Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն. ՀԺ
28-05-2020 15:43:24 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Մայիսի 24-ին Քաջարանում տեղի ունեցած հավաքի մասնակիցներից այս պահի դրությամբ 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ առաջարկելով առավել մանրամասն տեղեկատվության համար դիմել գրավոր կարգով:
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մերձավոր շրջապատից 4 անձի, ինչը զայրացրել էր մարզի բնակիչներին: Ողջ օրվա ընթացքում նրանք բողոքի ակցիա էին անցկացրել ոստիկանության Կապանի բաժնի դիմաց: Ահազանգ էր եղել նաեւ ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնության վերաբերյալ, ինչի առնչությամբ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ ձերբակալությունները իրականացվել են ՔԿ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում անձի առեւանգմանը, ծեծին եւ թմրանյութերի փաստի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում: Ձերբակալվածներն ազատ են արձակվել, նրանցից երեքին արդեն առաջադրվել են մեղադրանքներ, միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: