Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին

28-05-2020 11:48:55   | Հայաստան  |  Մշակույթ
 


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագիրը կրող վարպետաց դասերի երրորդ պարապմունքը վարեց մեր ժամանակների ամենատաղանդավոր թավջութակահարուհիներից մեկը՝ Անյա Լեխները։ 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացառիկ հնարավորություն է ընձեռում երաժիշտներին մասնակցելու աշխարհում մեծ համբավ ունեցող երաժիշտների, մանկավարժների անվճար վարպետաց դասերին և կատարելագործելու մասնագիտական հմտությունները։ 
 
Առցանց դասն Անյա Լեխները վարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահարուհի Վարդուհի Միրզոյանի հետ, դասին հետևում
էին բազմաթիվ երաժիշտներ։ Վարպետաց դասի ծրագրում Յոհան Սեբաստիան Բախի Սյուիտ մենանվագն էր թավջութակի համար։ Վարդուհի Միրզոյանը կատարում էր Բախի ստեղծագործությունը, իսկ Անյա Լեխները մանրակրկիտ աշխատում էր, իր խորհուրդները տալիս կատարմանը զուգահեռ։
 
Թավջութակահարուհի Վարդուհի Միրզոյանը նկատում էր, որ նման դասերը շատ կարևոր և ուսանելի են։ Մասնավորապես, դասը շատ բան տվեց իրեն ինչպես կատարման տեխնիկայի նրբությունների, այնպես էլ Բախի ստեղծագործությունն ավելի խորը հասկանալու, մեկնաբանելու առումով։ Թավջութակահարուհին նկատում է, որ մինչ առցանց դասն ինքը համացանցում գտնել և ունկնդրել է Անյա Լեխների՝ Բախի նշված ստեղծագործության կատարումը, ինչն իր համար տպավորիչ էր։ Ըստ թավջութակահարուհու՝ հետաքրքիր է ծանոթանալ նաև արտասահմանցի երաժիշտների դասավանդման մեթոդներին։
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր գործունեության ընթացքում մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին, և նման առցանց դասերը, որ լինելու են շարունակական, միտված են երիտասարդ կատարողների մասնագիտական կարողությունները կատարելագործելուն, նրանց կատարողական տարբեր դպրոցներին ծանոթացնելուն։ 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 337 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար