«Թվերը չպետք է սարսափեցնեն. հանրության մեջ իմունային պաշտպանիչ շերտ է ձևավորվում, որը կբերի համաճարակի մարմանը». առողջապահության նախկին նախարար

05-06-2020 18:33:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը
 


– Պարո՛ն Մկրտչյան, վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը արագ տեմպերով տարածվում է Հայաստանում, երեկ 515, այսօր՝ 697 վարակակիր: Վարչապետը զգուշացրեց՝ հիվանդանոցներում տեղերը սպառվում են: Առողջապահության համակարգը չի՞ կարողանում դիմադրել այս վարակին:
 
– Նախ՝ դեպքերի աճի հետ կապված՝ դա մեր հնարավորությունների և
նաև գոյություն ունեցող գործիքակազմի
միջոցով հայտնաբերված դեպքերն են: Որքան շատ են թեստավորում, որքան շատ է շրջանակը մեծանում, այնքան հայտնաբերումը ավելանում է: 
 
Դրանք վարակակիրներն են, կոնտակտի մեջ եղած մարդիկ: Կանխատեսել էինք, որ այսօր մոտ 400 հազար ասիմպտոմ վարակակիր կա մեր երկրում, այսինքն՝ անգամներով ավելի է վարակված մարդկանց թիվը մեր երկրում, քան մենք կարողանում ենք հայտնաբերել: Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություններին բնորոշ համաճարակի զարգացման տեմպեր են: 
 
Այսինքն՝ հայտնաբերման այս թվերը չպետք է սարսափեցնեն, մյուս կողմից էլ՝ հանրության մեջ իմունային պաշտպանիչ շերտ է ձևավորվում, որը կբերի համաճարակի մարմանը: 
 
Եթե նույնիսկ ես սխալվում եմ, ապա եթե անդրադառնանք երկու «ծավալուն հրդեհ» տեղի ունեցող երկրների՝ Իսպանիայի և Իտալիայի դինամիկ պրոցեսներին, արձանագրվում էր մահվան և հիվանդության տարածման ամենաբարձր ցուցանիշները: 
 
Բայց հիմա տեսնում ենք, որ պրոցեսը նվազում է, և մահվան ու վարակակիրների դեպքերը շատ նվազել են: Մահվան դեպքեր նույնիսկ չեն արձանագրվում: Այսինքն՝ համաճարակային պրոցեսն ընթանում է իր կանոններին համապատասխան: Որքանո՞վ ենք կարողանում մենք միջամտել, պետք է նայենք տեսնենք՝ ինչ են արել այդ երկրները, նրանք հրաշք չեն գործել: Իսպանիան և Իտալիան ուշ փակվեցին, այն ժամանակ, երբ բնակչությունը հասցրել էր վարակի միջով անցնել: 
 
Առողջապահության համակարգը շատ ծանր վիճակում էր: Այդ ժամանակ նոր կտրուկ սահմանափակումներ մտցրին, բայց արդեն բնակչությունն իմունացվել էր: Երբ առողջապահության համակարգը դուրս եկավ այդ վիճակից, հիմա այդ երկրներում երկրորդ փուլն է ընթանում, այսինքն՝ մարդկանց մոտ արդեն իմունային շերտ է առաջացել, և նրանք չեն հիվանդանում: Այսինքն՝ համաճարակը մարում է: 
 
Մեզ մոտ երբ սկսվեց 200-250 դեպք արձանագրվել, այդ ժամանակ մենք թևակոխեցինք պիկի սկիզբ: Հիմա այս 500-ը կկրի հորիզոնական բնույթ, մենք ևս մի քանի օր կունենանք այս թիվը, և ես ակնկալում եմ նվազման միտում, քանի որ նաև միանում է բնակչության միանալն այդ պրոցեսին: 
 
– Արդյոք ճի՞շտ է մեղադրել հասարակությանը վարակի տարածման մեջ, որքանո՞վ է հասարակությունն իր անկարգապահությամբ նպաստում վիրուսի տարածմանը, թե՞ ի սկզբանե մեխանիզմներն այլ կերպ պետք է ներդրվեին:
 
– Տեսեք՝ համաճարակի դեպքում կա համաշխարհային մի քանի կանոն: Պետք է կանխարգելել, իսկ կանխարգելման մեթոդաբանությունը պատվաստանյութն է, որ պատնեշ կստեղծի, բայց պատվաստանյութ չկա աշխարհում: 
 
Եվ երկրորդ հերթին պետք է հետևյալն անել. ես երբ ԱԺ պատգամավոր էի 2004 թվականին, պատգամավորներից մեկը մոտեցավ, ասաց՝ բժիշկ ջան, գրիպ եմ, ինչ պետք է անեմ, ասացի՝ ինչ պետք է անես, հեռու կանգնիր: 
 
Քաղաքացին պետք է զգոն լինի և պաշտպանվի: Եվ հիմա հանդիպել ենք համաճարակի, որն արագ տարածման բնույթ ունի, պետք է լվացվել, դիմակ կրել, իրարից սոցիալական հեռավորություն պահպանել: 
 
Հիմա եթե ամբողջ ժողովրդին փակենք, բոլոր մուտքերի և տների առջև ոստիկաններ կանգնեցնենք և չթողնենք մարդիկ դուրս գան, որքա՞ն ժամանակ փակենք, քանի՞ ամիս փակենք:
 
– Այսինքն՝ խիստ կարանտինի անցնելու անհրաժեշտություն չկա՞:
 
– Անիմաստ է, քանի որ նորից տնից դուրս են գալու, վարակեն, և ավելի բարդ իրավիճակ է լինելու: Իրականում ամբողջ աշխարհում հայտարարված թվից մի քանի անգամ շատ են վարակվածները: 
 
Այսինքն՝ եթե մենք հիմա շատ կտրուկ փակենք ամեն ինչ, երբ դուրս գանք, հանդիպելու ենք այս հիվանդությանը ավելի թուլացած, ավելի ծանր իրավիճակում կլինենք: Այն երկրները, որոնք նման մեթոդաբանություն են կիրառել հենց վարակի սկզբից, վաղ թե ուշ կանգնելու են այս պրոբլեմի առաջ, այսինքն՝ դուրս են եկել և նորից սկսել է աճել հիվանդության և մահվան դեպքերը:
 
– Մահերն ինչո՞ւ են այսքան շատ Հայաստանում:
 
– Սա մեկ բացատրություն ունի՝ մենք իրականում չափելու գործիք չունենք՝ որքա՞ն է մեր հանրային առողջությունն ամուր, որքանով ենք կարողանում դիմակայել այս հիվանդությանը: 
 
Դրա համար երկրորդ գործոնը՝ որքանո՞վ է պատրաստ մեր առողջապահության համակարգը ծանր վիճակներում գտնվող հիվանդներին դուրս բերելու: Երրորդ գործոնը՝ մեր քաղաքացիներին է մատնանշվում, ուշացումով դիմելու հետևանք է: 
 
Փորձում են շաբաթներ թեյ խմելով լավանալ, արդեն թոքաբորբ է սկսվում, նոր սկսում են ահազանգել: Եվ ես չեմ լսում, որ բոլորը կոչ անեն՝ առաջին նշաննների ժամանակ, այսինքն՝ համի և հոտի զգացողության կորուստն է և ջերմություն, այդ դեպքում անմիջապես պետք է դիմել պոլիկլինիկա: 
 
Եվ մեր կարևոր բացթողումներից մեկն եմ ուզում մատնանշել, որ մենք առաջնային բուժօգնության համակարգը շատ ուշ ներգրավեցինք այս հիվանդության դեմ պայքարին: 
 
Իսկ դա հզոր համակարգ է, թեև մեր բնակչությունը խորհրդային ժամանակներից պոլիկլինիկային համակարգի նկատմամբ հավատ չունի, բայց այդ մենթալիտետը պետք է փոխվի: Եվ ես արդեն 15 տարի է՝ բարձրաձայնում եմ, որ մեր առաջնային բուժօգնության համակարգը ներդրումների, գիտելիքների կարիք ունի:
 
– Ամենամեծ բացն այն է, որ առաջնային բուժօգնության համակարգը չներգրավեցի՞ն այս պայքարին:
 
– Մենք սկզբից կարող էինք չփակվել, կարող էինք բաց թողնել: Պետությունը կարող է բոլորին մահակներով ուղարկել տներ և թույլ չտա դուրս գալ, բայց դա միայն հնարավորություն կտա առողջապահության համակարգում մի փոքր փոփոխություններ, շտկումներ անել և մահճակալներ տեղադրել: 
 
Նոր հիվանդանոցներ ներգրավել, իսկ համաճարակի մարման համար ոչ մի արդյունք չի տա: Եվ գտնում եմ՝ կառավարությունը ճիշտ է անում այս ընթացքը պահպանելով: Ամեն մեկը հիմա դարձել է համաճարակաբան, բայց պրոցեսները միայն Հայաստանով չպետք է դիտարկել: 
 
Պարզապես բնակչությանը ավելի շուտ էր պետք միացնել այս պրոցեսներին, և կառավարությունը այս պրոցեսի հետ կապված շատ քիչ անելիքներ ունի: Երբ լայնածավալ տարածում է գտնում, կառավարության գործիքները շատ քիչ են, ամեն անհատի կողմից ուշադրություն պետք է ցուցաբերվի: Իսկ հիմա հասարակության 70 տոկոսը չի հավատում, ասում է՝ այդպիսի հիվանդություն չկա:
 
Մենք երեք տարրական բան պետք է անենք, չենք անում, ասում ենք՝ կառավարություն, այս ինչ ես անում: Մենք ընդամենը պետք է դիմակ կրենք, լվացվենք և մի քիչ իրարից սոցիալական հեռավորություն պահպանենք: Հերթով վարակվելով պետք է իմունային շերտը ստեղծվի: 
 
Քանի որ վարակ կա, երիտասարդությանը պետք է դիմել, անլուրջ են մոտենում սրան, իսկ իրենք պետք է գիտակցեն, որ չպետք է վարակվեն, որ իրենց ծնողներին չվարակեն: Ես այն ժամանակ էլ ասել եմ, որ սխալ են անում հանրային սննդի կետերը կամ սրճարանները բացում են, դեռ վաղ էր: Իմանալով մեր երիտասարդների՝ ժամերով սրճարաններում նստելու, գրկախառնվելու, համբուրվելու մշակույթը:
 
Ոչ թե բանկերը, այլ հանրային սննդի կետերը եղան պատճառ, որ ամսի 4-ին բացեցինք առանց լրջագույնս ուսումնասիրելու պատրաստվածության աստիճանը: Եթե կոնտակտը կարճ է լինում հիվանդի հետ, հիվանդանալու հավանականությունը նվազում է: Ուստի քանի մենք պայմաններ ենք ստեղծում, որ մարդիկ ավելի երկար շփվեն, մենք համաճարակաբանական տեսանկյունից վարակի տարածման պրոբլեմներ ենք ունենալու:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 486 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար