Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. Արման Թաթոյան


Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. Արման Թաթոյան

  • 05-06-2020 16:14:36   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այսօր ոստիկանների կողմից դիմակ չկրելու պատճառով քաղաքացուն բերման ենթարկելու համացանցում տարածված տեսանյութին՝ գրել է. 
 
«Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ
 
Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բերման ենթարկված քաղաքացու հետ առանձնազրույցի, նրա իրավունքներին վերաբերող այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:
 
Այս պահին կարող եմ ասել, որ բերման ենթարկելու պատճառ է քաղաքացու կողմից դիմակ կրելու Պարետի որոշման պարտադիր պահանջի չկատարումը:
 
Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են:
 
Մասնավորապես, չնայած Ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներին առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց, Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև հատուկ միջոցի գործադրումը:
 
Օրենքն, իհարկե, Ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է: Իհարկե, ուժեղ Ոստիկանությունը կարևոր պայման է մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն Ոստիկանության ծառայողների գործողությունները ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել նաև անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով:
 
Իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն այդ կապակցությամբ պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ։ Ուստի, բոլոր հարցերը պետք է պարզվեն ստուգմամբ:
 
Հ․Գ․ Բոլոր քաղաքացիներին նորից եմ կոչ անում անվերապահ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play