Արցախը Նախիջեւանի դիմա՞ց. Ինչ է ակնարկում Մոսկվան


Արցախը Նախիջեւանի դիմա՞ց. Ինչ է ակնարկում Մոսկվան

  • 07-08-2020 17:17:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Տավուշում ռազմական գործողություններն անսպասելի միջազգային արձագանք ունեցան, ընդգրկելով ռեգիոնալ լայն խնդիրներ: Ռազմական գործողություններն ընթանում էին ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, իսկ Թուրքիան իր լիակատար աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին: Միջազգային հարթակներում ռազմական բախումը քննարկվում էր հենց այս համատեքստում, Թուրքիայի հնարավոր ռազմական միջամտության ու Ռուսաստանի դիրքորոշման կտրվածքով:
 
Իր հերթին, ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակներում շրջանառության մեջ դրվեց Նախիջեւանի խնդիրը, 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի համատեքստում: Ընդհանրապես, ռուսներին բավական դժվար էր խոսեցնել այդ պայմանագրերի մասով, որոնց վրա լուրջ տաբու է դրված տասնամյակներ շարունակ, այդ թվում հայկական պատմական ու քաղաքագիտական շրջանակների մասով: Հայկական հատուկենտ ԶԼՄ-ների ու վերլուծաբանների ջանքերով այնուամենայնիվ հաջողվեց ստիպել խոսել ռուսական շրջանակներին, ինչն արդեն իսկ որոշակի առաջընթաց է:
 
Տավուշի ռազմագործողությունների ֆոնին Նախիջեւանի խնդիրն այդ շրջանակները մատուցեցին հետեւյալ կերպ. Արցախում ստատուս-քվոն պահպանվում է Մինսկի խմբի ձեւաչափով, իսկ Նախիջեւանում՝ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով: Ընդ որում, հայերին մատուցվեց, որ դա մեծ պարգեւ է, Մոսկվան հակամարտության կողմերից հավասար հեռավորություն պահելով կանխեց Թուրքիայի հնարավոր միջամտությունը:
 
Ի՞նչ է ակնարկում Մոսկվան՝ Արցախը Նախիջեւանի դիմա՞ց:
 
Նախիջեւանը 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով հանձնվել է Ադրբեջանի խնամակալությանը: 1921 թ. Խորհրդային Հայաստանը դեռեւս անկախ պետություն էր, ճանաչված Ազգերի լիգայի կողմից (Ադրբեջանն ու Վրաստանը ճանաչված չէին): 1920 թ. Հայաստանի Հանրապետության օկուպացիայից հետո 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով Հայաստանի տարածքների մեծ մասը հանձնվեցին Թուրքիային ու Ադրբեջանին: Հայաստանի ստորագրությունն այդ պայմանագրերի տակ չկա, փաստացի երկու պետություն բաժանել են երրորդ պետության տարածքը առանց նրա համաձայնության:
 
Նախիջեւանն Ադրբեջանին է հանձնվել առանց երրորդ կողմին հանձնելու իրավունքի: Սակայն Նախիջեւանն արդեն երրորդ կողմի՝ Թուրքիայի փաստացի տիրապետության տակ է: Բացի ռազմական եւ տնտեսական ներկայությունից, Թուրքիան Նախիջեւանը վերածել է մերձավորարեւելյան գրոհայինների բազայի, իսկ ավելորդ բնակչությանը վերաբնակեցնում է Արեւելյան Հայաստանի Կարսի, Արդահանի, Սուրմալուի շրջաններում, ժողովրդագրական վիճակը փոխելու նպատակով:
 
Նախիջեւանը միջազգային իրավաքաղաքական իրավունքի ուժով պատկանում է Հայաստանին, որքան էլ ռուսական շրջանակները «արդարանում» են, որ եթե Արցախում հայ բնակչությունը պահպանվել էր, Նախիջեւանում այն վաղուց չկա: Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ կատարված մեծագույն հանցագործությունն այդպիսով հնարավոր չէ պարտակել:
 
Ինչու 1921 թ. կատարվեց այդ հանցագործությունը, այն դեպքում, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացված էր: Պրիմիտիվ ու ռուսական քիմքին հաճո մեկնաբանությունների փոխարեն, հայկական մեդիա-փորձագիտական շրջանակները լավ կանեին մտածեին այս հարցի շուրջ: Դա կարեւոր է թե սպասվող ռուս-թուրքական նոր գործարքի, թե իրավիճակն առավել լայն ընկալելու համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն