Կորոնավիրուսը ԵՏՄ-ն շրջել է Մոսկվայի դեմ. զենքը սեղմում է Կրեմլին


Կորոնավիրուսը ԵՏՄ-ն շրջել է Մոսկվայի դեմ. զենքը սեղմում է Կրեմլին

  • 01-07-2020 18:20:40   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսական Գազպրոմը լեհական PGNiG ընկերությանը վճարել է 1,5 միլիարդ դոլար՝ համաձայն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի վճռի: Խոսքը վերաբերում է երկու ընկերությունների միջեւ գազային գնի ձեւավորման վերաբերյալ վեճին:
 
Զուգահեռ, Բելառուսում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Լուկաշենկոն եւ Պուտինը համաձայնության են եկել գազի գնի ձեւավորման հարցում:
 
Լեհաստանին պարտված Ռուսաստանը հաղթել է Բելառուսի՞ն, թե՞ Բելառուսը ՌԴ հերթական պարտությունն է, եւ Պուտինը Լուկաշենկոյի կանոններով է հանգել գազի գնի հարցում փոխըմբռնման: Իհարկե, հնարավոր է, որ Լուկաշենկոն է «ուրացել», գուցե ժամանակավորապես, մինչ կավարտի նախագահի ընտրությունը, որում, ի դեպ, ապակայունացնելու փորձի համար մեղադրում է Ռուսաստանին:
 
Եվրոպական ուղղությամբ գրեթե տոտալ նահանջ արձանագրող Գազպրոմը հետխորհրդային գոտին դիտարկում է իբրեւ փոխհատուցման ռեսուրս: Գազպրոմը դիրքերը էապես զիջել է նաեւ Թուրքիայում, որտեղ հինգ անգամ կրճատվել է ռուսական գազի ներկրումը, եւ Անկարան սկսել է ավելի ու ավելի շատ ներկրել հեղուկ գազ:
 
Դեռեւս ապրիլի 21-ին Սերգեյ Լավրովը «մուննաթ» էր գալիս, որ «նեղ վիճակում» Հայաստանն ու Բելառուսը դնում են սահմանին գազի գնի նվազեցման հարց: Ռուսաստանն իր հերթին դրեց հետխորհրդային ինտեգրացիայի խորացման հարց: Դա խոշոր հաշվով խոստովանություն է, որ ինտեգրացիայի ներկայիս մակարդակը բացարձակապես չի ապահովում այն ազդեցությունը, որ պետք է Մոսկվային: Ավելին, ներկայիս մակարդակում խոշոր հաշվով Մոսկվան է դարձել ինտեգրացիայի պատանդ, ոչ թե հակառակը: Բանն այն է, որ ԵՏՄ բոլոր երկրները ներկայացնում են տնտեսական պահանջներ, հղում անելով կորոնավիրուսային համաշխարհային ճգնաժամին:
 
Ընդ որում, դրանք տրամաբանական պահանջներ են, որովհետեւ, եթե ԵՏՄ-ն նեղ օրվա համար չէ, եթե ԵՏՄ-ն «թթվածնի բալոն» չէ ճգնաժամերի պարագայում, երբ տնտեսություններն ունեն հավելյալ շնչառության կարիք, ապա ինչի՞ համար է այն ընդհանրապես պետք: Դա մի փաստարկ է, որի դեմ Մոսկվան չունի որեւէ ծանրակշիռ հակափաստարկ: Միակը մնացել է «ինտեգրացիայի խորացման» պահանջը, որը սակայն մերժում են բոլորը:
 
Կորոնավիրուսը շրջել է աշխարհը, եւ դրա մեկ վեցերորդ մասի շուրջ ստացվում է ուշագրավ վիճակ. Մոսկվան պարտադրել է ԵՏՄ-ն ում կարողացել է, բայց հիմա այդ պարտադրանքը մնացել է «կոկորդին»: ԵՏՄ երկրները սկսել են նրբորեն Մոսկվայի դեմ խաղալ նրա իսկ զենքով, շրջելով զենքի ծայրը: Որքան Մոսկվան փորձում է այն մղել առաջ, այնքան ծայրը ավելի է սեղմելու իրեն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play