Ռոբերտ Քոչարյանի անսպասելի որոշումը. նոր իրավիճակ


Ռոբերտ Քոչարյանի անսպասելի որոշումը. նոր իրավիճակ

  • 25-06-2020 17:45:05   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հունիսի 25-ի առավոտյան հետ են վերցրել երկրորդ նախագահի գործի սահմանադրականության վերաբերյալ դիմումը ՍԴ-ից: Նրանք այդ քայլը պատճառաբանել են նրանով, որ եթե Լուսավոր Հայաստան կուսակցությանը Ռոբերտ Քոչարյանի գործն էր կաշկանդում միանալ ՍԴ կազմի վերաբերյալ խորհրդարանի ընդունած օրենքների սահմանադրականության հարցը վիճարկելու ԲՀԿ նախաձեռնությանը, ապա իրենք հետ են վերցնում դիմումը, որ ազատեն ԼՀԿ ձեռքը:
 
Լուսավոր Հայաստանը կարճ ժամանակ անց հայտարարել է, որ եթե փաստաբանները հետ են վերցրել դիմումը, դա դեռ չի նշանակում, որ հուլիսի 7-ին հարցը չի քննվելու ՍԴ-ում: Պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները շատ լավ գիտեն այդ մասին, եւ այդպիսի հայտարարություն անելը նշանակում է քաղաքականացնել հարցը:
 
ԼՀԿ-ն հայտարարել է, որ կմիանա հարցի սահմանադրական վիճարկմանը ՍԴ-ում Քոչարյանի գործի քննությունից հետո: Կուսակցությունը պատճառաբանում է, թե այդ դիրքորոշումը ունի մեկ պատճառ՝ ՍԴ կազմի հարցը մաքուր իրավական են դիտարկում եւ այդ իսկ պատճառով ուզում են տարանջատել Ռոբերտ Քոչարյանի գործից:
 
Այլ կերպ ասած, ԼՀԿ փաստացի արձանագրում է, որ հիմնավոր է համարում քաղաքական մեծամասնության կասկածը, թե Սահմանադրական դատարանը ենթարկվելով նախկին համակարգի ճնշմանը, կայացնելու է երկրորդ նախագահին քրեական պատասխանատվությունից ազատելու որոշում:
 
Ընդհանուր առմամբ, սակայն, դիմումը հետ վերցնելու որոշմամբ ԼՀԿ-ին արվող «հղումը» թերեւս մակերեսն է, իսկ խորքային տեսանկյունից այն կարող է պայմանավորված լինել Վերաքննիչ դատարանի որոշումով, որով փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Դատախազությունը հայտարարել է, որ ներկայացնելու է Վճռաբեկ բողոք: Կփոխի՞ Վճռաբեկը Վերաքննիչի որոշումն ու կվերադարձնի՞ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ:
 
Այստեղ հարցը, հանրային զգացմունքներից դուրս, ունի բավականին հետաքրքիր քաղաքական շերտեր: Տես՝ Տարօրինակ վիճակ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ:
 
Արդյոք դիմումը հետ վերցնելու Ռոբերտ Քոչարյանի որոշման հարցում կարող էր դեր ունենալ Սերժ Սարգսյանի հետ նրա հանդիպումը, հաշվի առնելով նաեւ այն, որ հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի կասկածի «գլխավոր օբյեկտը», առավել եւս նկատի ունենալով իր՝ «գլխավոր մեղադրյալի» կարգավիճակում հայտնված լինելու հանգամանքը:
 
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կանցնե՞ն բաց մրցակցության ու քաղաքական պայքարի, ի տարբերություն գրեթե մեկ տասնամյակ հեռակա ու հեռահար դիմակայության, թե՞ կսկսեն բաց գործակցություն: Երկու դեպքում էլ գործընթացն ըստ էության ստիպելու է նախկին համակարգին բացվել առավելագույնս, ինչի մասին ի դեպ հունիսի 26-ին ԱԺ ամբիոնից խոսում էր վարչապետ Փաշինյանը:
 
Արդյոք նա ստանձնում է այդ գործընթացի «ժողովրդական արբիտրի» դերը, ինչն էլ ավելորդ է դարձնում որեւէ դիմում ՍԴ-ում, առավել եւս փաստորեն անցումային փուլում հայտնվող ՍԴ-ում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play