Ալիեւը հրաժարվեց. Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնում կոշտ հարվածից հետո


Ալիեւը հրաժարվեց. Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնում կոշտ հարվածից հետո

  • 18-06-2020 17:32:54   | Հայաստան  |  Վերլուծություն

Իլհամ Ալիեւը Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում տեղի ունենալիք Հաղթանակի շքերթին: Պուտինը, ըստ հաղորդագրության, ըմբռնումով է մոտեցել Ալիեւի որոշմանը:
 
Ադրբեջանում կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությունն ավելի բարվոք է, քան Հայաստանում, բայց դատելով ընդհանուր իրավիճակից, վիճակագրությունը թերեւս չի արտացոլում բոլոր բարդությունները, քանի որ Բաքվի քայլերը ամենեւին համարժեք չեն այդ վիճակագրությանը: Ադրբեջանում անգամ առաջատար ԶԼՄ է դադարեցրել իր աշխատանքը, իբրեւ թե կորոնավիրուսի պատճառով: Ընդ որում, ռուսալեզու ԶԼՄ, որն ընդգծված հեգնում ու թիրախավորում էր Ռուսաստանին, հատկապես Թուրքիայի հետ սիրիական եւ լիբիական դիմակայությունում:
 
Դրան զուգահեռ, ռուս-ադրբեջանական դաղստանյան սահմանին կուտակված են Ռուսաստանի տարբեր քաղաքներից հավաքված ադրբեջանցիներ, որոնք ուզում են վերադառնալ Ադրբեջան, սակայն Բաքուն չի ընդունում: Այդ թեմայով մի քանի շաբաթ առաջ Ալիեւին էր զանգահարել Պուտինը, իսկ ժամեր անց Լավրովը զանգահարել էր Մամեդյարովին: Բայց վիճակը չի փոխվում, իսկ Դաղստանի սահմանին ադրբեջանցիերն անկարգություններ են հրահրում, եւ տեղի իրավապահները ստիպված են ուժ կիրառել կարգուկանոն հաստատելու համար:
 
Չի բացառվում, որ այն, ինչ կատարվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունում, պայմանավորված է ռուս-թուրքական գործընկերության ռազմավարական ճգնաժամով, որն արձանագրում են նաեւ ռուսաստանցի հեղինակավոր փորձագետները: Պարզապես, այս անգամ ռուս-թուրքական «արանքում» մնում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Հայաստանն այլեւս ռեգիոնալ թույլ օղակը չէ: Այդ կարգավիճակում հայտնվել է Ադրբեջանը:
 
Հատկանշական է, որ մոսկովյան շքերթից առաջ նկատվեց ռուսական շրջանակներից ճնշման աշխուժացում Հայաստանի վրա, օգտագործելով Հայաստանի ներքին հարցերը եւ դրանցով մոտիվացվող որոշակի սուբյեկտների: Սակայն դրան հաջորդեց պաշտոնական Երեւանի պատասխան ուժգին հարվածն այն «համակարգային հիմքերին», որոնք ավանդաբար եղել են Հայաստանի վրա ճնշման հենակետ:
 
Շքերթից առաջ ճնշումը չստացվեց, միաժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ եթե Բաքվի վերնախավը չի երկխոսի Երեւանի հետ խաղաղության տրամաբանության շրջանակում եւ կփորձի շարունակել ռազմաշունչ շանտաժը, ապա դրանով հնարավոր չէ որեւէ կերպ վախեցնել կամ որեւէ բովանդակություն պարտադրել Երեւանին:
 
Այդ հայտարարությունից հետո հայտնի է դառնում, որ Ալիեւը չի մեկնի Մոսկվա: Երբ Հայաստանը վարում է ինքնիշխան քաղաքականություն, Ալիեւը Մոսկվայում անելիք չունի: Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնում արդեն իսկ նշանակալի հաղթանակով, որը պետք է շարունակել զարգացնել՝ աշխատելով Հայաստանում դիմադրունակությունն արգելակող համակարգային խնդիրների ուղղությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play