Մամեդյարովի դաժան վրեժը. Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



13-07-2020 17:10:59   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Lragir.am-ը գրում է․
Իլհամ Ալիեւը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ անցկացրել է անվտանգության խորհրդի նիստ, որում խոսել է այն մասին, թե Հայաստանն անսպասելի հարվածել է իրենց դիրքերին եւ դրա հետեւանքով ունեն զոհեր, սակայն հետ են մղել գրոհը եւ «չեն զիջել ոչ մի սանտիմետր»:
Զուգահեռ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը կատարվածի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Կասպշիկին: Ալիեւը հայտարարել է նաեւ, թե երբ ունենան հնարավորություն, կհրավիրեն արտերկրի զինվորականների եւ ցույց կտան, թե ինչ է եղել եւ ով է սկսել իրականում:
Ալիեւի ելույթի գոնե հրապարակային մասը հուշում է, որ նա չի պատրաստվում հետագա լարումն ավելացնելուն, ինչի համար էլ հայտարարում է, որ չկա ոչ մի սանտիմետրի կորուստ: Այսինքն, չկա որեւէ բան «հետ բերելու» այսպես ասած պարտավորություն: Մյուս կողմից դա ամենեւին չի բացառում, որ Ալիեւը դնի ռազմավարական դիրքի կորուստը հետ բերելու խնդիր, ամեն գնով, այլապես դնելով պաշտպանության նախարարի կամ սահմանապահ ծառայության ղեկավարի պաշտոնանկության հարց: Ի դեպ հատկանշական է, որ առայժմ գոնե չի լսվում Հասանովի ձայնը:
Փոխարենը հրապարակ է գալիս Մամեդյարովը, որի ձայնը չէր լսվում մոտ մեկ շաբաթ, այն բանից հետո, երբ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հակակոռուպցիոն հատուկ գործողություն իրականացրեց ԱԳՆ-ում, ձերբակալելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում Մամեդյարովի ընկերոջն ու զինակցին: Հուլիսի 10-ին Մամեդյարովը չէր մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը:
Հուլիսի 13-ին իրավիճակը Բաքվում արդեն արմատապես այլ է եւ խոսք կարող է լինել Հասանովի պաշտոնանկության մասին, թերեւս բանն Ալիեւի պաշտոնանկությանը չհասցնելու համար: Ադրբեջանական սահմանային սադրանքը, որի հետեւանքով հակառակորդը, ստանալով պատժիչ հակահարված, կորցրել է ռազմավարական գերնշանակության դիրքեր, փաստացի ստացվեց Մամեդյարովի «դաժան վրեժը» նրանց հանդեպ, ովքեր հայկական դիրքերի անհաջող գրոհից առաջ հաջող գրոհ էին իրականացրել ԱԳՆ Մամեդյարովի դիրքերի վրա:
Այդ գրոհը սկսվել էր դեռեւս ապրիլի 21-ին Մնացականյան-Մամեդյարով-համանախագահներ հեռավար հանդիպումից հետո: Դրանից առաջ էլ Լավրովը արել էր փուլային տարբերակի մասին հայտնի հայտարարությունը, ինչին անմիջապես հաջորդել էր Երեւանի չափազանց կոշտ մերժումը: Ադրբեջանում դա գնահատել էին որպես Լավրովի «սադրանք», որով նա հրահրել էր Երեւանի կոշտ պատասխան, ինչը սակայն չէր արժանացել համանախագահների դժգոհությանը:
Մնացականյան-Մամեդյարով-համանախագահներ հունիսի 30-ի հեռավար հանդիպումից հետո էլ փաստորեն եղավ հատուկ ծառայության գրոհը Մամեդյարովի դիրքերի ուղղությամբ, ինչը փաստացի այլ բան չէր, քան գրոհ հենց համանախագահների ուղղությամբ: Հետո Ալիեւը արդեն բաց տեքստով էր դժգոհում նրանցից:
Դժգոհության  «խոսքից գործի» անցումը սակայն Ալիեւի մոտ չստացվեց: Ըստ երեւույթին նրանք, ովքեր կարող էին համոզել այդ «անցումը սկսելու» հարցում, կամ բավականին կոշտ ձեւով խաբել են Ալիեւին, կամ ուղղակի տապալվել, ստիպելով նրան «վերադարձնել» Մամեդյարովին խաղ, եռքը կանգնեցնելու համար: Այն եռքը, որի մասին սահմանային լարվածությանն ու ադրբեջանական կորուստներին զուգահեռ գրում էր Լավրովի խոսնակ Զախարովան՝ «պակասում է միայն Պիտերի ֆորումն ու «տապը» Բաքվում»: Ու՞մ է Ալիեւը դուրս բերելու խաղից, Բաքվում «չտապակվելու» համար:
Հայաստանի անելիքը այդ գործում մեկն է՝ չափազանց զգոն եւ ուշադիր բոլոր ուղղություններով, միաժամանակ աշխույժ քաղաքական աշխատանք համանախագահ երկրների, Չինաստանի եւ Իրանի հետ:
 


1in.am-ը գրում է․
Հուլիսի 12-ին կտրուկ սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները ՈՒԱԶ մակնիշի մեքենայով փորձել են հատել հայկական սահմանը: Մեր զինուժը կասեցրել է, նրանք թողել են մեքենան ու փախել, իսկ հետո դարձյալ փորձել են այս անգամ հրետանային կրակի ուղեկցությամբ վերցնել մեր դիրքը: Հայկական զինուժը տվել է կոշտ պատասխան, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը ունի զոհեր և վիրավորներ: Այս պահի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատել է չորս զոհ: Հայկական կողմը կորուստ չունի: Առավոտյան ադրբեջանցիները վերսկսել են մեր դիրքերի հրետակոծումը հրանոթներից և տանկից: Դա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունն էր:
Իսկ ինչ է կատարվում իրադրության, այսպես ասած, քաղաքական համատեքստի առումով: Հայաստանի արտգործնախարարությունը և պաշտպանության նախարարությունն աշխատում են արտաքին ուղղությամբ. պաշտպանության նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի հետ, ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի հետ: Սա խիստ հատկանշական հանգամանք է, որի վրա արժե ուշադրություն դարձնել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ խոսել է արտաքին գործերի նախարարը, ինչը թերևս ունի նպատակ՝ ընդգծելու, որ Հայաստանն առկա իրավիճակում ՀԱՊԿ-ից ակնկալում է ոչ թե ռազմական, այլ քաղաքական դիրքորոշում: Այսինքն՝ Հայաստանի սահմանին ռազմական խնդիրներն ու մարտահրավերները հայկական զինուժը ի զորու է չեզոքացնել, լուծել իր ուժով, և ինչպես ցույց են տալիս իրադարձությունները՝ լուծել փայլուն կերպով: Միևնույն ժամանակ, հայկական կողմը աշխատում է այդ լուծումների, այսպես ասած, քաղաքական արձանագրման և աջակցման ուղղությամբ, ինչը և հատկանշական է դարձնում ԱԳ նախարարի մակարդակով զրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ: Այսինքն՝ խնդիրը հայկական զինուժի լուծումների քաղաքական ամրագրումն է, և Հայաստանը հենց դա է ակնկալում ՀԱՊԿ-ից:
Նրբությունն այստեղ թերևս այն է, որ լարվածության անսպասելի բռնկման օրակարգում որևէ կերպ չտեղավորվի որևէ երրորդ կողմի ռազմական ներգրավվածության հարց, ինչը չափազանց կարևոր է այն տեսանկյունից, որ հայկական խնդիրների լուծումը երկարաժամկետ հեռանկարի առումով չաշխատի Հայաստանի իսկ դեմ:
Հատկանշական է, որ սահմանային լարման իրավիճակին արագորեն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը, ինչը ամենևին, այսպես ասած, սովորական իրողություն չէ և վկայում է նաև այն մասին, որ սահմանին տեղի ունեցողը ևս սովորական հրադադարի խախտում կամ սադրանք չէ: Ավելին, այդ համատեքստում հարկ է ուշադրության արժանացնել վերջին ամիսներին ռուս-թուրքական հարաբերության լարումը: Անկարան թերևս դեմ չի լինի, եթե ևս մեկ՝ երրորդ ուղղությամբ էլ Մոսկվան ներքաշվի ռազմական բախման մեջ: Ըստ այդմ՝ հայկական զինուժի խնդիրն է լուծել ադրբեջանցիների հետ կապված ռազմական հարցերը, իսկ Հայաստանի ԱԳՆ խնդիրն է ապահովել որևէ երրորդ կողմի համար դրա ռազմական անձեռնմխելիությունն ու միևնույն ժամանակ ռազմաքաղաքական առումով այդ լուծումների քաղաքական արձանագրումը:
Առայժմ հայկական երկու գերատեսչությունները
լուծում են այդ խնդիրները ներդաշնակ ու արդյունավետ:
 
Armtimes.com-ը գրում է․
Իշխանությունների դեմ իրականացվող հիբրիդային պատերազմում ընդդիմությունն ակնհայտորեն միջոցների միջեւ խտրականություն չի դնում։ Նպատակն արդարացնում է միջոցները եւ վերջ, իսկ քաղաքականությունն, ինչպես հայտնի է, անբարոյականություն է (համենայն դեպս իրենք համոզված են դրանում)։ Արդյունքում՝ բոլորիս աչքի առջեւ մթնոլորտն օրեցօր շիկանում է, եւ իշխանությունները դրա դեմն առնելու որեւէ արդյունավետ միջոց չունեն։
Բացահայտելու համար, թե ինչ մեխանիզմով է աշխատում հիբրիդային պատերազմը՝ միայն մի օրինակ բերենք։ Օր չկա, որ լրատվամիջոցներում չհանդիպենք «ոստիկանական բեսպրեդելի» վերաբերյալ տեղեկությունների ու տեսանյութերի։ Վերնագրերը ստանդարտ են՝ «Ոստիկաններն ասֆալտին են փռում քաղաքացիներին», «Տուգանքապետություն», «Ոստիկանների հերթական ապօրինությունները» եւ այլն։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Պարզվում է՝ ինչ-որ տեղ ինչ-որ հարգեւոր տիկին հիստերիայի մեջ է ընկել ոստիկանների՝ դիմակ կրելու պահանջից ու որտեղից որտեղ հայտնված տեսախցիկների առջեւ ահավոր աղմուկ բարձրացրել, կամ որեւէ ավանդապաշտ քաղաքի ավանդապաշտ հայ տղամարդն ի պատասխան ոստիկանների նույն պահանջի՝ հարձակվել է ոստիկանների վրա, մի քանի թաթալոշ տվել իրավապահներին ու արդյունքում (ո՞ւմ մտքով կանցներ) բերման ենթարկվել... Եվ վերջ, քարոզչական թեման պատրաստ է։ Ուշադրություն դարձրեք՝ ֆորմալ առումով ընդդիմությունը դրա հետ բացարձակապես կապ չունի։ Նրանք հո քաղաքացիներին կոչ չե՞ն արել դիմակ չկրել։ Բայց տեսախցիկների առջեւ ամենավերջին հայհոյանքներով ոստիկաններին թաթալոշ տվող մարդը հաստատ ոչ մասնագիտությամբ բժիշկ է, ոչ էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցներն է կարդացել։ Նա ընդամենը ընդդիմադիր քարոզչամիջոցներից «տեղեկացել է», որ «այ մարդ, ի՞նչ վիրուս, սրանք մասկի բիզնես են անում», «արտակարգ դրության միակ իմաստը ցույցերն ու միտինգներն արգելելն է» եւ այլն, ու բնականաբար համապատասխան եզրակացություններ է արել՝ ինքն իրեն հերոս ու ճշմարտության առաջամարտիկ երեւակայելով։
Բայց խնդիրը միայն դիմակները չեն։ Ինքն իրեն քաղաքական գործիչ համարող մի ուրիշն էլ լույսը բացվելուն պես սկսում է մտածել, թե ինչով կարելի է աչքի ընկնել այսօր, հետո գնում ոստիկանների առջեւ ինչ-որ օյինբազություններ է անում, նրանց «ապօրինի պահանջներին չենթարկվելու համար» բերման ենթարկվում ու մի երկու ժամ անց ազատ արձակվում՝ արդեն որպես օրվա հերոս։ Ուշադրություն դարձրեք՝ ոստիկանների պահանջը միայն իր կարծիքով է ապօրինի, ինքը որեւէ ձեւով դա չի հիմնավորել, որեւէ ատյանում դա չի ապացուցվել, ոչ էլ ինքը որեւէ ատյանի դիմելու մտադրություն ունի, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։ Կարեւորը տեսախցիկների առջեւ ոստիկանների ճակատին մեղադրանք շպպացնելն է։
Իսկ մեծ հաշվով՝ հիբրիդային պատերազմի առանցքային բաղադրիչներից մեկն այն է, որ փորձ է արվում քաղաքացիներին համոզել, թե եթե իշխանությունների սահմանած կանոններին դեմ ես՝ կարող ես ու նույնիսկ պարտավոր ես խախտել դրանք։ Իսկ դա հանգեցնում է քաոսի։ Օրինակ՝ Հայաստանում աջակողմյան երթեւէկություն է, բայց պատկերացրեք՝ նրանք, ովքեր համարում են, որ ճիշտը ձախակողմյան երթեւէկությունն է, սկսեն իրենց մեքենաները վարել հանդիպակաց գծով։ Պատկերացրի՞ք, թե ինչ իրավիճակ կստեղծվի, ու որքան մարդիկ կտուժեն։ Նույնն էլ համավարակի դեպքում է՝ դիմակ կրել պարտավոր են նաեւ նրանք, ովքեր համոզված են (իրենց համոզել են), որ դա անիմաստ է ու միայն «մասկա ծախելու» համար է արվում։ Բայց իշխանությունների դեմ հիբրիդային պատերազմ մղողներին ոչ հետեւանքներն են հետաքրքրում, ոչ էլ, առավել եվս, տուժողները։ Նրանք գիտեն, որ «պատերազմն առանց զոհերի չի լինում» (առավել եվս՝ որ զոհվողն իրենք չեն), իսկ նպատակն արդարացնում է միջոցները։
 
Lragir.am-ը գրում է  Հայկական զինուժն ուժգին հարված է հասցրել Տավուշի սահմանների ուղղությամբ գրոհի ադրբեջանական փորձին: Ադրբեջանն ունի թե մարդկային, թե դիրքային կորուստ, որը ձգտում է վերականգնել, սակայն՝ անհաջող: Բարեբախտաբար, հուլիսի 13-ի կեսօրի դրությամբ հայկական զինուժն իր մարտական խնդիրները լուծել է առանց որեւէ կորստի: Սակայն ադրբեջանցիները շարունակում են հրետակոծությունը, փորձելով վերականգնել դիրքային կորուստը:
Հայկական զինուժը Տավուշի հայ-ադրբեջանական սահմանին լուծել է ոչ միայն իր մարտական խնդիրը, ոչ միայն Հայաստանի անվտանգությանն ու սահմանը ադրբեջանական ոտնձգությունից պահելու հարց, այլ նաեւ ռազմա-քաղաքական խնդիրներ:
Իրավիճակի սրացումը հուշում է, որ Ադրբեջանում չկա իշխանություն: Օրերս գրել էի, որ Բաքվում առնվազն երկիշխանություն է, սակայն ոչ միայն զուտ իշխող՝ ափշերոնյան եւ նախիջեւանյան կլանների, այլեւ գործնականում ռեգիոնալ ռազմա-քաղաքական երկիշխանություն, առնվազն, որտեղ ներգրավված են Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ ֆոնին հատկանշական է Թուրքիայի հայտարարությունը տեղի ունեցողի մասին, որտեղ աջակցություն են հայտնում Բաքվին, եւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի բազմիմաստ գրառումը Բաքվում «տապի» պակասի մասին:
Այդ իրավիճակում, Երեւանը Տավուշի սահմանային դիրքում ուժգին հակահարվածով թեժացնում է Բաքվի «տապը»: Դա գործնականում Երեւանի եւ նոր աշխարհակարգի առաջին հարվածն է Բաքվին: Ադրբեջանից սադրանքին Երեւանի ուժգին հակահարվածը հաջորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում երկու բավականին ուշագրավ հանդիպումների:
Նախարարին այցելել էր նախ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, երկու օր անց՝ Հայաստանում Չինաստանի դեսպանը:
ԱՄՆ ու Չինաստանը գծում են նոր աշխարհակարգի սահմանները, ինչը բերել է ռուս-թուրքական ռազմավարական գործընկերության ավարտին: Դա էլ տեղի է ունենում ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի 100-րդ տարելիցի շեմին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակի ինքնիշխան դիմադրությամբ եւ հակահարվածով կանգուն մնացած Հայաստանը թավշյա հեղափոխության արդյունքում վերահաստատել եւ ավելացրել է ինքնիշխանության պաշարը, ցույց տալով, որ չի ստացվի «թարմացնել» ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունը դարձյալ հայության եւ Հայաստանի հաշվին:
Մնում է Ադրբեջանը, իսկ այստեղ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող պայմանավորվել, որովհետեւ կա Իրանը, ինչը բարդացնում է Բաքվի եւ Նախիջեւանի ռուս-թուրքական փոխանակումը: Հայաստանն այդ իրավիճակում Ռուսաստանի համար դառնում է կենսականորեն կարեւոր, քանի որ նոր՝ ամերիկա-չինական գծագրմամբ աշխարհակարգում Հայաստանը Մոսկվայի համար Կովկասում դերակատարումը պահելու անփոխարինելի տարբերակն է: Այդ համատեքստում հայաստանյան ներքին դաշտ է «նետվում» ինչ որ «հակառուսականության ալիքի» մասին խոսակցություն, իրադարձությունների տրամաբանությունը նենգափոխելու համար:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց կոշտ ձեւով արձագանքեց հայ-ռուսական հարաբերության նենգափոխման այդ փորձին: Դրան հաջորդեցին ԱՄՆ եւ Չինաստանի դեսպանների այցերը ՊՆ, մեծ հաշվով արձանագրելով, որ նոր աշխարհակարգի օրակարգում չկա հայ-ռուսական հարաբերության խզման խնդիր, այլ հակառակը՝ խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է, ինչի համատեքստում հայ-ռուսական սերտ հարաբերությունը դառնում է Կովկասում նոր աշխարհակարգի հանդեպ ռուսական քաղաքականության կանխատեսելիության վկայություն:
Դեսպանների հետ նախարարի հանդիպմանը հաջորդեց Հայաստանի ասիմետրիկ ուժգին պատասխանը ադրբեջանական անհասկանալի սադրանքին: Անհասկանալի այն իմաստով, թե հատկապես ո՞վ է սադրանքի հետեւում՝ Ալիեւը՞, թե՞ Թուրքիան, քանի որ Ալիեւն Ադրբեջանում այլեւս գործնականում կորցրել է իշխանությունը:
Երեւանը վերահաստատեց նոր աշխարհակարգի կայունացնող հանգույցի եւ միջազգային անվտանգության տրամաբանության տեսանկյունից իր ռեգիոնալ անփոխարինելիությունը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1708 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար