Ինչպես են վերահսկվում մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքները

13-07-2020 16:34:50   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Վերջին մեկուկես տարում մայրաքաղաքում շինարարության ծավալները նկատելի աճել են: 2019թ.-ին և 2020թ.-ի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանը շուրջ 500 նոր շինթույլտվություն է տրամադրել: 
 
Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացմանը: Սրա մասին խոսում է վիճակագրությունը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին:
 
«Կահավորում են այսպես. երեք ամրան զոդում են ու ինչ-որ ժապավեն են քաշում անհասկանալի, արևից վառված ու մի քսան անգամ օգտագործված, և գիտեն, թե կահավորել են իրենց շինարարությունը: Մենք, ճիշտ է, ողջունում ենք, խթանում ենք շինարարությունը, նպաստում ենք, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ իրենք այդ շինարարությունը ոնց ցանկանան, կարող են կազմակերպել»,- ընդգծում է քաղաքապետը:
 
Քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ, ստուգայցերը շինհրապարակներ շարունակական բնույթ են կրում: Քաղաքաշինական գործունեության ոլորտում անցած վեց ամիսների ընթացքում իրավախախտման վերաբերյալ 189 արձանագրություն է կազմվել:
 
«Այդ արձանագրություններից 77-ը կազմվել է հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, 71-ը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և 41-ը՝ վարչական
շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից: Պարբերաբար քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմակերպվում են շրջայցեր, որի ընթացքում հայտնաբերվում են այն շինհրապարակները, որոնք պատշաճ կազմակերպված չեն, և այդ մասով կազմվում են արձանագրություններ. տուգանքի չափը 70.000-100.000 դրամ է»,- նշում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:
 
Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրված են Երևանի ավագանու համապատասխան որոշման մեջ: Կառուցվող շինության մասին ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պահանջները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները:
Չնայած նախազգուշացումներին, դեռ կան կառուցապատողներ, որոնք խախտում են սահմանված նորմերը: Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարների:
 
«Շինհրապարակն ինքն իրենից առաջին հերթին ենթադրում է ամրություն և անվտանգություն: Ես կոչ եմ անում մեր կառուցապատողներին, որպեսզի առաջին հերթին մտածեն մեր քաղաքացիների առողջության, անվտանգության մասին, երկրորդը՝ մեր քաղաքի մաքրության, որը շատ կարևոր է»,- նշում է Արամ Գյուլզադյանը:
 
Շինարարական հրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանն այսօր կառուցապատողներին նոր դիզայն է առաջարկում: Տպագրության համար համապատասխան ֆայլերը ցանկացողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի քաղաքաշինություն բաժնից: Նոր պաստառի հեղինակը գրաֆիկ դիզայներ Սարգիս Անտոնյանն է, որն արձագանքել էր քաղաքապետարանի առաջարկին ու քաղաքին նվիրել այս կոնցեպտը:
 
«Ինձ համար շատ կարևոր էր ինչ-որ մի բան անել իմ քաղաքի համար: Քննադատելու շատ բան կա, բայց ավելի կարևոր է գործել կամ ինչ-որ բան անել, թող ուրիշները քո արածը քննադատեն: Դա նորմալ է, մեկին դուր կգա, մյուսին՝ ոչ»,- նկատում է գրաֆիկ դիզայներ Սարգիս Անտոնյանը:
 
Պաստառի վրա մայրաքաղաքում պատմաճարտարապետական
նշանակություն ունեցող շենքեր են, յուրովի ոճավորված մի կտոր՝ երևանյան միջավայրից ու անցուդարձից:
 
«Իրականում ես փորձել եմ պատկերել ոչ թե հենց շենքերը բուն, ինչպես կան, այլ իրենց տպավորությունները, որոնք սուբյեկտիվ ինձ մոտ կան: Կարևոր է նաև վիզուալ կրիչների էսթետիկան, թե իրենք ոնց են ներկայացված: Այս մեկը քեզ ինչ-որ բան է ուզում ասել. ասում է ուշադրություն՝ այստեղ ինչ-որ բան է կատարվում: Դա մոտեցման տարբերություն է»,- նշում է Սարգիս Անտոնյանը:
Քաղաքի հանդեպ պատասխանատվություն ու հոգատարություն դրսևորելու տարբեր մոտեցումներ կան: Յուրաքանչյուր քաղաքացի, առանց կոշտ վարչարարության, ինքը կարող է իր մասնակցությունն ունենալ Երևանի զարգացման գործում:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 218 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար