Լուկաշենկոն՝ Փաշինյանի և Ծառուկյանի «արանքում»․ ինչ է ասել Ծառուկյանն Արթուր Վանեցյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17-06-2020 15:54:43 | Հայաստան |
Lragir.am-ը գրում է .
Հայկական համացանցում լայնորեն տարածվում է Nordic Monitor կայքին հղումով Jerusalem Post-ի հրապարակումը: Ըստ տեղեկության, Թուրքիան դեռեւս 2000 թվականից մշակել է Հայաստան ու Հունաստան ներխուժման պլաններ:
Կասկած չկա, որ Թուրքիան ներխուժման պլաններ է մշակել բոլոր հարեւանների նկատմամբ: Այդպիսին է թուրքական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քննարկվել է Թուրքիայի Գլխավոր շտաբում այդպիսի պլան, թե չի քննարկվել՝ սկզբունքորեն նշանակություն չունի: Հայաստանի համար թուրքական քաղաքականությունն ու թուրքական պետության ռազմավարական պլաններն էքզիստենցիալ անվտանգության հարց են, Հայաստանը այդ առումով պետք է հնարավոր ռիսկեր չեզոքացնելու ուղղությամբ բազմակողմանի աշխատի ամեն օր, անընդհատ, անկախ թուրքական ԳՇ-ում պլանների առկայությունից կամ բացակայությունից:
Եթե դրանք չկան, դա դույզն իսկ չի նվազեցնում հայկական անվտանգության թուրքական սպառնալիքն ու ռիսկը: Դա հայկական պետական ռազմավարության առանցքային հարցերից մեկն է, որը պայմանականորեն հնարավոր է բաժանել երկու մասի: Գերակա ռազմավարական խնդիրը՝ աշխատանք պաշտպանական ինքնաբավության ուղղությամբ, եւ աշխատանք պաշտպանական արտաքին ռեսուրսային աջակցության ուղղությամբ:
Արդյունավետ արտաքին աջակցության ապահովումը կախված է այն հանգամանքից, թե որքան արդյունավետ է Հայաստանը զարգացնում իր ինքնիշխան եւ ինքնաբավ պաշտպանունակությունը: Այստեղ այլընտրանք չունի հենց ազգ-բանակ հայեցակարգով պետական կյանքի կազմակերպումը: Դրա առնչությամբ առկա է երկու թյուրիմացություն: Նախ այն, որ այդ հայեցակարգը քաղաքական նկատառումներով կամ ռազմա-քաղաքական անհամարժեքության բերումով նույնացվեց նախկին իշխանության հետ, ինչ է թե այդ հայեցակարգի մասին խոսել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Մյուս թյուրիմացությունը կամ գիտակցական նենգափոխումն այն է, որ ազգ-բանակ հայեցակարգը նույնացվում է «զորանոցային պետության» հետ:
Մինչդեռ, ազգ-բանակ հայեցակարգը ենթադրում է հենց ռազմա-քաղաքականի եւ քաղաքացիականի փոխլրացման եւ դրա շնորհիվ պետության համաշխարհային մրցունակության ու պաշտպանունակության դինամիկ աճի մեխանիզմ: Մեխանիզմ, որը Հայաստանի հակառակորդներին թույլ կտա գիտակցել, պատկերացնել, որ Հայաստանի հանդեպ ագրեսիվ նկրտումների պարագայում գործ ունեն առնվազն 3 միլիոնանոց աշխատող պաշտպանական մեխանիզմի հետ: Դա կարեւոր է, որովհետեւ Հայաստանի անվտանգային միջավայրում առկա անմիջական սպառնալիքները բազմապատիկ գերազանցում են այն ռեսուրսները, որոնք տնօրինում է Հայաստանը: Ազգ-բանակը այդ ռեսուրսների օգտակար գործողության գործակցի բազմապատկման մեխանիզմն է, այդ թվում համահայկական ռեսուրսի արդյունավետ ներգրավման շնորհիվ: Իհարկե, այստեղ հարկ է նկատել, որ կարեւորը տրամաբանությունն է, հայեցակարգը, դրա բովանդակային պատկերացումները, ոչ թե փողոցում պաստառների տեսքով տարածումը կամ կենացի տեսքով ելույթների մեջ ներառումը:
Իսկ թուրքական պլանի մասով ներկայում տարածում ստացած տեղեկությունը ամենեւին նոր չէ, այն մի անգամ արդեն իսկ տարածվել է 2019-ի նոյեմբերին: Ըստ այդմ ավելի շուտ հետաքրքիր է դառնում հարցը, թե ինչու՞ է այն տարածվում դարձյալ, Հայաստանի ներկայիս այսպես ասած ներքին բուռն, հայտնի իրադարձություններին զուգահեռ: Այստեղ դիտարկման կամ արձանագրման է արժանի նուրբ մի պահ, թե հայաստանյան հանրության գիտակցությունն ինչպես է արձագանքում Թուրքիայի սպառնալիքի հանգամանքին: Այդ արձագանքը եթե ոչ ամբողջապես, ապա գերակշռող մասով գնում է այն ուղղությամբ, որ Թուրքիան սպասում է ներխուժման պահի, եւ դա կարող է կանխել միայն Ռուսաստանը:
Ռուսաստանի դերն իր դրական եւ բացասական ասպեկտներով առանձին քննարկման հարց է ընդհանրապես հայկական պետականության ռազմա-քաղաքական ապագայի կոնտեքստում: Բայց, ինչու՞ է այժմ, այս ներքին պահին տարածվում թուրքական սպառնալիքի մասին մեկ անգամ տարածված, ըստ էության որեւէ նոր բան չպարունակող տեղեկատվությունը հայկական համացանցային-տեղեկատվական տիրույթում: Այն դեպքում, երբ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները փաստացի ուղղված են հայկական ներքին կյանքի վրա ռուսական ազդեցության օջախային երեւույթները չեզոքացնելուն:
1in.am-ը գրում է.
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհում շատ նավթ ու գազ կա և Բելառուսը կարող է գտնել ռուսական գազին այլընտրանք: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է նվազեցնի գազի գինը: Բելառուսն օրերս ստացավ ամերիկյան նավթի առաջին խմբաքանակը, որի վերաբերյալ պայմանավորվածություն ամիսներ առաջ ձեռք էր բերվել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ Բելառուս այցի ընթացքում: Թվում է, որ միանգամայն իրատեսական է նաև գազի հարցում այլընտրանք գտնելը: Լուկաշենկոն այժմ ունի ներքին լուրջ հարցեր՝ նախագահի ընտրության հետ կապված: Նա հայտարարել է, որ ռուսաստանցի օլիգարխները ֆինանսավորում են ընդդիմությանը: Բելառուսի նախագահի շոշափած հարցերը, մեղմ ասած, բավականին մոտ են Հայաստանի մաշկին, ընդ որում՝ թե՛ գազի գնի, թե՛ նաև ներքաղաքական կոչված վիճակի առումով: Երևանն առայժմ չի խոսում էներգետիկ այլընտրանքի մասին, փոխարենը բավականին կոշտ լեզվով է խոսում ներքաղաքական կյանքում, մասնավորապես խորհրդարանում և քաղաքական դաշտում երկրորդ ուժի՝ ԲՀԿ և նրա առաջնորդի հետ: Ի դեպ, այստեղ պատկերն, իհարկե, հետաքրքիր է այն իմաստով, որ խոսքը այս դեպքում ոչ թե ռուսաստանցի որևէ օլիգարխի փողով սնուցվող ուժի մասին է, այլ հայաստանյան օլիգարխի կամ խոշոր սեփականատիրոջ, որը նաև Բելառուսի նախագահի ընկերն է: Ի դեպ, այստեղ իսկապես ուշագրավ խաչաձևումներ կան:
Բանն այն է, որ գազի գնի զգայուն և կարևոր խնդրի հարցում Բելառուսը փաստորեն Հայաստանի դաշնակիցն է: Նիկոլ Փաշինյանը այդ հարցում սերտ շփման մեջ է Լուկաշենկոյի հետ: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի ընկերն է: Կարո՞ղ է արդյոք Բատկան միջնորդել առկա ներքին թեժ բախումը սառեցնելու հարցում, թե՞ նա ունի իր ներքին խնդիրները և այդ առումով ոչնչով չի կարող օգնել Ծառուկյանին կամ խանգարել Փաշինյանին, հաշվի առնելով նաև այն, որ Մոսկվայի հետ բարդ հարաբերություններում ներկայումս իր համար առավել օգտակար է ուժեղ դիրք ունեցող Փաշինյանը: Իհարկե, այդ խաչաձև շահերի հանգույցից դուրս առանցքային հարցն այն է, թե արդյոք Հայաստանն ի վիճակի է նույն կերպ դնել այլընտրանքի հարց և գտնել լուծում, հաշվի առնելով այն մերժողական դիրքորոշումը, որ ունի Մոսկվան, և այն քաղաքական պահանջները, որ դրվում են գազի գնի դիմաց և ընդունելի չեն Հայաստանի համար: Թե՞ Փաշինյանը խնդրի լուծում է տեսնում ներքին դաշտում ուժի ցուցադրությունը՝ Մոսկվայի հետ այլ բովանդակությամբ և շեշտադրումներով քննարկումներ իրականացնելու համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Բավական սրված են ԲՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության հարաբերությունները:
Պարզվում է՝ Արթուր Վանեցյանը ՀՅԴ-ի, «Մեկ հայրենիք» և այլ քաղաքական ուժերի հետ հարաբերվելիս հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը պաշտպանում է իր վարչապետական հավակնությունները և պատրաստ է հենց իրեն տեսնել, այսպես կոչված, «Ազգային համաձայնության» կառավարության ղեկավարի դերում:
Սակայն Ծառուկյանը հերքել է նման տեղեկությունները՝ հայտարարելով, որ ինքը չի կարող աջակցել մի մարդու, ով դավաճանեց իրեն գեներալի ուսադիրների արժանացրած և քաղաքային ստորաբաժանման ղեկավարից ԱԱԾ տնօրեն դարձրած մարդուն, ով նույն հաջողությամբ կարող է դավաճանել նաև իրեն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով Ազգային ժողովում որոշում կայացնելուց հետո իշխանություններն անցնելու են խորհրդարանում Սահմանադրական դատարանի հարցը կարգավորելուն: Ինչպես հայտնի է, դեռ մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստացվել է, եւ մոտ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարան կներկայացվի արդեն Սահմանադրական դատարանի մասով համապատասխան նախագիծը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ իշխանությունները մշակել են ՍԴ ճգնաժամի լուծման ուղիներից մեկը: Եվ, ըստ այդ տարբերակի, Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել: Եվ այս պարագայում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ դատարանի անդամ, իսկ երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի:
Այսինքն՝ վեթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, ու առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանքից հետո կուսակցության փաստացի ղեկավարումը կարող է իրականացնել Նաիրա Զոհրաբյանը:
Կուսակցության կանոնադրությամբ Զոհրաբյանը կուսակցության նախագահից հետո դե յուրե երկրորդ մարդն է, նա կուսակցության գլխավոր քարտուղարն է:
Ի տարբերություն 2015 թվականի, երբ Ծառուկյանը հրաժարական տվեց կուսակցության նախագահի պաշտոնից, այս անգամ նման բան տեղի չի ունենա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում պատգամավորները կողմ քվեարկեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, և նրա նկատմամբ ազատությունից զրկելու թույլտվություն տրվեց: Երկու միջնորդությունների ժամանակ էլ քվեարկությանը մասնակցեցին և կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու Արման Բաբաջանյանը, և ստացվեց 87 կողմ ձայն:
Ծառուկյանն այդ ողջ ընթացքում ԱԱԾ-ում հարցաքննվում էր: ԱԺ որոշումից հետո շտապեցին հայտարարություններ տարածել արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Նախ հայտարարություն տարածեց Հանրապետական կուսակցությունը, ապա համատեղ հայտարարությամբ հանդես եկան «Հայրենիք», ՀՅԴ և «Մեկ Հայաստան» կուսակցությունները, որն ավելի շատ համախմբելու կոչ էր: «Պահանջում ենք գործող իշխանություններից դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճը և անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նաև քաղաքական և հասարակական ուժերին՝ համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ և ներուժով հաղթահարել մեր պետականությանն ուղղված մարտահրավերները», – ասված էր այս հայտարարության մեջ։
Այսպիսով, արտախորհրդարանական ուժերը «հուժկու» հայտարարությամբ ասում են, թե Գագիկ Ծառուկյանի կողքին են, սակայն իրականում նրանք բավարարվեցին միայն հայտարարություններ տարածելով, այլ ոչ թե անձամբ, ֆիզիկական ներկայությամբ նրան սատարելով: Տպավորություն է, որ իշխանության դեմ պայքարը նրանք պատկերացնում են հայտարարություններով կամ սոցիալական ցանցերում մեկնաբանություններ գրելով: Ընդ որում, նկատենք՝ ընդդիմադիրները, ոգեշնչված նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին տարած հաղթանակով, կարծում են, թե օնլայն պայքարով իրենք էլ իշխանության կգան, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը սկսեց հաղթել այն ժամանակից, երբ քայլ արեց և քաղաքացիներին էլ ստիպեց, որ ամեն մեկն իր քայլն անի:
Ի՞նչ է կատարվում հիմա. Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ն համաձայնում է զրկել ազատությունից, սակայն ընդդիմությունը «քայլում է»՝ համացանցում հայտարարություններ տարածելով: Իրականում հասկանալի է, որ նրանք վախեր ունեն, իսկ վախկոտ ընդդիմությունը, բնականաբար, չի կարող հաջողություն ունենալ: Եվ արդեն վստահաբար կարելի է ասել՝ այն կոնսոլիդացիան, ինչի մասին խոսում են, չի կայանալու: Ու մի բան էլ. նկատենք, որ այն անձինք, որոնք ցանկանում են դերակատարում ունենալ քաղաքականության մեջ, պետք է անձամբ գնան զրկանքների և լինեն ամենասուր տեղերում: Եթե մարդիկ ուզում են, իրենց տանը նստած, քաղաքական հերոսներ հռչակվել, ապա պետք է հասկանան, որ ի սկզբանե ձախողված են»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյանի մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչներ նրան վստահեցրել էին, որ «Իմ քայլը» խմբակցությունը այն աստիճան պառակտված է, որ եթե իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը դրվի քվեարկության, ապա չի հավաքի անհրաժեշտ թվով ձայներ:
Քվեարկությունից հետո այդ մարդիկ ուզում են Ծառուկյանին րոպե առաջ տեսնել կալանավայրում, քանի որ չգիտեն, թե ինչ պատասխան են տալու նրան»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի հունիսի 12-ին Սնանկության դատարան է դիմել «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը և հետախուզման մեջ գտնվող, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանին տանում է հարկադիր սնանկացման: Այս վարկային կազմակերպությունը Ուզունյանից 5 մլն դրամ գումար է պահանջում: Նկատենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, և նախկինում ևս ցանկացել են հարկադիր սնանկացման տանել, սակայն հարցը հետագայում կարգավորել են: Հիմա դատավորը հետախուզման մեջ է գտնվում, և հարկադիր սնանկացումն անխուսափելի է:
Նշենք, որ կաշառակերության մեջ մեղադրվող դատավորը Հայաստանը լքել էր 2019 թվականի դեկտեմբերին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ նա Հայաստանի սահմանը հատել է «Զվարթնոց» օդակայանով: Հավելենք՝ նախկին դատավոր Ուզունյանը մեղադրվում է շուրջ 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ։ Ըստ Դատախազության՝ Ուզունյանը 2007-ին, ապա և 2014-ին քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ մի դեպքում՝ 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է հերթական փոփոխությունը կատարել Հարկային օրենսգրքում, որի նպատակը հանքարդյունահանողների կողմից ցույց տրվող ծախսերը վերահսկելն է:
Ընկերությունները մշտապես շահագրգռված են մեծ ծախսեր ցույց տալ՝ դրանով թաքցնելով իրենց իրական եկամուտները և ըստ այդմ՝ նվազեցնելով վճարվող հարկերը:
Հիմք ընդունելով միջազգային փորձը՝ կառավարությունը մտադիր է սահմանել մեկ տոննա պղնձի խտանյութի վերամշակման ծախսերի առավելագույն շեմ, որը թույլ չի տա հանքարդյունահանողներին զբաղվել մանիպուլյացիաներով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքից: Բանն այն է, որ այդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակիցները, կուսակիցները հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, անգամ փակել էին Նալբանդյան և Խանջյան փողոցները: Բայց քանի որ Հայաստանում արտակարգ դրության ժամանակ արգելվում են հավաքները, ուստի մի խումբ անձանց նկատմամբ կանոններին չենթարկվելու, երթևեկությունը խաթարելու առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ու թեև այդ օրը ԲՀԿ խմբակցության պատգամավորները ևս նստել էին գետնին, խոչընդոտում էին երթևեկությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ որոշում չկա, որ պատգամավորներին ևս կներգրավվեն այս գործում` որպես մեղադրյալների:
Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործով կարող է անցնել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը, որը դեռ Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմաց իրենց միանալու կոչեր էր անում: Նրա ակտիվությունը գրավել է իրավապահների ուշադրությունը:
Ամեն դեպքում, այս մասով հստակեցումներ կլինեն միայն այսօր»: