Ադրբեջանը հրաժարվու՞մ է. Էրդողանը կոշտ պահանջ է դրել Ալիևի առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ադրբեջանը հրաժարվու՞մ է. Էրդողանը կոշտ պահանջ է դրել Ալիևի առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-06-2020 20:59:36   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է. 
Կառավարող մեծամասնության դեմ նախկին իշխանության համախմբման մասին հնչում են տարբեր գնահատականներ, որոնք բավականին աշխուժացել են ներքաղաքական աշխուժացման այս շաբաթների ընթացքում: Այդուհանդերձ, ի՞նչ բովանդակության կամ մակարդակի վրա կարող է լինել հարցը, թե արդյոք կա՞ նախկին համակարգի այդպիսի համախմբում: Մենք այս առումով ունեցել ենք առիթ խոսելու, որ համախմբում, իհարկե, կա, սակայն առավելապես տեղեկատվա-քարոզչական տիրույթում: Դրանից դուրս նախկին համակարգի քաղաքական համախմբման մասին խոսելը ոչ միայն վաղ է, այլ, թերևս, անհամարժեք քաղաքական այն իրողությունների տրամաբանությանը, որ արձանագրվել են Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխության արդյունքում: Բանն այն է, որ այդ հեղափոխությունն ինքնին բոլորովին կտրված չէ այն իրողություններից, որ հայաստանյան ներքին կյանքում ծավալվել են դրան նախորդած ամբողջ ժամանակաընթացքում: Իսկ դա նշանակում է, որ թավշյա հեղափոխությունը, լինելով Փաշինյանի խիզախ և անձնուրաց առաջնորդության և ժողովրդական կամքի արտահայտում, այդուհանդերձ, իր քաղաքական էությամբ հանդերձ, նաև հենց նախկին համակարգի անհաղթահարելի տարաձայնությունների և բաժանարար գծերի հետևանք էր: Ընդ որում, ամենևին ոչ, այսպես ասած, անսպասելի հետևանք:
Բանն այն է, որ այդ «հետևանքը» նրանց համար դիտվում էր լուծում: Այդ համակարգի տարբեր խմբեր ու թևեր Հայաստանում տեղի ունեցող հեղափոխությունը դիտում էին մյուսների հանդեպ, կամ մյուսների հետ ունեցած խնդիրների լուծում: Իհարկե, այլ հարց է, որ հեղափոխությունը ընթացել է և հետո իր հաստատած ստատուս-քվոյով եղել է ոչ բոլորի ակնկալիքներին համարժեք՝ այդպիսով առաջացնելով արդեն նոր խնդիրներ: Բայց այդ նոր խնդիրները ամենևին չեն առաջացել հների հաշվին, այսինքն՝ ինքնաբերաբար չեն բերել հների չեղարկման: Որովհետև, կրկնենք թերևս կարևորը՝ հեղափոխությունը չի եղել այսպես ասած՝ անսպասելի, իր որևէ դրսևորումով: Կարող էր լինել հավատալի կամ անհավատալի, հավանական կամ անհավանական, հնարավոր կամ անհնար, բայց նրանք բոլորը, դիտարկելով տարբերակը, աջակցել են գիտակցաբար՝ ջուր բերելուց մինչև այլ գուցե ոչ հրապարակային աջակցություն, և աջակցել են պատկերացնելով հետագա ամենատարբեր խնդիրներ:
Ըստ այդմ, շատ տրամաբանական է, որ բոլորը մեկ ընդհանուր հայտարարի են իշխանության հասցեին տեղեկատվա-քարոզչական գրոհների կազմակերպման հարցում, սակայն քաղաքական իրողությունները դրանից այն կողմ չեն անցել և չեն անցնելու, անգամ եթե լինեն հայտարարություններ միավորումների կամ գործընկերությունների մասին: Ի վերջո, հայաստանյան քաղաքական անցուդարձը, անցնող երեք տասնամյակը լավագույնս հուշել են, որ անգամ դաշինքները որևէ միասնական և ընդհանուր քաղաքականության երաշխիք չեն, և ավելին, քաղաքական միավորները հաճախ հայտնվում են նույն դաշինքի մեջ ոչ թե միմյանց օգնելու, միասնական նպատակի հասնելու, այլ առանձին նպատակների իրագործմանը խանգարելու, խոհանոցին ավելի մոտ լինելու և ժամանակից հետ չմնալու համար: Հայաստանի նախկին իշխող համակարգը գտնվում է հենց այդ տրամաբանության շրջանակում, որովհետև խնդիրները, որ ծագել են այդ համակարգում, չեն ծագել հեղափոխությունից մեկ կամ երկու օր, կամ թեկուզ տարի առաջ: Դրանք ծագել են առնվազն դեռ 2003 թվականի նախագահի ընտրությունից և խորացել տարեցտարի:
Անկասկած է մի բան, որ Հայաստանը չունի «այդ մասշտաբի իշխող համակարգի» հնարավորություն: Այստեղ է եղել նաև նախկին համակարգի ճգնաժամի բուն էությունը: Ըստ այդմ, հնարավոր չէ այդ մասշտաբի «վերամիավորում», քանի որ նրանք շատ լավ են պատկերացնում խնդիրները ոչ միայն ներքին, նաև արտաքին՝ աշխարհաքաղաքական համատեքստում: Ըստ այդմ, լավ են պատկերացնում, որ «վերամիավորումը» որևէ խորքային նպատակի շուրջ լինելու է խաբկանք, ինքնախաբեություն, ինչն արդեն իսկ խոր անվստահության հիմք է:
 
Lragir.am-ը գրում է.
Ադրբեջանը կստանա թուրքական արտադրության անօդաչու սարքեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դա տեղի կունենա դեռեւս փետրվարին Էրդողանի Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրված գործակցության համաձայնագրի շրջանակում: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դրանք Թուրքիայի հակաահաբեկչական գործողություններում հաջողությամբ կիրառված անօդաչուներ են:
Ադրբեջանցիների ակնարկը հասկանալի է: Խոսքը վերաբերում է Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի ռազմական գործողություններին: Բաքվի պրոպագանդան ոգեւորությամբ էր թվարկում, թե այդ գործողությունների ընթացքում թուրքական անօդաչուները ինչպիսի հարվածներ են հասցրել ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներին ու սպառազինությանը:
Ակնառու էր, որ ադրբեջանական պրոպագանդան անուղղակիորեն «մոդելավորում» էր ռազմական գործողություններ հայկական ուղղությամբ, նկատի ունենալով այն, որ հայկական զինուժը համալրված է հենց այդօրինակ ռուսական սպառազինությամբ:
Միեւնույն ժամանակ, արդյոք Բաքուն հրաժարվում է իսրայելական անօդաչուներից, որոնք Բաքվի հարվածային ուժերից էին ապրիլյան քառօրյա պատերազմում: Օրերս Հայաստանի զինված ուժերը հայտնեցին, թե մեր տրամադրության տակ եղած եւ արդիականացված ՕՍԱ-ԱԿՄ զենիթային կայանն ինչպես է խոցել իսրայելական Օրբիտա-3 բավականին գովված անօդաչուն: Ադրբեջանցիները հիասթափվե՞լ են իսրայելական անօդաչուներից, թե՞ Թուրքիան դրել է նախապայման՝ Բաքուն կամ միլիոնները Իսրայելին է տալիս, կամ Թուրքիային: Իսկ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունը մեղմ ասած բարվոք չէ, եւ այն, որ Թել Ավիվը Եգիպտոսի, Կիպրոսի ու Հունաստանի հետ փորձում է ձեւավորել հակաթուրքական բլոկ եւ զսպել Անկարայի միջերկրծովյան եւ աֆրիկյան հավակնությունները, հնարավոր է պատկերացնել, որ Անկարան Բաքվի առաջ իսկապես կարող էր դնել՝ կամ-կամ:
Այդ պայմաններում Ադրբեջանին չի մնում այլ բան, քան կերտել թուրքական անօդաչուների հզորության միֆը, պարտադրված ձեռքբերումը արդարացնելու համար:
Պետք չէ բացառել եւ այն, որ Ադրբեջանն իր հերթին իրավիճակը օգտագործում է Երեւանի եւ Թել Ավիվի որոշակի մերձեցման գործընթացի նկատմամբ դեմարշ արտահայտելու համար:
Միեւնույն ժամանակ, հայկական զինուժի համար իհարկե հույժ կարեւոր էր, եւ առավել կարեւոր է դառնում Սիրիայում եւ Լիբիայում թուրքական զինուժի ռազմական գործողությունների, մասնավորապես անօդաչուների կիրառման հանգամանալից դիտարկումն ու վերլուծությունը, ըստ այդմ դրանց դեմ ռուսական զենիթային սպառազինության էֆեկտիվության հետ կապված հարցերը:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ինչպես հայտնի է, Մհրյանը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի մանկության ընկերն էր, և հենց վերջինս էր նրան համակարգ վերադարձրել: Մինչ այդ Մհրյանը զբաղեցնում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Եվ, ահա, Արման Սարգսյանի գնալուց հետո հեռանում է նաև նա: Մենք տեղեկացանք, որ նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել հունիսի 10-ի երեկոյան և սպասում էր մակագրման: Ընդ որում, բազմիցս էր գրվել այն մասին, որ նա համակարգ բերեց ոստիկանությունից ազատված և «ՀՀ ոստիկանության մասին» օրենքով այլևս ոստիկանության համակարգում աշխատելու իրավունք չունեցող Մհրյանին:
Եվ ավելին, արտակարգ դրության ընթացքում հենց նա էր ոստիկանությունից հանդիսանում իրավիճակի պատասխանատուն և ընդգրկված էր պարետատան կազմում: «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրել էր, որ Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալուց հետո տարբեր համակարգերում աշխատանքի անցան նախկին ոստիկաններ. նրանց թիվը հատկապես մեծ էր քաղաքապետարանում, քանի որ Արման Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընկերներ են: Եվ, ահա, Արման Սարգսյանի հեռանալուց հետո ոստիկանապետ նշանակվեց նրա տեղակալը՝ Վահե Ղազարյանը, որը, մեր տեղեկություններով, առաջիկայում կադրային փոփոխություններ է անելու ոստիկանության համակարգում: Եվ Մհրյանը բնավ էլ առաջին մարդը չէ, որը հրաժեշտ տվեց իր պաշտոնին ոստիկանապետի նշանակվելուց հետո: Ամեն դեպքում, նկատենք, որ նա անձամբ է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել ընկերոջ հեռանալուց հետո»։
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ստուգումներ են իրականացվել նաև Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի ղեկավարած «Մուլտի Ագրո» ընկերությունում:
Այս ընկերությունը արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց հետո չի գործում, և ընկերության աշխատակիցները աշխատանքի չեն ներկայանում: Ընկերության աշխատակիցները ստուգողներին հայտնել են, որ իրենք պարապուրդի ընթացքում չեն վարձատրվել»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«ВТБ Հայաստան բանկի PR մենեջերը ազատվել է աշխատանքից՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ բանկի ղեկավարությունն իրեն պարտադրել է ռուսերեն թարգմանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումների տակ եղած «նողկալի» մեկնաբանությունները, որպեսզի դրանք ուղարկվեն Մոսկվա:
Փաստորեն, ռուսական կապիտալով այս բանկը ավելի շատ զբաղված է ոչ թե Հայաստանի բնակչությանը ֆինանսական, այլ Ռուսաստանի իր տերերին քաղաքական ծառայություններ մատուցելով»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել և քննարկել առաջիկա անելիքները: Բանն այն է, որ այսօր խորհրդարանում պետք է հատուկ նիստ գումարվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը երկարացնելու համար, իսկ հունիսի 16-ին էլ մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Եվ այսօր պատգամավորները քննարկել են, թե ինչպես իրենց պետք է դրսևորեն վաղը և մյուս օրերին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեժ օրեր են սպասվում, և պատգամավորներին զգուշացված է, որ արտահերթ նիստերը շատ են լինելու:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա նիստի գլխավոր թեման կրկին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զբաղեցրած դիրքը, և որոշվել է մի որոշ ժամանակ ավելի հանգիստ պահվածք դրսևորել: Եվ որոշվել է, որ այսօր կայանալիք հատուկ նիստի ժամանակ ևս չեզոք դիրք գրավեն, որևէ կերպ, որևէ քննադատական խոսք չհնչեցնեն ԲՀԿ-ի հասցեին և այնպես անեն, որ ամեն ինչ հանգիստ ընթանա: Իհարկե, սա այն դեպքում, եթե սադրանքներ կամ շատ քննադատական ելույթներ չլինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստից հետո պատգամավորները քննարկումներ են ունեցել նաև խորհրդարանում և որոշել՝ ով պետք է ելույթ ունենա, ինչ հարց պետք է տան և այլն»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը կարծես վերագրվեց մաքսատներում հակահամաճարակային իրավիճակը չվերահսկելուն, հերթին ու կուտակումներին։ Մասնավորապես գրվեց Արարատյան մաքսատուն-վարչության պետի հետ կապված խնդիրը։
Սակայն, ընդունելով այդ վարկածը որպես իրականություն, բախվում ենք մի փաստի, որ օրինակ Մարտիրոսյան ազգանունով վարչության պետ ՊԵԿ-ի ոչ մի փաստաթղթում կամ կայքում, արևելյան կամ ցանկացած այլ մաքսայինում չկա։ Փոխարենը մաքսայինում բաժնի պետ է Անանյանի համար այդքան թանկ Մհեր Մարտիրոսյանի կինը՝ Լիլիթ Ավետիսյանը։ Առաջիկայում կանդրադառնանք այս պատմությանը, և գուցե պարզվի, որ հին ավանդույթի համաձայն՝ հերթեր գոյացնող ամուսինները ՊԵԿ-ից որպես աշխատավարձ-պարգևավճար միլիոնավոր դրամներ են «տուն տանում»»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին մեկնելու է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու։ Բնականաբար, վարչապետը Մոսկվա միայնակ չի մեկնելու, նրան կուղեկցեն անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից և անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվա մեկնելուն իշխանությունները բավականին լուրջ են նախապատրաստվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, և մինչև հունիսի 24-ը Մոսկվա բոլոր մեկնողները պետք է 3-4 օրը մեկ պարբերականությամբ կորոնավիրուսի վարակվածության թեստ հանձնեն, որպեսզի վստահ լինեն, որ վարակված չեն:
Ընդ որում, թեստ են հանձնում բոլորը, այլ ոչ թե միայն ղեկավար կազմի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ Դավիթ Տոնոյանն արդեն իսկ կորոնավիրուսի թեստ հանձնել է, և նրա պատասխանը բացասական է:
Սակայն ինչպես նշեցինք, մինչ այդ կրկին պետք է թեստեր հանձնեն մի քանի անգամ: Այստեղ ընդգծենք, որ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանն անհրաժեշտ է նաև Արցախ մեկնելու համար: Եվ, ահա, երեկվանից Արցախ է մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը ևս մինչ այդ թեստ է հանձնել, և պատասխանը բացասական է եղել»:
 
«Իրատես» թերթը գրում է.
«Արդեն մի քանի օր է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, իշխանության անդորրը խախտել է։ Բոլորը հերթով արձագանքում են, հիշում Ծառուկյանի հին ու նոր «մեղքերը», քրեական գործեր հրապարակում։ Սակայն մի պահ հասկանանք, թե ինչ է ասել խորհրդարանում պատգամավորների թվով երկրորդ խմբակցության ղեկավարը։
Նախ փաստենք, որ նա փորձել է այդ հայտարարությամբ երկու կողմից իրեն ուղղվող հարվածների համար արդարացում թողնել։ Հիմա՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հաթաթաների, ասել, որ նրա անունը չի տվել, վարչապետի հրաժարական չի պահանջել, կառավարության կազմը պիտի փոխվի, մյուս բևեռից էլ հնչող քննադատության սլաքներն է ..շեղել, հայտարարելով, թե 100 տոկոսի մեջ մտնում է նաև կառավարության ղեկավարը։
Սակայն, անկախ այն հանգամանքից, թե Գագիկ Ծառուկյանը որ կողմին ինչպես է բացատրում իր այս հայտարարությունը, փաստ է, որ խորհրդարանական ընդդիմության նման հայտարարությունը պիտի կոնկրետ քայլեր ենթադրի, այլապես ինչո՞վ է խորհրդարանական լծակներ ունեցող ընդդիմությունը տարբերվելու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից։
ԲՀԿ-ն՝ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը, այդ հայտարարությունից հետո պետք է սկսի քաղաքական, այն է՝ անվստահության գործընթաց, այսինքն, ստորագրություններ հավաքի, դիմի նաև մյուս ընդդիմադիր ուժին՝ ԼՀԿ-ին, որպեսզի համատեղ արտահերթ նիստ հրավիրեն ու քննարկեն կառավարության կազմի փոփոխության հարցը։ Ակնհայտ է, որ անգամ երկու քաղաքական ուժերը միասին չեն կարող նոր վարչապետ ընտրել, որովհետև միասին այդքան ձայն չունեն, իսկ իմքայլականների աջակցությունն ստանալը շատ դժվար է այս պարագայում։
Այս գործընթացի մեկնարկից հետո, սակայն, ենթադրվում է մի հետաքրքիր շրջան. ԲՀԿ խմբակցության ղեկավարը կարող է դիմել ժողովրդին և ասել, որ իրենց ձայները բավարար չեն կառավարություն փոխելու համար, ուստի, սպառելով խորհրդարանական բոլոր գործիքները, նրանք դուրս են գալիս փողոց։ Ճիշտ այն տրամաբանությամբ, ինչ 2 տարի առաջ արեց Նիկոլ Փաշնյանը, որն անգամ սեփական թիմակիցների աջակցությունը չուներ։
Իրականում որքան հեռու կգնա ու ինչ քայլեր կանի Գագիկ Ծառուկյանը, առայժմ պարզ չէ։ Հստակ է միայն այն, որ նա քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում, բայց, մինչև այդ ուժերի հետ համատեղ քայլեր անելը, պիտի սպառի խորհրդարանական գործիքները, դիտարկի բոլոր հնարավորությունները ԱԺ-ում, որովհետև դա է իր և արտախորհրդարնական ուժերի միակ տարբերությունը՝ մանդատ ունենալ և հասարակության որոշակի շերտի առջև պատասխանատու լինել»:
 
«Փաստ» թերթը գրում է.
«ԵՊՀ շուրջ վերջին զարգացումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը, ըստ կարգի, ձեռնամուխ է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու: Ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հաջողակ գործարար Սենիկ Գևորգյանի եղբայրն է, փոշմանել է և ցանկանում է ռեկտոր դառնալ:
Ըստ «Փաստի» տեղեկությունների, նա կարողացել է իր շուրջ կոնսոլիդացնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Գևորգ Մուրադյանին, որը նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահն է և հույս ունի վերանշանակվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, վերջինս իր նեղ շրջապատում հայտարարել է, թե մինչ ռեկտորի ընտրություններն այս իշխանությունները չեն լինելու, և կարելի է Գևորգյանին ռեկտոր ընտրել:
Ի դեպ, վերջին երկու տարիներին ԵՊՀ-ում իշխանությունների դեմ պայքարող Վահագն Վարագյանը նույնպես խոստացել է օգնել Գևորգյանին, եթե վերջինս պատրաստ է պայքարել այս իշխանությունների դեմ:
Փաստացի, համալսարանում կարծես թե համընդհանուր կոնսոլիդացիա է ձևավորվում իշխանությունների դեմ, որը խիստ մտահոգել է հեղափոխությանը մասնակցած համալսարանականներին, որոնք դժգոհում են, թե «սրա՞ համար էինք փողոց դուրս եկել», հիշեցնելով, որ երբ իրենք պայքարում էին, Գևորգյանը Փաշինյանի դիմաց դռներ էր փակում»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մի պահ իշխանություններն ուզում էին ավտոկշեռքներ տեղադրել, որով հնարավոր կլիներ կշռել շինանյութերով՝ քար, ավազ, ցեմենտ բեռնված մեքենաները, և թույլատրելիից շատ բեռնվածներին տուգանել, կանխելով դրա կրկնությունը: Սակայն այդ նախաձեռնությունը այդպես էլ իրականություն չդարձավ, հնարավոր է՝ ինչ-որ շահագրգիռ ուժերի լոբբինգի արդյունքում:
Մինչդեռ ակնհայտ է, որ քանի դեռ այդ ծրագիրը չի իրականացվել, Հայաստանի ավտոճանապարհները քանդվելու և ավերվելու են, ինչ միջոցներ էլ ծախսվեն դրանց վերանորոգման համար»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի վարչական շրջանների մի մասում ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների գները չեն բարձրացել, պահպանել են նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն և՛ մարտ, և՛ ապրիլ ամիսներին արժեցել է 670 հազար դրամ: Բայց եթե այս գները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա թանկացումը զգալի է՝ 80 հազար դրամ: Արաբկիր վարչական շրջանում ապրիլին բնակարանների մեկ քմ-ի գինը կազմել է 465 հազար դրամ, բայց մեկ տարի առաջ այն կազմել է 404 հազար 100 դրամ: Այսինքն՝ Արաբկիր վարչական շրջանի դեպքում մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են 60 հազար 900-ով:
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջաններում ևս բնակարանների մեկ քմ-ի գները ապրիլին, մարտի համեմատ, չեն բարձրացել, այլ մնացել են նույնը: Ի դեպ, նշենք, որ Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն արժե 303 հազար 50 դրամ, Դավթաշենում` 350 հազար դրամ:
Թերևս անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով, երբ մարդկանց անգամ չի հետաքրքրել բնակարան գնելը կամ վաճառելը»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play