«Իմ պատասխանից միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան». Արսեն Թորոսյանի հարցաքննությունն ավարտվել է


«Իմ պատասխանից միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան». Արսեն Թորոսյանի հարցաքննությունն ավարտվել է

  • 03-07-2020 14:42:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ ավարտվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարցաքննությունը:
 
Հիշեցնենք՝ նա այսօր հրավիրվել էր դատարան՝ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով որպես վկա հարցաքննվելու:
 
Լրագրողների հետ ճեպազրույցում Թորոսյանն ասաց, որ բավականին երկար ժամանակ պատասխանեց կողմերի հարցերին. «Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնցից տեղյակ եմ եղել, եւ որոնք, հնարավոր է, փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»: Հարցին՝ սկանդալային էին իր հայտնած տեղեկությունները, որ նիստին լրագրողների մուտքը արգելվեց, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող բնորոշել՝ սկանդալին էին թե ոչ, բայց կարծում եմ՝ իմ պատասխանից, միգուցե, նոր հանգամանքներ ի հայտ եկան, եւ դատարանը կորոշի՝ ինչ անել նրանց հետ»:
 
Լրագրողներից մեկիր հարցին՝ ընդունում է, որ իր ենթական կարող էր կաշառք տալ, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Իմ ընդունելով չէ, ես ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ՝ դրանք ապացուցող կամ հերքող, եւ դատարանը ինքը կորոշի՝ մեղադրանքը ճիշտ էր թե սխալ, այդ ծավալով էր թե այլ կերպ էր, ես այն ժամանակ էլ իմ հայտարարություններով դատապարտել եմ եւ անընդունելի համարել նման գործելաոճը, եւ վերահաստատում եմ, որ նախարարության որեւէ աշխատակից չպիտի մտներ եւ չպիտի մտնի որեւէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ»:
 
Արսեն Թորոսյանը նշեց, որ իր հայտնած տեղեկատվությունը վերաբերում էր նրան, որ ինքը տարբեր բ/կ-ների տնօրենների հետ խոսակցություններ է ունեցել եւ հորդորել մոռանալ նախկինում միգուցե արմատավորված այդ պրակտիկաները եւ հեռու մնալ նախարարության տարբեր աշխատակիցներին առաջարկներ անելուց. «Նույն բանը կատարվել է Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ թե իմ կողմից, այլ միջնորդավորված, եւ ես դրա մասին այսօր վկայություն տվեցի»:
 
Հարցին՝ ում օգտին էր իր վկայությունը, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ ինքը դատարան չէ, որ որոշի. «Ես որեւէ մեկի օգտին ցուցմունք չեմ տալիս, ես տալիս եմ հարցերի պատասխաններ, եւ դատարանը կորոշի, թե ով ինչքա էր մեղավոր, եւ ինչ պատիժ է հասնում»,- ասաց նա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play