբ ճարտարապետներ էին ժամանել Հայաստան: Երբ նրանք թանգարանում տեսան Երիտասարդական պալատի նկարները, ասացին՝ «Երիտասարդական պալատը քանդելը հավասարազոր կլիներ Էյֆելյան աշտարակը քանդելուն»:
Ես ամբողջությամբ համամիտ եմ ճարտարապետների հետ, որովհետև Երիտասարդական պալատն այնքան համահունչ էր միջավայրին ու այնքան ճիշտ ձևով էր կառուցված, որ, ի վերջո, դարձավ Երևանի խորհրդանիշը: Այն շատ մեծ դեր ուներ, այն մի մեծ հարթակ էր, ուր միավորվում էին երիտասարդները:
Մի կողմից՝ շատ ազգային էր՝ իր ներքին ծավալատարածական լուծումների տեսանկյունից: Մյուս կողմից՝ ժամանակակից ու արդիական, հայտնի իր պտտվող սրճարանով: Այն հայերի նաև ինժեներական մտքի նվաճումն էր:
Երիտասարդական պալատով մենք մի քանի տարվա մեջ միջազգային ճարտարապետության մեջ դարձանք առաջատարներից մեկը:
Հիմա դժվար է հասկանալ, թե հատկապես որոնք էին այն հիմնական պատճառները, որ այդքան սիրված դարձրին շինությունը: Դժվար է ասել, բայց այն իսկապես խորհրդանիշ դարձավ ու առաջին իսկ օրվանից սիրվեց ժողովրդի կողմից: Երիտասարդական պալատի այդ կարևորությունը մենք այսօր էլ ենք զգում»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:
 
«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանի քաղաքական օրակարգն այնքան սնանկ է, որ հասել է ընդհուպ հայհոյանքի մակարդակի։ Այսօր քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման հայհոյանքն է`ով ում հայհոյեց, ով պիտի ներողություն խնդրի, ով ավելի լավ տղա է, ով բռնության ամենաթունդ կոչը կհնչեցնի ու կարժանանա իշխանականների բուռն ծափահարություններին։
Այսքան տափակաբանություն ու անհեթեթություն դժվար է պատկերացնել. սա՞ է ձեր խոստացած որակը։ Արդեն քանի օր է քաղաքականությունը պտտվում է «մայր հայհոյելու» շուրջ, դուք այլ անելիք չունե՞ք, չե՞ք կարող, ձեր ասած, տղա լինել ու առանց ամբիոնից հոխորտալու, նստել-խոսել, քննարկել ու հարթել իրավիճակը։
Ու ամենակարևորը՝ հանրության աչքից հեռու, որովհետև արդեն զզվելի ու զազրելի է այս ամենը։ Իշխանությունն իբր պիտի հանդուրժող լինի, բայց հենց իշխանության ակտիվ ջանքերով այսօր խորհրդարանը վերափոխվել է փողոցի «բեսեդկայի»։ Մայիսի 8-ի ծեծկռտուքն արդեն պիտի սթափեցներ իշխանությանը, բոլորը պիտի ջանային այդ միջադեպն արագ հարթել, բայց ավելի են խորացնում ամեն ինչ, այն էլ՝ ԱԺ ամբիոնից։
Եթե մոռացել են, պատգամավորներին նախ պիտի հիշեցնել, խորհրդարանը քաղաքական բանավեճի «տեցի կռուգ» չէ, խորհրդարանի ամբիոնը հաշիվներ մաքրելու, միմյանց սպառնալու հարթակ չէ և, ի վերջո, ինչպե՞ս կարող է խորհրդարանական երկրի խորհրդարանն արտակարգ իրավիճակում այսքան անհաղորդ, անտարբեր լինել մարդկանց ուսերին կուտակված հազարավոր խնդիրների հանդեպ։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play