Ովքեր են օգնում Ռոբերտ Քոչարյանին. ռեֆորմի եւ պատժի արանքում


Ովքեր են օգնում Ռոբերտ Քոչարյանին. ռեֆորմի եւ պատժի արանքում

  • 19-06-2020 15:15:18   | Հայաստան  |  Վերլուծություն

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ մի խումբ գործարարներ ու բարերարներ պատրաստակամություն են հայտնել վճարել 2 միլիարդ դրամ գրավը, որի դիմացՌոբերտ Քոչարյանը կարող է հայտնվել ազատության մեջ, կփոխվի նրա խափանման միջոցը:
 
Երկրորդ նախագահը չհրաժարվեց գրավով ազատության մեջ հայտնվելու հնարավորությունից, թեեւ ակնարկել էր, որ խոսքը բավական մեծ փողի մասին է: Փողը փաստորեն տալիս են այլք, ինչով Քոչարյանների ընտանիքը թերեւս փորձում է նախ եւ առաջ ցույց տալ, որ թյուր են իրենց մի քանի միլիարդ դոլար կարողություն վերագրելու մասին հայտարարությունները, իրենք չունեն անգամ 2 միլիարդ դրամ եւ ստիպված են օգտվել գործարարների օգնությունից:
 
Ովքեր կհավատան դրան, արդեն այլ հարց է:
 
Քաղաքական իմաստով, Ռոբերտ Քոչարյանի ազատությունը ստեղծում է նոր իրավիճակ: Մասնավորապես, այն սրում է ներհասարակական տրամադրությունները, բեւեռացնում դրանք, թեեւ մինչ այդ էլ կարծես թե սրության ու բեւեռացման պակաս չէր զգացվում Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունների բերումով:
 
Մյուս կողմից, հերթական անգամ դրսեւորվում է այն, որ Հայաստանում մեղմ ասած խնդրահարույց է հանրային հոգեբանության ու գիտակցության, պատկերացումների, չափորոշիչների ու կողմնորոշիչների դաշտը, որում Հայաստանը պետք է իրականացնի քաղաքական, դատաիրավական ռեֆորմացիա: Այդ միջավայրի հիմնահատակ խեղման պատասխանատուն նախկին իշխող համակարգն է, եւ իհարկե նախկին ընդդիմադիր շրջանակների մի գերակշռող մեծամասնություն, որոնք քաղաքական հաջողությունը փնտրել են նաեւ մարդկային ատելության վրա խաղի միջոցով:
 
Ներկայումս այդ հանգամանքը լրջագույն խնդիրներ է առաջացրել հետհեղափոխական ռեֆորմացիայի համար: Բանն այն է, որ ռեֆորմացիայի ճանապարհը, խոշոր հաշվով, ոչ միշտ է, որ անցնում է պոպուլյար ուղղություններով:
 
Ռեֆորմացիան եւ պատիժը ամենեւին նույն բանը չեն, սակայն ակնառու է, որ դրանք նույնացված են օբյեկտիվ ու սուբյեկտիվ ընկալումների բերումով: Ընդ որում, հասարակական կյանքի ընթացքում շարունակում է տրենդային մնալ հենց այդ նույնացումը խորացնող, քան հակառակ՝ ռեֆորմացիայի շուրջ խորքային դիսկուրս ծավալող քննարկումը:
 
Դրան իհարկե իր նպաստն է բերում նաեւ իշխող նախկին համակարգը, որը եւս ընտրել է նույնացման ճանապարհը, քանի որ դա տալիս է նենգափոխումների ու շահարկումների վրա խաղի շնորհիվ խաղից դուրս չմնալու լավ հնարավորություն: Խաղից դուրս է մնում հանրային ու պետական արդիականացման օրակարգը: Հեղափոխությանը, դրա անարյուն, թավշյա բացառիկ հաջողությունից հետո որեւէ կերպ թույլ չեն տալիս մտնել այդ օրակարգի դաշտ, անընդհատ պահելով ռեֆորմացիայի եւ պատժի նույնացման ճահճում:
 
Դրա հետեւանքով գործնականում չի գտնվում թե մեկի, թե մյուսի խորքային լուծում, որովհետեւ խնդիրը հենց նենգափոխված է խորքից: Կան հայրենասիրության բազմաթիվ ճառասացներ բազմաթիվ դաշտերում ու ճամբարներում, չկա իրական պետական էլիտա, որը ստանձնի պատիժն ու ռեֆորմացիան տարանջատելու եւ հանրության հետ ապագայի մասին «ծուռ նստելու եւ շիտակ խոսելու» համարձակություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play