Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին


Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին

  • 27-05-2020 19:05:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով (հղումը՝ https://www.armstat.am/file/doc/99518948.pdf) ևս արձանագրվեցին կարևոր այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում էինք դեռևս ամիսներ առաջ՝ նոր համաճարակի տարածման նախնական փուլում:
 
2020թ. մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում տնտեսական ակտիվությունը նվազել է 4,4 տոկոսով, իսկ ապրիլին արդեն՝ 17,2 տոկոսով: Աննախադեպ բացասական այս միտումն արդեն իսկ հանգեցրել է 2020թ. առաջին չորս ամիսների տնտեսական ակտիվության 1,7 տոկոս անկման:
 
Առավել մտահոգիչ է այն, որ ապրիլին միջինից էապես բարձր անկման ցուցանիշներ են արձանագրվել տնտեսության աշխատատար ճյուղերում՝ շինարարություն (-51 տոկոս), առևտուր (-33,1 տոկոս), իսկ արտահանումը կրճատվել է 30,3 տոկոսով:
 
Ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներին պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի և գործազրկության մակարդակի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել: Սակայն ակնհայտ է, որ այս ցուցանիշները ևս դրսևորել են բացասական միտումներ:
 
Մասնագիտական տարբեր գնահատումներով տնտեսական ակտիվության անկումը շարունակվելու է նաև հաջորդ ամիսներին: Իհարկե, անկման այս տեմպն ու դրա սոցիալական հետևանքները առաջնային պայմանավորված են պետական աջակցության ծրագրերի բնույթով և արդյունավետությամբ:
 
Այս իրավիճակում սոցիալական հետևանքների ամփոփ գնահատման առումով հիմնական և առաջնային գործոններ են՝ ցածր վարձատրությամբ աշխատողների, ինքնազբաղվածների, փոքր և գերփոքր ձեռնարկությամբ զբաղվող անձանց կայուն եկամուտների ժամանակավոր կորուստը և հետագա վերականգնման իրական ռիսկը:
 
Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020թ. ապրիլին այս գործոններով արձանագրվել է աննախադեպ բացասական պատկեր.
 
9 հազարից ավելի կազմակերպությունների մոտ 31 հազար գրանցված աշխատողներ COVID-19-ի հետևանքով գտնվել են հարկադիր պարապուրդում և չեն ստացել աշխատավարձ,
այս աշխատողների միջին ամսական իրական աշխատավարձը կազմել է շուրջ 60 հազար դրամ,
պարզ է, որ այդ 31 հազար աշխատողները հիմնականում աշխատող աղքատներ են, իսկ նրանց ընտանիքներում ապրում է շուրջ 120 հազար մարդ,
այդ 9 հազար կազմակերպությունները զբաղվում են փոքր և գերփոքր ձեռնարկատիրությամբ, հետևաբար՝ եկամուտ չեն սատցել նաև այս տնտեսվարողները:
Պաշտոնական նույն աղբյուրի համաձայն, առանց այդ 31 հազար աշխատողների զրոյական վարձատրության ցուցանիշի հաշվառման՝ 2020թ. ապրիլին շուրջ 10 տոկոսով բարձրացել է միջին ամսական աշխատավարձը մեր երկրում: Ընդհանուր առմամբ, իհարկե դրական է միջին աշխատավարձի բարձրացումը, եթե դա իրական արձանագրումն է:
 
Սակայն նկարագրված պատկերը մնում է առավել, քան մտահոգիչ: Սա բնութագրում է նաև առկա օբյեկտիվ իրավիճակին պետական աջակցության հակաճգնաժամային ծրագրեի անհամարժեքությունը:
 
Հենց նաև կյանքի կոչված այս ռիսկերը հաշվի առնելով էինք առաջարկում պետական մարմիններին, որ իրականացնեն անհրաժեշտ կանխարգելիչ ծրագրեր՝ առաջնային ու բավարար չափով թիրախավորելով ցածր եկամուտ ունեցողների վարձատրության կորստի ռիսկերը:
 
Ի սկզբանե բազմիցս ենք ներկայացրել փաստարկներ, որ նման պայմաններում գործատուներն ունեն ընտրություն կատարելու երկու հիմնական այլընտրանքներ.
 
դադարեցնել տնտեսական գործունեությունը և չկատարել իրենց համար եկամուտ չապահովող ծախսեր՝ հարկադիր պարապուրդի վճարումներ,
պարապուրդի ժամանակ վճարել իրենց աշխատողներին, որը կունենար սոցիալական կարևոր նշանակություն, եթե պետությունը բավարար չափով իր վրա վերցներ այդ ծախսերի մի մասը՝ պետական մասնակի սուբսիդավորում, հարկերի և պարտադիր այլ վճարների զիջում և այլն:
Ցավոք սրտի մեր մտահոգությունները կյանքի կոչվեցին` փոքր ձեռնարկատիրության ոլորտի շուրջ քառորդ մասն ընտրեցին առաջին տարբերակը և այդ ոլորտում աշխատողների շուրջ մեկ երրորդն ամբողջությամբ կորցրեցին իրենց կայուն վարձատրությունը: Հետևանքները վերացումը պահանջելու է նաև անհամեմատ ավելի շատ պետական լրացուցիչ միջոցներ՝ անապահովության նպաստներ և օգնություններ վճարելու համար:
 
Առանձին քննարկման հարց է, թե այս գործատուները հետագայում աշխատանքային ի՞նչ վեճեր են ունենալու հարկադիր պարապուրդը չվճարելու համար, եթե հաշվի առնենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի խնդրահարույց վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան 2020թ. մայիսի 8-ին, սակայն տարածվում են մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս առումով ևս հայտնել ենք մեր մտահոգությունները:
 
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն