Լիբանանահայության ապագան. տարերային արտագաղթից դեպի կազմակերպված հայրենադարձություն


Լիբանանահայության ապագան. տարերային արտագաղթից դեպի կազմակերպված հայրենադարձություն

  • 07-08-2020 16:56:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Լիբանանահայության ապագան. տարերային արտագաղթից դեպի կազմակերպված հայրենադարձություն
 
2020 թ. հուլիսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթունը մեր ուշադրությունը բևեռել է լիբանանահայության հետագա ճակատագրի խնդրի շուրջ: Որպես գերակշռող տեսակետ՝ քննարկվում է դեպի Հայաստանի Հանրապետություն զանգվածային հայրենադարձության կազմակերպումը՝ իր թեր ու դեմ կարծիքներով և դրանցում արծարծվող մտահոգություններով:
 
Լիբանանում բազմահազար հայության և Մեծի Տանն Կիլիկիո վտարանդի կաթողիկոսության ներկայությունը ցեղասպանության և հայրենազրության հետևանքն է, որի վերացումը պետք է ենթադրի վերադարձ դեպի բնօրրան՝ Արևմտյան Հայաստան կամ Հայկական Կիլիկիա: Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ ազգերը, այդ թվում՝ հայերը, ուծանում են, երբ ապրում են իրենց հայրենիքներից դուրս: Որքան էլ Լիբանանը հյուրընկալ է տեղի հայության համար, ստիպված ենք արձանագրել, որ նրա երբեմնի հայահոծ համայնքը մի քանի անգամ կրճատվել է:1960-ականներին Լիբանանի հայկական գաղութը շուրջ 300 հազար էր, մինչդեռ այսօր արդեն ընդամենը 60-70 հազար է և շարունակվում է հալվել չդադարող արտագաղթի (հիմնականում` դեպի Եվրոպա, ԱՄՆ ու Կանադա) և տեղում ուծացման պատճառներով: Հատկապես Միջին Արևելքում դեռևս ահագնացող քաոսը և արդեն նաև դեպի Լիբանան դրա տարածման տեսանելի իրողությունը հուշում են, որ ոչ հեռավոր ապագայում, շատ հավանական է՝ հաշված տարիների ընթացքում, տեղի հայկական գաղութն այլևս գոյություն չի ունենա՝ իր կաթողիկոսությունով և իրապես հայկական ու հայաշունչ այլ նվիրական հաստատություններով հանդերձ:
 
Հայկական սփյուռքի գաղթօջախների պատմությունը հարուստ է Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Հնդկաստանի, Թիֆլիսի, Պոլսի, իսկ վերջին շրջանում՝ նաև Իրաքի և Սիրիայի հայաշունչ համայքների օրինակներով. ամենուրեք տեսնում ենք երբեմնի փառավոր հայկական ներկայության ուծացած փշրանքներ և մշակույթի՝ ծխացող նվիրական հիշատակներ: Տարածաշրջանում առկա քաոսի բնութագիրը ցույց է տալիս, որ լիբանանահայության ֆիզիկական անվտանգության խնդիրը, որն այսօր առաջնահերթ է, այլևս հնարավոր չի լինի լուծել Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հաջողությամբ կիրառված չեզոքության և ինքնապաշտպանության համադրությամբ, քանի որ էապես այլ են լինելու թե հակամարտող ուժերի գործելակերպը և թե հայության ներուժը: Ակնհայտ է, որ լիբանանահայության վերադարձը դեպի բնօրրան՝ Արևմտյան Հայաստան և Հայկական Կիկլիկիա, կարող է հնարավոր դառնալ միայն տարածաշրջանում առկա քաոսից նոր կարգ ծնվելուց առժամանակ հետո:
 
Ուստի մինչ այդ լիբանանահայությանը և բնօրրան վերադառնալու նրա հնարավորությունը պահպանելու միակ տարբերակը նրա կազմակերպված հայրենադարձությունն է դեպի Արևելյան Հայաստանի մաս կազմող Հայաստանի Հանրապետություն: Բնականաբար՝ պետք է հաշվի առնվի վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած իրաքահայության ու սիրիահայության տարերային հայրենադարձության դառը դասը և ամեն ինչ արվի կազմակերպված կերպով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն այս անգամ էլ չդառնա դեպի այլ երկրներ լիբանանահայերի արտագաղթի միջանկյալ կայան:
 
Շատ կարևոր է նաև, որ լիբանանահայ մեր եղբայրների և քույրերի համար իրենց ծննդավայր Լիբանանի նկատմամբ բարոյական և քաղաքացիական պարտքի միանգամայն մարդկային և ընդունելի զգացումների նկատմամբ գերադասելի լինեն հայկական ինքնությունը և համազգային շահերը, իսկ դրանց մեջ՝ Հայաստանի քաղաքացիությունը և նրա վրա հիմնված Հայաստանի պետականությունը՝ որպես աներկբա գերակա արժեքներ:
 
Լիբանանահայության ֆիզիկական անվտանգության խնդիրը ևս, որ այսօր ծառացած է մեր առջև, լավագույնս հնարավոր է լուծել Հայրենիքում՝ շատանալով, համախմբվելով և հակառակորդների համար անմատչելի “ոզնի“ դառնալու ինքնապաշտպանության համակարգ որդեգրելով, ինչի համար կան առավելագույնս նպաստավոր քանակական և որակական պայմաններ ու նախադրյալներ:
 
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն