Որսագողության դեմ պայքարն անզիջում է լինելու․ հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում


Որսագողության դեմ պայքարն անզիջում է լինելու․ հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

  • 10-08-2020 12:08:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Oգոստոսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ քննարկվեցին որսի կանոնակարգմանն ուղղված խնդիրները:
 
Մասնավորապես համայնքաբնակներն ու Վայոց ձորի անտառտնտեսության պետը նշեցին, որ մարզում որսորդությունը չի կազմակերպվում որսահանդակներում, ինչն օրենքի պահանջ է, այլ տեղի է ունենում բոլոր այն վայրերում, որտեղ առկա են կենդանիներ, հաճախ են սահմանված թվաքանակից ավել քանակությամբ որսալու դեպքերը, որոնք հետագայում վաճառվում են մարզի ռեստորաններին կամ օգտագործվում այլ բիզնես նպատակներով:
 
Քննարկվեցին որսորդական թույլտվության ստացման, որսորդական մինիմումների հանձնման կարևորության հարցերը, համայնքի կողմից վերահսկողության հնարավորության, որսագողության դեմ պայքարի միջոցառումներ և այլ թեմաներ:
 
Հիմնադրամի կողմից առաջարկվեց որսահանդակների քարտեզ-սխեմաներից հանել այն տարածքները, որոնք, ըստ հավաքագրված փաստական տվյալների, կարմիրգրքյան կենդանատեսակների միգրացիոն ուղու մաս կամ բնադրավայր են կազմում: Բարձրաձայնվեց նաև որսորդական գործունեությունը կարգավորող օրենսդրական բացերն ու վիճահարույց դրույթները՝ միաժամանակ առաջարկելով համատեղ աշխատել դրանց վերանայման ուղղությամբ՝ նախքան պետական համակարգված կանոնակարգումը:
 
Մարզային բնապահպանական տեսչական մարմնի ներկայացուցիչը նշեց, որ որսահանդակների տարածքների մեծության պատճառով վերջիններիս ռեսուրսները չեն բավականացնում վերահսկողության համար:
 
Կողմերը համաձայնության եկան որսասեզոնին ընդառաջ հատուկ խմբեր ստեղծելու 24/7 ռեժիմով տարածքային վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ բացառելու համար որսագողության որևէ դեպք մարզի տարածքում: Այս նախաձեռնությանը Հիմնադրամն աջակցելու է սեփական տրանսպորտային միջոցներով անտառապահներին ներգրավելու, մասնագիտական և իրավաբանական խորհդատվության միջոցով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play