Ինչ կատարվեց Հայաստանում. ինչ է տեսել Նիկոլ Փաշինյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ինչ կատարվեց Հայաստանում. ինչ է տեսել Նիկոլ Փաշինյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-06-2020 17:49:54   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է․ Անցնող շաբաթների ներքաղաքական բուռն եւ թեժ զարգացումը հունիսի 14-ին թվում է թե հասել էր գագաթնակետին, երբ ԲՀԿ եւ նրա առաջնորդը հայտնվեցին ԱԱԾ անմիջական գործողության թիրախում, Գագիկ Ծառուկյանն էլ մի քանի ժամ հարցաքննվեց ԱԱԾ-ում: Հարուցված քրգործերը, որոնցով Ծառուկյանն անցնում է որպես վկա, կապված են բիզնեսների եւ ընտրակաշառքի հետ:
ԲՀԿ պատգամավորները ինտենսիվ տեղեկություն են տարածում, որ կայացվել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշում: Նախ նշվում էր, թե այդ հարցը խորհրդարան կտանեն հունիսի 15-ին: Այժմ խոսվում է, որ դա կլինի 16-ին:
Կզրկվի՞ Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելիությունից, կգնա՞ կառավարող ուժը նրա ազատազրկման: Ընդհանրապես, ԲՀԿ նախագահի առաջ ազատազրկվելու՞, թե՞ ազատագրվելու «երկընտրանքն» է:
Ինչի մասին է խոսքը: Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումները զուգորդեցին կորոնավիրուսի համաճարակին: Կա ընդհանուր գնահատական, որ Հայաստանի ներքին ընդդիմության համար կորոնավիրուսը դարձավ առիթ, որպեսզի հաղթեն բարդ վիճակում գտնվող իշխանությանը:
Հայաստանի ներքաղաքական սուբյեկտների մասին հանրությունն ունի բավական մեծ կարծիք, հատկապես այն սուբյեկտների, որոնք եղել են հայաստանյան այսպես ասած ընթացիկ քաղաքականության հիմնական դերակատարներ մինչ այժմ, այդ թվում ԲՀԿ-ն:
Հայաստանում չկա ներքաղաքական շատ թե քիչ ազդեցիկ սուբյեկտ, կամ դրա առաջնորդ, որը պատրաստ է իշխանության համար այսպես ասած «ինքնաբավ» պայքարի, առանց ռուսական դաշտից եկող ազդակի, լինի դա որեւէ իրողությունից ձեւավորվող ակնկալիքի, որեւէ ակնարկի կամ ուղղակի ցուցումի, հրամանի կամ հանձնարարության տեսքով:
Այդ իմաստով, թյուր է տպավորությունը, թե Հայաստանում կորոնավիրուսի բարդություններն են եղել ներքաղաքական բռնկման խթան: Հայաստանի ներքաղաքական բռնկման խթանը եղել է ապրիլի 21-ին Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ հնչեց Արցախի կարգավորման գործընթացի առնչությամբ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների տեսակոնֆերանսից ժամեր առաջ: Լավրովը խոսեց ոչ միայն իբրեւ թե փուլային փաթեթի քննարկման մասին: Նա խոսեց նաեւ հայ-ռուսական հարաբերության խնդիրների մասին:
Դա եղավ կամ ազդակ, կամ ցուցում, կամ հրաման: Կորոնավիրուսն այստեղ իհարկե կապ ունի, բայց համաշխարհային մասշտաբով: Բանն այն է, որ կորոնավիրուսի համաշխարհային ճարակը նոր խթան է եղել երկրորդ աշխարհամարտին հաջորդած աշխարհակարգի վերանայման համար: Այդ վերանայումը տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզումով արդեն մոտ երեք տասնամյակ, սակայն այժմ գործընթացը նոր փուլում է, որովհետեւ կա առնվազն մի շատ էական նոր հանգամանք՝ Չինաստան:
Ռուսաստանը դուրս է մղվում առաջին շարքից, դուրս է մղվում արդեն տարիներ, եւ այդ հանգամանքը մոտ ապագայում կարող է արձանագրվել ամերիկա-չինական դիմակայությամբ: Ռուսաստանն այդ մարտահրավերն ընդունելու է իր ավանդական ազդեցության, առավել եւս կենսական նշանակության գոտի դիտարկող ռեգիոններում որոշակի ագրեսիվությամբ: Այստեղ առանձնակի թիրախում է Հայաստանը, առավել եւս թավշյա հեղափոխությունից հետո ինքնիշխանության պաշարի էական ավելացման պարագայում:
Մնացյալը, թե ում վրա խաղադրույք կարվի Հայաստանի հանդեպ ճնշումը ուժեղացնելու համար, արդեն կախված է սուբյեկտիվ մի շարք հանգամանքներից: Գագիկ Ծառուկյանն այդ իմաստով գլխավոր հավակնորդներից է:
Ինչու՞ ազատազրկում, թե ազատագրում: Որովհետեւ Ծառուկյանը մի անգամ զգացել է, կամ պետք է որ զգար ու պատկերացներ թե իր, թե առավել եւս Հայաստանի Հանրապետության համար այդ «ընտրության» խիստ վտանգավոր ու վատ հետեւանքը՝ 2012-15-16 թվականների ճակատագրական, բախտորոշ շրջափուլում: Ըստ այդմ, Ծառուկյանը թերեւս երկրորդ անգամ պետք է աներ ամեն ինչ «ընտրությունն» իր վրա չկանգնեցնելու համար:
Չի՞ ուզել, թե՞ չի կարողացել: Հնարավոր է թե մեկը, թե մյուսը, այսինքն Ծառուկյանն այդ առումով չունի ընտրության հնարավորություն: Այդ դեպքում նրան այդ վիճակից կարող է հանել, ազատագրել հենց Հայաստանում իրավական գործընթացով անցնելը, երբ Ծառուկյանը համոզիչ կերպով ցույց կտա, որ ինքն արեց ամեն ինչ, բայց Հայաստանի Հանրապետությունն ուժեղ էր: Այդ ուժեղ հանրապետությունն է ապագայում լինելու նաեւ Գագիկ Ծառուկյանի ուժը, ոչ մի այլ բան կամ ոչ մի այլ մեկը:
 
1in.am-ը գրում է․ Հունիսի 14-ի կիրակին Հայաստանում թեժ էր բառի բուն իմաստով: Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ և խուզարկություն էր իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը, նաև ԲՀԿ մի շարք ներկայացուցիչների, ակտիվիստների տներում: Հարուցված է երկու քրգործ, մեկը բիզնեսներին, մյուսը ԲՀԿ նախընտրական ընտրակաշառքներին վերաբերող թեմաներով: Ըստ տեղեկության, Գագիկ Ծառուկյանն առայժմ անցնում է որպես վկա:
Նախօրեին նա մի քանի ժամ հարցաքննվել է ԱԱԾ-ում: Դեռևս պարզ չէ, թե ինչ ընթացք կստանա գործը այսօր: ԲՀԿ պատգամավորները, որ մի խումբ համակիրների հետ ԱԱԾ դիմաց ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Ծառուկյանի, խոսում էին, որ նրան կարող են զրկել անձեռնմխելիությունից և ձերբակալել: Չի բացառվում, որ այդ տեղեկությունների մասին հայտարարություններն ունեին ավելի շուտ կանխարգելիչ իմաստ, քան իսկապես ներքին տեղեկատվության աղբյուր: Թեև, իհարկե հնարավոր է ամեն ինչ, համենայն դեպս հաշվի առնելով նախօրեին գործողությունների բնույթը: Համենայն դեպս, ակնառու է, որ հունիսի 14-ին ԲՀԿ հետ դիմակայության նշաձողը իշխանությունը բարձրացրել է եթե ոչ ամենաբարձր կետին, ապա առնվազն ընդուպ մոտեցրել դրան: Ըստ այդմ առաջանում է մի պարզ հարց, թե ի՞նչն է եղել դրա պատճառը: Միամիտ է կարծել, թե պատճառը եղել է այն, որ ԲՀԿ-ն հայտարարել է կառավարության հրաժարականի պահանջի մասին: Դա արել էր Գագիկ Ծառուկյանը:
Բանն այն է, որ համենայն դեպս հանրային մեծ վստահությամբ իշխանության համար բացարձակապես չէր կարող լինել այդպիսի հրաժարականի պահանջի հանդեպ այնպիսի վախ ու մտահոգություն, որ լիներ Ծառուկյանի հանդեպ այդպիսի կոշտ և միաժամանակ փաստորեն նշաձողը բարձրացնող քայլերի հարկ: Ըստ այդմ, կամ իշխանությունը ունի տվյալ, որ այլևս չունի հանրային մեծ վստահություն, կամ իշխանությունն ունի տվյալ, որ ԲՀԿ նախագահի այդ հրաժարականի պահանջը իրականում շատ ավելի լայն ու խորքային գործընթացի մի մաս է, որը այսօր գուցե չունի վտանգի շատ կոնկրետ և առարկայական դրսևորում, բայց պետք է խեղդել օրորոցում, վաղն ավելի բարդ վիճակում կանխելու անհրաժեշտություն չունենալու համար: Դրանով հանդերձ, հարկ է թերևս նկատել, որ իշխանությունը այդպիսի կոշտ քայլերի կգնար հանրային վստահության դեպքում, ոչ թե հակառակը: Ըստ այդմ հնարավոր է թերևս արձանագրել, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ ավելի մեծ վտանգ է տեսել իշխանությունը: Արդյո՞ք նախկին համակարգի ուժերի մոտալուտ համախմբում: Բայց, չէ՞ որ կոշտ գործողությունները փաստորեն ավելի են խթանում այդ համախմբումը Ծառուկյանի շուրջ, որը հայտարարել է, որ այս անգամ չի նահանջելու և «անբարոյականի վաստակ» է, եթե նահանջի: Թե՞ իշխանությունը խթանում է հենց այդպիսի համախմբում, այսպես ասած արագություն թելադրելով, այն հաշվարկով, որ նախկին համակարգը այս պահին պատրաստ չէ այդ արագության, ըստ այդմ խափանվելու են հաշվարկները: Առավել ևս, որ խորքային առումով բավականին տեսական է նախկին համակարգի իրական համախմբման մասին խոսակցությունը, մի շարք պատճառներից ու հանգամանքներից ելնելով: Այլ հարց է, որ նախկին համակարգը կարող է ունենալ մի այսպես ասած աներկբա համախմբում՝ ենթակայություն Ռուսաստանին: Այսինքն, դա, կամ այնտեղ այն կետն է գուցե, որտեղ «համախմբվում» է նախկին համակարգը, և խիստ ուշագրավ է հենց այն հանգամանքը, որ տարբեր խմբեր գրեթե սինխրոն աշխուժացրին ներքաղաքական հռետորաբանությունն ու քարոզչական գրոհը այն բանից հետո, երբ Լավրովը հայտարարեց հայ-ռուսական հարաբերության խնդիրների մասին: Մենք առիթ ունեցել ենք նշելու, ու հունիսի 8-ին այսպես ասած կորոնավիրուսից վերադարձից հետո վարչապետ Փաշինյանը ուժային բլոկի փաթեթային փոփոխությամբ ըստ էության նախապատրաստում էր հունիսի 24-ի իր մոսկովյան այցը:
Չի բացառվում, որ Եդինայա Ռոսիայի գործընկեր Գագիկ Ծառուկյանի կոշտ քայլերը այդ նախապատրաստության փուլում են, և հենց դրանով են նաև այդքան կոշտ, որովհետև Փաշինյանը տեսել է շատ ավելի մեծ բան, քան ԲՀԿ նախագահ Ծառուկյանը: Քաղաքական այդ ասպեկտներից դուրս, անկասկած է, որ հերթական անգամ Հայաստանում արտացոլվում են խոշոր կապիտալի լեգիտիմության, նաև կապիտալի և քաղաքականության սերտաճվածության չլուծված համակարգային խնդիրները, որոնք պարարտ հող են պարբերական ճգնաժամերի և նաև արտաքին միջամտությունների համար:
 
 
ArmTImes.com-ը գրում է․ Այսօր շատերն են խոսում այն մասին, որ նախկինները, հասկանալով հանրության վերաբերմունքն իրենց նկատմամբ, պիտի անպայման փորձեն վերադառնալ «նոր դեմքերով» կամ «նոր փաթեթավորմամբ»։ Իրականում խնդիրը, իհարկե, դեմքերը չեն։ Խնդիրը պետական կառավարման այն համակարգն է, որը փորձ է արվում վերականգնել, ու բացարձակապես որեւէ նշանակություն չունի՝ այդ պայքարի առաջնագծում նախկին իշխանությունների առանցքային դեմքե՞րը կլինեն, թե՞ ներկայանալի արտաքինով ու կիրթ խոսող երիտասարդներ։
Իսկ ինչպիսի՞ պետություն էր Հայաստանն ընդամենը մի քանի տարի առաջ։ Մեծ հաշվով Հայաստանում ֆեոդալական կարգեր էին՝ պետական կապիտալիզմի ու ժողովրդավարության առանձին տարրերի համակցությամբ, եւ սա ամենեւին չափազանցություն չէ։ Երկրի գրեթե բոլոր մարզերն ունեին իրենց «ֆեոդալները». Կոտայքն իր «ֆեոդալն» ուներ, Սյունիքն ու Շիրակը՝ իրենցը, Արարատյան դաշտում, օրինակ, միանգամից երկու «ֆեոդալ» կար (Արարատի մարզում՝ Հովիկ Աբրահամյանը, Արմավիրի մարզում՝ գեներալ Մանվելը), Երեւանի առանձին թաղամասեր էլ իրենց «ֆեոդալներն» ունեին, իսկ ահա գլխավոր «ֆեոդալն» իր առանձին մարզը չուներ, բայց վերահսկում էր բոլորին ու ցանկացած մարզում կարող էր վերցնել իրեն դուր եկած ցանկացած բան։ Այդ «ֆեոդալներն» էլ, ի դեպ, հենց ապահովում էին «թագավորի» ընտրությունը իրենց հպատակների միջոցով, իսկ եթե ժողովուրդն ըմբոստանում էր, իրենց կիսալեգալ «գվարդիաներով» ճնշում էին ըմբոստության ծիլերը։ «Թագավորն» իր հերթին ուշադիր հետեւում էր, որ «ֆեոդալներից» մեկնումեկը հանկարծ շատ չհզորանա ու ինքնուրույնություն չցուցաբերի, իսկ եթե նման փորձեր, այնուամենայնիվ, լինում էին, կա՛մ «բամփում էր գլխին», կա՛մ ոստիկանապետն էր հայտարարում, թե ժամանակն է, որ այսինչ մարզը միացվի Հայաստանին, կամ շատ արագ քրեական գործեր էին հարուցվում, եւ այդպիսով վասալական համակարգը մի կերպ պահպանվում էր։ Ընդ որում, այդ համակարգը վասալներին նույնպես ձեռնտու էր։ Ու դա էր հիմնական պատճառը, որ Ազատության հրապարակից հնչող «Մանվե՛լ, Մանվե՛լ» վանկարկումներն անպատասխան էին մնում, իսկ «ամենահզոր ֆեոդալներից» մեկի հետ համագործակցելով՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու ծրագրերն արդյունք չէին տալիս։ Որպես ի՞նչ պիտի ֆեոդալները պայքարեին հանուն ֆեոդալական կարգերի վերացման։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, հենց ֆեոդալիզմի մնացուկների իսպառ վերացման գործընթացն է։ Ու դա, բնականաբար, շատերի համար բավականին ցավոտ է։ Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ նախ՝ «ֆեոդալները» դեռեւս բավականին հզոր են, եւ երկրորդ՝ «ֆեոդալական կարգերը» տասնյակ հազարավոր հպատակների համար թեեւ երբեմն նվաստացուցիչ, բայց համեմատաբար կայուն սոցիալական միջավայր էին ապահովում։ Այսօր շատերը կարող են դժգոհ լինել, որ նոր իշխանություններն այնքան էլ սահուն չեն իրականացնում այդ անցումը, որ անփորձ են, որ «բուրժուադեմոկրատական հանրապետությունում» յուրաքանչյուրի բարեկեցությունն ավելի շատ կախված է անձամբ իր որակներից, մինչդեռ նախկինում գրեթե ամեն ինչ պայմանավորված էր իր «ֆեոդալի» բարեհաճությամբ, եւ այլն։ Բայց սրանք, համաձայնվեք, չափազանց թույլ փաստարկներ են, որպեսզի հասարակությանը հնարավոր լինի համոզել վերադառնալ ֆեոդալական կարգերին, որքան էլ ժողովուրդը դժգոհ լինի բարեփոխումների տեմպերից ու որակից, որքան էլ ներքաղաքական թեժ պայքար լինի, միեւնույն է, այդ պայքարում ո՛չ նախկին «ֆեոդալները» որեւէ շանս ունեն, ո՛չ էլ՝ նրանց կողմից հովանավորվող «նոր դեմքերը»։
Որովհետեւ երբ ասվում է, որ նախկինին վերադարձ չի լինելու, խոսքը ոչ միայն նախկին իշխանությունների մասին է, այլեւ նախկին կարգերի ու պետական կառավարման նախկին համակարգի։
 
Hraparak.am-ը գրում է․ ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի տնից խուզարկությամբ հարուցված գործին առնչվող ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին «Հրապարակին» փոխանցեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ Զաքարյանի տնից առգրավվել է 3 միավոր որսորդական հրացան, որոնք օրինական են եղել։
Հակոբյանն ասաց, որ Զաքարյանը երեկ հարցաքննվել է մոտավորապես 4 ժամ,  վկայի կարգավիճակով, նա նաև փոխանցեց, որ Զաքարյանին որևէ մեղադրանք առաջադրված չէ, իսկ կրկնակի հարցաքննության վերաբերյալ որևէ ծանուցագիր չեն ստացել։
Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը երեկ հարցաքննվում էր ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ենթադրյալ ընտրակեղծիքներին։ Նա «պատասխանել է բացառապես իր կոմպետենտության շրջանակներում գտնվող թեմաներին, զրույցն անցել է հանդարտ և հարգալից մթնոլորտում»։ 
Նշենք, որ ԲՀԿ պատգամավորները երեկ հայտարարեցին, որ հարուցված գործը շինծու է, և որևէ փաստական ապացույց չկա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play