Երեւանի նամակն ու Պուտինի տխուր շքերթը. ամեն ինչ ավարտվեց դեռ չսկսած


Երեւանի նամակն ու Պուտինի տխուր շքերթը. ամեն ինչ ավարտվեց դեռ չսկսած

  • 20-06-2020 13:05:44   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում հունիսի 24-ին տեղի ունենալիք Հաղթանակի 75-ամյակի հետաձգված շքերթին: Հայաստանի վարչապետը պատճառաբանել է կորոնավիրուսի համաճարակը, որի հետ կապված հայաստանյան իրադրությունը նրան թույլ չի տալիս «շեղվել» շքերթի: Նիկոլ Փաշինյանն այդ մասին նամակով հայտնել է Պուտինին: Դրանից երկու օր առաջ Պուտինին նույն պատճառաբանությամբ Մոսկվա չմեկնելու մասին հայտնել էր Ալիեւը՝ Ադրբեջանում կորոնավիրուսի վիճակը նույնպես բարդ է, ավելի, քան պաշտոնական վիճակագրությամբ: Ընդ որում, այդ վիճակը նաեւ ռուս-ադրբեջանական խնդրի պատճառ է Դաղստանում:
 
Հազիվ թե հրավերն ընդունելիս վարչապետ Փաշինյանն ակնկալեր, որ մինչ հունիսի 24-ը Հայաստանում էապես փոխվելու է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վիճակը: Ավելին, մի քանի օր առաջ, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Կիրգիզիայի նախագահի հետ, եւ դրա ընթացքում կողմերն ակնկալել էին Մոսկվայում հունիսի 24-ին հանդիպել եւ քննարկել երկկողմ հարցեր:
 
Ինչու՞ չի մեկնում Հայաստանի վարչապետը: Մոսկովյան շքերթին մասնակցելու Պուտինի հրավերից հրաժարվել են մի շարք այլ ղեկավարներ, այդ թվում Թուրքմենիայի նախագահը, Ճապոնիայի վարչապետը: Անկասկած, յուրաքանչյուրն ունի իր խնդիրը Պուտինի հետ, կամ ավելի շուտ՝ Պուտինը յուրաքանչյուրի հետ ունի իր խնդիրը:
 
Կա նաեւ Պուտինի լայն խնդիր: Փաստացի մերժվել է նրա առաջարկը՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 անդամներով քննարկել նոր աշխարհակարգի հարց: Կորոնավիրուսային համավարակը ձեւավորել է նոր՝ ամերիկա-չինական ստատուս-քվո, որը դիմակայության ռեժիմում գնում է դեպի ամրապնդման: Ակնառու է, որ լավագույն դեպքում կարող է լինել՝ 2-3 ձեւաչափ, այսինքն յուրօրինակ բուրգ ամերիկա-չինական գագաթով: Մյուս կողմից, սակայն, ակնառու է, որ Ռուսաստանին հնգյակից դե ֆակտո դուրս մղելու աշխույժ ջանք են գործադրում Գերմանիան եւ Թուրքիան:
 
Թուրքիան գնում է ընդհուպ ռազմական քայլերի, իսկ Գերմանիայի դաշնային դատախազությունը Ռուսաստանի կառավարությանը մեղադրել է չեչեն նախկին դաշտային հրամանատար Զելիխման Խանգոշվիլիի սպանությունը պատվիրելու համար:
 
Հունիսի 24-ի շքերթի մասին հապճեպ որոշումով ՌԴ նախագահը ըստ ամենայնի փորձում էր «լավ դեմք անել վատ եղանակի պայմաններում»: Բայց դա ըստ երեւույթին չի ստացվում, քանի որ շքերթը զրկվում է կարեւոր հյուրերից, որոնց թվում նաեւ Հայաստանի վարչապետը: Եվ բանն այստեղ վարչապետի անձը չէ, այլ հենց Հայաստանի հանգամանքը:
 
Բանն այն է, որ «վատ եղանակին լավ դեմք» անելու ջանքի շրջանակում Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է «վատ եղանակ» ստեղծել Հայաստանում, օգտվելով Հայաստանում որոշակի դեմքերի ծառայությունից: Ըստ երեւույթին, այդ գործում հաջողությունից էր կախված լինելու Ալիեւի մասնակցությունը շքերթին: Երեւանը սակայն կոշտ պատասխանով փաստորեն «ստիպեց» Ալիեւին հրաժարվել:
 
Հաջորդիվ, շթերքից առաջ Երեւանը «նվեր» մատուցեց Պուտինին՝ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Հարց, որը Մոսկվա-Երեւան հետհեղափոխական բազմաշերտ եւ համառ խաղի բարդ հանգույցներից մեկն է: Հարց, որը Երեւանի վրա Մոսկվայի այսպես ասած հոգեբանական ճնշման առիթ էր, ինչի համար էլ թերեւս Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Ռուսաստանում ապաստանած մի շարք պաշտոնյաների, հայտնվել էր հայկական արդարադատության ներքո: Այժմ այդ առիթը Երեւանը փաստորեն շրջում է Մոսկվայի դեմ, եւ դատարանի որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է մեկնել շքերթի, Պուտինին փաստորեն ակնարկելով, որ կան քննարկելու հարցեր եւ սպասում է մոտալուտ հանդիպմանը:
 
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ հայտարարություններ արեց Ադրբեջանի հասցեին, ակնարկով, որ նոր աշխարհակարգում Երեւանը մտադիր է լինել պայմանավորվածությունների սուբյեկտ, ոչ թե օբյեկտ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play