Հայաստանում մեկնարկում է Գյումրիի Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների մշակման միջազգային մրցույթը

01-07-2020 12:58:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը մեկնարկում է Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը: Հայտերը կընդունվեն 2020 թ.-ի հուլիսի 1-29-ը:
 


Մրցույթը մաս է կազմում Գյումրիի համալիր զարգացման և վերականգման ծրագրի, որն իրականացվում է «Հայաստան 2020» նախաձեռնության շրջանակում: Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:
 
Մրցույթի նպատակն է քաղաքի ինքնության առանձնահատկություններն արտացոլող և միջազգային փոխօգնության գաղափարը ներկայացնող ճարտարապետանախագծային լավագույն լուծումների ընտրությունը: Այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի օբյեկտների իրագործումը թույլ կտա ողջ աշխարհից միավորված տաղանդավոր ճարտարապետներին դառնալ ժամանակակից հանրային տարածքի համահեղինակներ և ավելի բազմազան դարձնել քաղաքի արտաքին պատկերը:
 
Մրցույթը կանցկացվի 2 փուլով:
Առաջին փուլի արդյունքներով ժյուրիի անդամները կընտրեն 20 մասնակցի ճարտարապետական լուծումների մշակման համար: Մասնակիցները կստանան տեխնիկական առաջադրանք, որը կներառի այգու դիզայն-նախագծի և օբյեկտների մշակման պահանջների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Երկրորդ փուլի արդյունքներով, ժյուրին կընտրի հաղթողներին 3 անվանակարգում: 
 
2020 թ.-ի հոտեմբերին կհայտարարվեն հաղթողները և կներկայացվի այգու վերջնական դիզայն-նախագիծը: Հաղթողները հնարավորություն կունենան իրականություն դարձնել իրենց ճարտարապետական նախագծերը Գյումրի քաղաքի նոր հանրային տարածքում: 
Ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն հեղինակավոր փորձագետներ, որոնց թվում են ճարտարապետ և հետազոտող Անդրեյ Իվանովը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, լանդշաֆտային ճարտարապետ և «Glaßer und Dagenbach GBR» բյուրոյի հիմնադիր Ուդո Դագենբախը, OFFCON բյուրոյի գլխավոր ճարտարապետ և գործընկեր Ֆյոդոր Ռաշևսկին, ՀՀ Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը:  
 
Այգին գտնվում է քաղաքի հյուսիսային մասում` պատմական կենտրոնի և բնակելի, արդյունաբերական շրջանների միջև ընկած հատվածում: Քաղաքի կենտրոնական փողոցը միացնում է Գյումրու բոլոր գլխավոր տեսարժան վայրերը և հանրային տարածքները: Վերականգնված այգին կդառնա քաղաքի կենտրոնում այդ երթուղով անցնող առաջին ժամանակակից կանաչ տարածքը, որը մեծ
ճանաչում է վայելում տեղի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում:
 
«Բարեկամության այգու վերականգնումը մեծ նշանակություն ունի գյումրեցիների համար: Վերականգնված այգին կդառնա մի յուրօրինակ նախագիծ, որը կխթանի զբոսաշրջությունն ու կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները: Մենք ուրախ ենք, որ գյումրեցիները ընդունել են և խիստ կարևորում են այս նախաձեռնությունը: Այս նախագիծը միավորել է բազմաթիվ մարդկանց և իրապես դառնալու է բարեկամության և երախտագիտության այգի»,-ասում է IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: 
 
Ծանոթացեք մրցույթի պայմաններին և լրացրեք հայտադիմումը մրցույթի պաշտոնական  կայքում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 236 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար