Համայնքը՝ ոստիկանության կողքին

01-07-2020 15:06:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արդեն մեկ շաբաթ արտակարգ դրության կանոնների պահպանմանը ոստիկանների հետ միասին հետևում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Համատեղ միջոցառումներում ներգրավված է շուրջ 220 համայնքային ծառայող: 
«Կարելի է ասել ամբողջ ստորաբաժանումները ներգրավված են՝ հիմնականում հասարակական կարգի պահպանության ծառայությունը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, առևտրի վարչությունը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:
 


«Վարչական շրջանի տարածքը բաժանված է ըստ հասցեների, աշխատողները ոստիկանության հետ առավոտից մինչև ուշ գիշեր պտտվում են, հորդորում են քաղաքացիներին կրել դիմակ և դրանով փրկել այլոց կյանքերը»,- ասում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը:
 
«Օրական հինգ աշխատակից աջակցում է ոստիկանության ծառայությանը, ոստիկանների հետ շրջում են այգիներում, բակերում և մարդաշատ այլ վայրերում, որտեղ հնարավոր է լինեն դեպքեր, որ մարդիկ չեն կրում դիմակներ»,- նշում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
 
Հայաստանում բնակելի տարածքից
դուրս գտնվելիս հանրային բոլոր բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Շրջայցի ընթացքում մեր նկարահանող խումբը դիմակ կրելու պահանջը չկատարելու մի շարք պատճառաբանություններ լսեց:
 
«Ես խնդրում եմ, որ մեր քաղաքացիները պատշաճ կերպով կրեն դիմակները թե՛ բաց տարածքում, թե՛ փակ տարածքում, որպեսզի վարակի տարածումը մենք կարողանանք կանխել, իրենք իրենց կամքով, այնպես չլինի, որ ոստիկանությանը տեսնեն նոր դիմակները կրեն»,- նկատում է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի տեղակալ Լևոն Մանուկյանը:
«Պետությունն իր առջև խնդիր չի դրել, որ տուգանի քաղաքացուն: Այս մեխանիզմը կիրառվում է զուտ նրա համար, որ մարդիկ, այո՛, նաև գիտակցելով, որ կարող են տուգանվել, և անգամ, եթե չեն գերադասում մտածել իրենց առողջության մասին, գոնե ֆինանսական խնդիր առաջանալու պատճառով կրեն դիմակներ»,- նշում է Ռազմիկ Մկրտչյանը:
 
Մայրաքաղաքում քիչ չէին նաև հակահամաճարակային կանոնները պահպանող քաղաքացիները:
«Համայնքի աշխատակիցների հետ միասին, համատեղ
ուժերով իրականացնում ենք ծառայություն: Բակային տարածքներում ծառայություն իրականացնելով մենք դրական արդյունքների հասանք, և քաղաքացիները պատկերացրեցին, որ պետք է կրեն դիմակներ»,- նշում է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վահան Բաղյանը:
 
Հանրային առողջության ու անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների նպատակը համավարակը միասնական ուժերով հաղթահարելն է:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 242 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար