Գագիկ Ծառուկյանն այլեւս նահանջի տեղ չունի. Ներքին դիմակայությունը մտնում է վճռորոշ փուլ


Գագիկ Ծառուկյանն այլեւս նահանջի տեղ չունի. Ներքին դիմակայությունը մտնում է վճռորոշ փուլ

  • 06-06-2020 13:06:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեկ երկու ելույթ հստակեցրին ներքաղաքական դիմակայության գծերը: Նախ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատերազմում իշխանության դեմ գործող ուժերը կամա թե ակամա դավաճանում են ազգին: «Իշխանության դեմ պատերազմում են» Քոչարյանին, Սերժ Սարգսյանին հարող մեծ ու փոքր խմբերն ու ուժերը, ՀՅԴ-ն, որոնք վերջին շրջանում գեներացնում են Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի թեման:
 
Եվ ահա, երեկ «ազգին դավաճանելու» գործին միացավ Գագիկ Ծառուկյանը, ով ԲՀԿ հատուկ նիստում միանշանակ ու կոշտ հայտարարություններ արեց իշխանության հասցեին: Նա հայտարարեց, որ կառավարությունը ձախողվել է բոլոր ոլորտներում, եւ եթե ինքը նախկինում ասում էր, որ կառավարության 97 տոկոսը պետք է հեռանա, ապա ներկայում արդեն պետք է հեռանա 100 տոկոսը: Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
 
Նա հայտարարել է նաեւ, թե պատրաստ է լսել ու գործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը: Թե որ ուժերն են դրանք՝ նա չմանրամասնեց, օրինակ՝ արդյոք նկատի ունի Քոչարյանին ու Սարգսյանին հարող ուժերին:
 
Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին կոշտ արձագանքեցին, ավելի ճիշտ՝ սպառնացին իշխող մեծամասնությունից: Վարչապետի խոսնակը, տարբեր պատգամավորներ նրան հիշեցրին քրեական տարբեր պատմություններ: «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է», ասել էր վարչապետի խոսնակը:
 
Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի Գրուպ կոնցեռնի գլխավոր տնօրենը ներկայում կալանքի տակ է, գործն առնչվում է այդ թվում Հյուսիս-հարավ մայրուղուն: ԲՀԿ-ն տեւական ժամանակ բավական չեզոք կեցվածք էր պահպանում, ինքը Ծառուկյանը մեկուսացած էր համաճարակի այս ամիսներին: Նրա բեմելը եւ կոշտ հայտարարություններն արդյոք կապված են այն հանգամանքի հետ, որ այս գործերով հնարավոր չի եղել պայմանավորվել, թե՞ Ծառուկյանը որոշել է դուրս չմնալ մոտալուտ իշխանափոխության վերաբերյալ ձեւավորվող ներքաղաքական թրենդից:
 
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները նշանակում են, որ նա այլեւս հետդարձի ճանապարհ չունի: Իշխանության նյարդային արձագանքը հասկանալի է՝ ունենալով փող ու պատկառելի խմբակցություն, Գագիկ Ծառուկյանը կարող է նշանակալի դեր խաղալ ներքաղաքական զարգացումներում: Ընդ որում, խորհրդարանում Լուսավոր Հայաստան խմբակցության հետ համատեղ հնարավոր է բավական լուրջ գործընթացներ խթանել, որի մասին վաղուց ակնարկում են տարբեր ընդդիմադիր խմբեր:
 
Գագիկ Ծառուկյանը ոչ վաղ անցյալում մի անգամ գլխավորեց «ներքաղաքական պատերազմը», ձեւավորելով հայտնի եռյակը, որի անդամ էին նաեւ Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Դրա արդյունքը եղավ այն, որ իշխանափոխություն չեղավ, փոխարենը Հայաստանը բռնակցվեց ԵՏՄ-ին, ստորագրվեց գազային խայտառակ պայմանագիրը, որը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի ինքնիշխանության հանձնումը Գազպրոմին, հասունացվեց ապրիլյան պատերազմը: Եռյակը ցրվեց ամենանվաստ ձեւով, Ծառուկյանն էլ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին:
 
Գուցե Տեր-Պետրոսյանն այս դառը փո՞րձը նկատի ուներ, երբ հրապարակեց իր հայտնի սիլոգիզմը:
 
Ի՞նչ կլինի այս անգամ, ո՞ր ուղղությամբ կընթանան ներքաղաքական զարգացումները: Երեկվա երկու ելույթները եւ դրանց արձագանքները նշանակում են, որ ներքին դիմակայությունը մտնում է վճռորոշ փուլ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն