ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է հայ լրագրողների 5-րդ համաժողովի գործադիր մարմնի նիստը


ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է հայ լրագրողների 5-րդ համաժողովի գործադիր մարմնի նիստը

  • 20-04-2011 20:00:12   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է հայ լրագրողների 5-րդ համաժողովի գործադիր մարմնի նիստը, որին համացանցի միջոցով մասնակցում էին նաեւ գործադիր մարմնի` Սփյուռքում գտնվող անդամները: Նիստը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հայաստանից նիստին մասնակցում էին գործադիր մարմնի անդամներ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության եւ «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի նախագահ Տիգրան Հարությունյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Նվեր Նալբանդյանը: Համացանցի միջոցով գործադիր մարմնի նիստին ԱՄՆ-ից մասնակցում էր «Արմինյըն Միրոր Սփեքթեյթըր» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվարյանը, Ֆրանսիայից` «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Ռուսաստանի Դաշնությունից` «Նոեվ Կովչեգ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորել է Սփյուռքի հայկական զանգվածային լրատվամիջոցների դերը հայապահպանության գործում: Հ.Հակոբյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը Սփյուռքի ԶԼՄ-ում առավել ակտիվ լուսաբանելու անհրաժեշտությունը` այս առումով հատկապես կարեւորելով ոչ հայկական ԶԼՄ-ում աշխատող հայազգի լրագրողների դերակատարությունը: Նախարարը ծանոթացրել է նաեւ երիտասարդության տարի հայտարարված 2011 թվականի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվելք ծրագրերը: Քննարկվել են հայ լրագրողների 5-րդ համաժողովից հետո լրատվական դաշտում առկա դրական զարգացումներին, հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հավաքների կազմակերպման, Սփյուռքի հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմինների ստեղծման եւ «Հայկական աշխարհ» նախագիծը ներկայացնելուն առնչվող հարցեր, մանրամասներ են ներկայացվել հունիսի 26-ից հուլիսի 15-ն անցկացվելիք երիտասարդ լրագրողների դպրոց-համաժողովի ծրագրի եւ նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Գործադիր մարմնի սփյուռքյան անդամները ներկայացրել են իրենց տարածաշրջաններում լրատվական դաշտի հիմնախնդիրները: Հստակեցվել են հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հավաքների կազմակերպման ժամկետները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործադիր մարմնի նիստերն այսուհետ գումարել առնվազն ամիսը մեկ անգամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն