Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

11-08-2020 14:00:58   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Օգոստոսի 10-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել  Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատարը նախ խոսել է Հայաստանի կողմից Լիբանանի կառավարությանը և հայ համայնքին ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, նշել, որ այս այցի նպատակներից է  նաև տեղում լիբանանահայ համայնքի վիճակին ծանոթությունը:
 
Թեմի առաջնորդը, ներկայացնելով համայնքային պատկերը, ընդգծել է, որ լիբանանահայությունը բազմաթիվ դժվարություններ է տեսել և այս մեկն էլ կկարողանա հաղթահարել:
 
Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատուկ լիբանանահայերի համար նախաձեռնված դրամահավաքին: Կողմերը քննարկել են հնարավոր աջակցության ուղղությունները, հատկապես կարևորել կրթօջախների վերականգնումը:
 
Հանդիպմանը ներկա են եղել
հայաստանյան պատվիրակության անդամները:
 
Հագեցած օրակարգով այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ այցը
Բեյրութի Շաղզոյան կենտրոն էր, որի ընթացքում նա հանդիպել է  ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել դեսպան Վահագն Աթաբեկյանը և հայաստանյան պատվիրակության անդամները:
 
Զարեհ Սինանյանը ներկայացրել է այցի նպատակը և ընդգծել, որ կարևորում է համայնքային կառույցների և լիբանանահայության հետ ուղղակի շփումները և անմիջական հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը:
 
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը պայթյունից հետո արագ արձագանքի և հոգեպես ու ֆիզիկապես համայնքի կողքին լինելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքին առնչվող թեմաներ:
 
Զարեհ Սինանյանը այցելել է նաև Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ և հանդիպում ունեցել ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ: Վերջինս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտական կապի մեջ է համայնքի հետ, ինչն այս պայմաններում շատ կարևոր է: Այնուհետ ատենապետը ներկայացրեց ՍԴՀԿ գործունեությունը Լիբանանում և Հայաստանում, մանրամասնեց իրենց աշխատանքները:
 
Գլխավոր հանձնակատարն անդրադարձ կատարեց լիբանանյան այցի նպատակներին, վերահաստատեց Լիբանանի և հայ համայնքի կողքին կանգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Նա նաև նշեց, որ վնասված 1-2 շինություններ կվերականգնվեն Հայաստանի միջոցներով: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև հայրենադարձության ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Հայրենադարձության մասին» օրենքի նախաձեռնությունն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքները:
Այնուհետ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Սուրբ Գևորգ եկեղեցում, հարակից բժշկական կենտրոնում, զրույց ունեցան պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ:
 
Գլխավոր հանձնակատարն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն: 
 
Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկջյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակի կողմից կատարվել է լիբանանահայ 400 ընտանիքների կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն: 
 
Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 322 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար