Արմեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը. ահա, թե ինչու նա չի ստորագրել փաթեթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



08-07-2020 17:31:44   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Lragir.am-ը գրում է․
Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 8-ին ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագծի մշակման աշխատանքային հանձնախմբի անդամներին: խոսելով Սահմանադրության փոփոխության կարեւորության մասին, Արմեն Սարգսյանը անդրադարձել է հանգամանքին, որ մինչեւ խորհրդարան հասնելը նախագիծը պետք է ունենա լայն հանրային քննարկում, որպեսզի Սահմանադրությունը ծառայի համընդհանուր զարգացմանն ու լինի համարժեք թե հայկական իրողություններին, թե 21-րդ դարին, որում ապրում է Հայաստանը:
Այդ խոսակցության համատեքստում Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ լիազորությունների խնդրին, մասնավորապես խոսելով ներկայիս արդիական թեմայի՝ ՍԴ դատավորների առաջադրման հարցի մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ դատավորների թեկնածուների առաջադրման ներկայիս կարգը ձեւական է, որովհետեւ առաջադրողները երեքն են՝ նախագահ, կառավարություն, ԲԴԽ, սակայն բոլոր թեկնածուներին պետք է ընտրի մեկը՝ խորհրդարանը: Արմեն Սարգսյանը հիշատակել է հետհեղափոխական իրավիճակը, երբ խորհրդարանը թե հին, թե նոր, մերժել է նախագահի առաջադրած թեկնածուների՝ տարբեր պատճառներով: Ըստ Արմեն Սարգսյանի, այդպես կարող է շարունակել անվերջ՝ նախագահը առաջադրի իր սկզբունքների շրջանակում, խորհրդարանը մերժի: Դա կարող է բերել ճգնաժամի, նկատել է Արմեն Սարգսյանը:
Ըստ այդմ, նա առաջարկում է, որ դատավորները նշանակվեն՝ երեքին նշանակի խորհրդարանը, երեքին նշանակի ԲԴԽ-ն եւ երեքին նշանակի հանրապետության նախագահը: Հակառակ պարագայում, ըստ Արմեն Սարգսյանի, եթե բոլոր թեկնածուներն անցնում են մեկ կառույցի կամքով, ավելորդ է խոսել հավասարակշռությունների մասին: «Սա իշխանություն չի՝ սա ընդամենը հարգանք է նախագահական ինստիտուտի նկատմամբ և ընդամենը սկզբունքային հարցերի, որոնք որ օրենքներում պետք է լինեն, զսպումների և հավասարակշռության էլեմենտար, պարզ, փոքր կիրառություն», նկատել է Արմեն Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը շոշափում է էական խնդիր, եւ միաժամանակ իր փաստացի անսպասելի շեշտադրումներով բացահայտում, թե ինչու է հրաժարվել ստորագրել ՍԴ խնդրի հանգուցալուծմանը վերաբերող օրենքների փաթեթը, որ անցնող օրերին ընդունել էր խորհրդարանը: Արմեն Սարգսյանի խոսքից ակնառու է, որ խնդիրը հարգանքն է, կամ ավելի շուտ անհարգալից վերաբերմունքը, որ խորհրդարանի մեծամասնությունը դրսեւորել է նախագահի նկատմամբ:
Բանն այն է, որ այդ օրենքների շարքում է մեկը, որը փոխում է դատավորների առաջադրման հերթականությունը, առաջնայնությունը տալով կառավարությանը: Ինչպես հայտնի է, ներկայումս առաջանում է երեք թափուր տեղ: Առաջինն առաջադրելու իրավունքը հանրապետության նախագահինն է: Խորհրդարանը իր փոփոխությամբ փաստորեն վերցնում է այդ իրավունքը նախագահ Սարգսյանի ձեռքից, պատճառաբանելով, թե դա հակասում է Սահմանադրության ոգուն: Իրականում, հերթականությունն ըստ ամենայնի հակասում է Իմ քայլի քաղաքական նպատակահարմարությանը, ոչ թե Սահմանադրությանը: Դատավորի թեկնածուների առաջադրման հերթականության փոփոխությունը անվստահության եւ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է նախագահ Սարգսյանի հանդեպ այն դեպքում, երբ Սարգսյանը մի քանի առանցքային պահերի՝ սկսած թավշյա հեղափոխության օրերից մինչ այժմ, արձագանքել է քաղաքական իրողություններին եւ խուսափել անել իր լիազորությամբ վերապահված քայլեր, որոնք կարող էին բերել ճգնաժամի եւ խնդիրների առաջ դնել քաղաքական մեծամասնությանը: Ավելին, այդ քայլերի դիմաց Արմեն Սարգսյանն արժանացել է նախկին իշխող համակարգի անմարդկային քննադատությանը:
Ահա այդ պայմաններում նա փաստացի ստանում է խորհրդարանի մեծամասնության անհարգալից գործողություն, ինչի մասին էլ Սահմանադրական մշակումների հանձնախմբի անդամների հետ հանդիպմանը բավականին թափանցիկ ձեւով ակնարկում է նախագահ Սարգսյանը:
Ներկայումս քննարկվում են ամենաբարդ վարկածներ, թե ինչու նա չի ստորագրել փաթեթը, բայց չի էլ դիմել Սահմանադրական դատարան եւ փաստորեն թողել է, որ 21 օր անց փաթեթը ուժի մեջ մտնի ԱԺ նախագահի հռչակումով: Արմեն Սարգսյանը վարվել է թերեւս պարզ շարժառիթով՝ մարդկային արժանապատվությամբ, որը բավականին կոպիտ ոտնահարել է խորհրդարանի մեծամասնությունը:
 


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովն արտահերթ
նիստ է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է նաև «Դատախազության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Վարդանյանն առաջարկում են ամրագրել, որ դատախազներին կարող են ընտրել նաև արտահերթ մրցույթով: Բանն այն է, որ այժմ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Եվ, ահա, պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նկատում են, որ արտահերթ մրցույթ անցկացնելու հնարավորություն տալու հարցը հրատապ է, քանի որ քրեական գործերի շարունակական աճ է, իսկ դատախազներն էլ գերծանրաբեռնված են:
Ավելին, նախագծից տեղեկանում ենք, որ 2008 թվականից ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել, և եթե 2008 թվականին նախատեսված է եղել 337 դատախազական հաստիք, ապա 2019 թվականի մայիսի 15-ի դրությամբ առկա է 351 հաստիք: Եվ, ահա, այս տարվա հունիսի 1-ի վարչապետի որոշմամբ՝ հաստիքների առավելագույն շեմ է սահմանվել 726-ը՝ այն բարձրացնելով 73-ով, և դրա մեծամասնությունն էլ կհամալրվի հենց դատախազներով: Նաև սրանով պայմանավորված է անհրաժեշտություն առաջացնել անցկացնել արտահերթ բաց մրցույթ, իսկ գործող օրենքով այն միայն մեկ անգամ կարող էր անցկացվել»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և ավելացնել հոդվածներ, որոնք վերաբերում են քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված հանցագործություններին:
Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքում ավելացվում են հոդվածներ, որոնք վերաբերում են օդանավ փախցնելուն կամ զավթելուն, շահագործման մեջ գտնվող օդանավը ոչնչացնելուն, օդանավում կամ օդանավակայանում պատանդներ վերցնելուն, շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելուն: Որոշ հանցագործությունների համար նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Ոստիկանության մասին» օրենքում և վերացնել Ոստիկանության ու Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդերը:
Նախկինում Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ պայմանագրային ծառայություններ էին մատուցում, որոնց արդյունքում առաջացած միջոցների մի մասն ուղղվում էր արտաբյուջետային ֆոնդեր: Այդ ֆոնդեր էին փոխանցվում նաև Ճանապարհային ոստիկանության կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների համար գանձվող տուգանքներից որոշակի տոկոսներ: Հիմա այդ գումարներն ամբողջությամբ ուղղվելու են ՀՀ պետական բյուջե»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեժ քննարկումներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում: Արդեն մի քանի օր է՝ ներքին քննարկումներ են ընթանում թե՛ Եկեղեցու պատմություն առարկան այլևս դպրոցներում չդասավանդելու և թե՛ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ կապված:
Ինչպես հայտնի է, այդ նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու համար սահմանել տուգանք՝ 20 հազար դրամի, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար` 50 հազար դրամի չափով:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության պատգամավորների մի մեծ մասը հայտարարել է՝ խայտառակություն է լինելու, եթե այդ նախագիծը օրենք դառնա: Մեր տեղեկություններով՝ նրանց լեզվակռիվն այնքան է թեժացել, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգից իշխանությունները անգամ հանել են նախագիծը: Թե հետագայում այն ինչ ճակատագրի կարժանանա, դեռևս անհայտ է:
Իսկ ինչ վերաբերում է Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը, ապա այս հարցով
դեռևս քննարկումներ են. նախագիծը նաև ներկայացված է հանրային քննարկման»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանում իրավական կոլապս է։ «Ժամանակ»-ը գրել էր Աջափնյակ վարչական շրջանում առկա «ենթամշակութային» երևույթների մասին։
Պարզվում է՝ ՀՀԿ բջիջների բազայի վրա ստեղծված, ընտրակեղծարարների առաջին օղակ համատիրություններում տիրում են ոչ միայն հին բարքերը, այլ կան նաև վիթխարի չարաշահումներ։ Օրինակ՝ Ֆիզիկայի թաղամաս կոչվող բազմաբնակարան շենքերի «Ֆիզիկոս» ՀՄՏ-ն ամբողջ 2019 թվականին պաշտոնապես արտացոլել է 100 հազար դրամից մի փոքր ավելի գումար՝ մոտավորապես 6-7 բնակարանի վարձին համարժեք։ Այն դեպքում, երբ թաղամասում տասնյակ շենքեր կան։ Իսկ վարձու աշխատող է մեկ հոգի՝ տնօրենը։
Նման վիճակագրությունից կարելի է եզրակացնել, որ, ըստ երևույթին, այս ոլորտում հանրապետությունով մեկ առկա են բազմաթիվ չգրանցված աշխատողներ և վարձավճարային յուրացումներ»։
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2254 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար