Բարգավաճ Հայրենիք. Ծառուկյանի հիանալի լուծումը

06-06-2020 14:10:21   | Հայաստան  |  Վերլուծություն
Հունիսի 5-ի ելույթում պահանջելով կառավարության 100 տոկոսի հրաժարականը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջացրել է մեծ իրարանցում: Կառավարության հրաժարական Ծառուկյանը պահանջում է մինչ այդ հնչած այլ համանման պահանջներից հետո: Ծառուկյանը փաստորեն միանում է այդ պահանջներին: Նա այդ մասին հայտարարեց նաեւ բավականին ուղիղ, նշելով, թե այդ հարցում պատրաստ է գործակցել հանրային վստահություն վայելող բոլոր ուժերի հետ:
 


Իհարկե, թե ինչ է հանրային վստահություն ասվածը, Ծառուկյանը չի մանրամասնել: Որովհետեւ, ի վերջո 2 տոկոսն էլ հանրային վստահություն է, առավել եւս, որ չկա հանրային 100 տոկոս վստահություն:
 
Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը չափելու հանրային վստահությունը, այն կրող ուժերին, որոնց հետ պատրաստ է գործակցել: Ըստ ամենայնի, Ծառուկյանն ինքն էլ առայժմ չի պատկերացնում դա, այլ ընդամենը բարձրաձայնել է հրաժարականի պահանջը, գուցե ինչ որ բանից հետ չմնալու համար: Համենայն դեպս, հարգելով Գագիկ Ծառուկյանի ինքնուրույնության կանխավարկածը, չդիտարկենք պարագա, երբ նա հրաժարականի մասին բարձրաձայնում է որեւէ մեկի ցուցումով:
 
Համենայն դեպս, Գագիկ Ծառուկյանը մի անգամ արդեն իսկ բախվել է «ցուցումային» քաղաքականության ցնցումային հետեւանքին, երբ հայտարարեց քաղաքականության էջը փակելու մասին: Հետո իհարկե բացեց՝ 2017-ին, ըստ ամենայնի դարձյալ ցուցումով: Համենայն դեպս, հազիվ թե 2015-ին նրան կոշտ կերպով քաղաքականությունից դուրս դրած
Սերժ Սարգսյանը 2017-ին հանդուրժեր վերադարձը, եթե չունենար դրա անհրաժեշտությունը: Ծառուկյանի վերադարձը պետք էր 2017-ի անաղմուկ ընտրությունն անցկացնելու համար:
 
2018-ին իրավիճակը փոխվեց, եւ Գագիկ Ծառուկյանը վերջին պահին միացավ հեղափոխությանը: Ցուցումով, թե ոչ, բարդ է ասել, թեեւ իրավիճակն արդեն այնպիսին էր, որ առանձնապես ցուցումի կարիք էլ չկար:
 
Հետո, մի քանի ամիս անց՝ 2018-ի հոկտեմբերի 2-ին, Գագիկ Ծառուկյանը հեղափոխությունից «անջատվեց» ու միացավ «հակահեղափոխությանը»՝ խորհրդարանում ընդունվեց ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ հայտնի օրինագիծը, որը դե ֆակտո ընդամենն արագացրեց խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացը:
 
Ու՞մ է ներկայում միանում Գագիկ Ծառուկյանն ու ինչ է նա արագացնելու: Արդյոք ԲՀԿ լուծարումը կամ տարալուծումը: Բանն այն է, որ, եթե մինչեւ 2015 թվական Գագիկ Ծառուկյանի դիտարկման հորիզոնում իշխանության գալոււ հեռանկարն էր, ապա հայտնի փետրվարից հետո նրա դիտարկման հորիզոնում, գիտակցված, թե ենթագիտակցորեն՝ քաղաքականությունից դուրս գալու հեռանկարն է:
 
Իհարկե, դրան զուգահեռ Ծառուկյանին հետաքրքրում է անձնական անվտանգությունն ու սեփականության անձեռնմխելիությունը: Բայց ամբողջ հարցն այն է, որ ինչքան նա մնա քաղաքականության մեջ
, այդքան թերեւս հեռանալու է երաշխիքներից: Եվ դա կախված չէ Նիկոլ Փաշինյանից կամ որեւէ մեկից, դա կախված է համաշխարհային քաղաքական գործընթացների տրամաբանությունից:
 
Ծառուկյանի համար երաշխիքի մոտ լինելը հակադարձ համեմատական է քաղաքականությունից հեռու լինելուն: ԲՀԿ նախագահը անցել է մի ուղի, երբ ուղղակի անհնար է, որ նա խորապես չգիտակցի այդ հանգամանքը: Ծառուկյանին պարզապես պետք է լուծումը, ելքը՝ ինչպես դուրս գալ, երբ գործնականում որեւէ մեկին դա պետք չէ: Իրավիճակը իսկապես ուշագրավ է՝ քաղաքականության մեջ նրա լինելը պետք է բոլորին, առանց բացառության, եւ պետք չէ միայն իրեն:
 
Վստահություն վայելող ուժերի հետ գործակցելու պատրաստակամության մասին ԲՀԿ նախագահի հայտարարության տողատակում այդ ելքի փնտրտուքն է: Ծառուկյանը փնտրում է քաղաքական սուբյեկտությունը հանձնելու տարբերակ: Ո՞վ է պատրաստ վերցնել այն: Օրինակ, ԱԱԾ նախկին պետ Վանեցյանն իր նոր կուսակցությամբ պատրա՞ստ է: Որովհետեւ Հայաստանում իշխանության մրցակից որեւէ ուժ «դատապարտված» է կամ յուրացնել ԲՀԿ-ն, կամ հաղթել ԲՀԿ-ին:
 
«Բարգավաճ Հայրենիք»: Կարող է լինել բաժնետիրական լավ լուծում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալու հարցում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 742 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար