Լուկաշենկոն թակարդն է ընկել երկու կողմից. Էրդողանի ուրվականը

11-08-2020 17:00:53   | Հայաստան  |  Վերլուծություն
Բելառուսի նախագահի թեկնածու Տիխանովսկայան, որը հայտարարել էր իր հաղթանակի եւ պաշտոնական արդյունքը չընդունելու մասին, կոչ է արել բելառուսցիներին չվտանգել կյանքը եւ դուրս չգալ փողոց: Նա այդ կոչն արել է Լիտվայից, ուր տեղափոխվել է օգոստոսի 11-ին: Ընդ որում, Տիխանովսկայայի տեղափոխությունը խորհրդավոր է: Նույնիսկ տեղեկություն կա, թե նրան երկրից դուրս է հանել իշխանությունը: Կասկած կա, որ ակցիաները դադարեցնելու եւ պայքարից հրաժարվելու կոչն էլ իշխանության ճնշման արդյունք է:
 


Ինչո՞վ են սպառնացել Տիխանովսկայային: Նրա ամուսինը բանտում է: Բլոգեր ամուսինն ինքն էր դառնալու Լուկաշենկոյի մրցակիցը, սակայն հայտնվեց բանտում, եւ կինը փոխարինեց նրան: Արդյոք չէին պատկերացնում, թե ինչի են գնում, թե՞ նրանց տրվել են որոշակի երաշխիքներ, որոնք սակայն հանկարծ հետ են քաշվել: Արդյոք Տիխանովսկայային սպառնացել են, որ կվնասեն բանտում գտնվող ամուսնուն:
 
Բելառուսում խաղադրույք է արված թերեւս շատ մեծ բանի վրա, քան լոկ այդ երկրի իշխանության կամ Լուկաշենկոյի ճակատագրի հարցն է: Բելառուսում խաղադրույքն աշխարհակարգ արժե: Կա տեսակետ, թե Լուկաշենկոն պայքարում է Բելառուսի անկախության համար: Լուկաշենկոն այլեւս պայքարում է իր անձնական անվտանգության համար, որովհետեւ Բելառուսի իշխանության հարցն այլեւս դուրս է նրա տիրույթից: Այդ իմաստով ստացվում է,
որ Տիխանովսկայան «լուծել» է գլխավոր հարցը, նա առաջ
ացրել է հանրային ընդվզումը, եւ նրան դուրս են բերում խաղից:
 
Լուկաշենկոյին դուրս են բերել Բելառուսի դեմ, դա անկասկած է: Բատկան ունի՞  նահանջի ճանապարհ: Պուտինի հանդեպ շանտաժի քաղաքականությունը սպառվել է: Լուկաշենկոն հայտարարում էր, թե իրենով հետաքրքրվում են Արեւմուտքը, Չինաստանը, Ռուսաստանը վախենում է կորցնել, բայց ոչ ոք չի հետաքրքրվի շանտաժիստով: Հետաքրքրվում են Բելառուսով, բայց ոչ Լուկաշենկոյով, որովհետեւ Պուտինին շանտաժողը նրանից դուրս գալու դեպքում շանտաժելու է Վաշինգտոնին էլ, Պեկինին էլ: Այդ իսկ պատճառով գործնականում բոլորին էր շահեկան Լուկաշենկոյին դուրս բերել Բելառուսի դեմ, այդպիսով մեծ հաշվով նրան դարձնելով շանտաժի օբյեկտ:
 
Լուկաշենկոն հայտարարել է, թե ցույցերը ղեկավարում են դրսից, այդ թվում Չեխիայից: Հատկանշական է, որ նա այդ հայտարարությունն անում է այն օրը, երբ Չեխիա է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրա այցը ծրագրված էր մայիսին՝ Չեխիայի հրավերով, Պլզեն քաղաքի ազատագրման 75-ամյակի տոնակատարության առիթով: Կորոնավիրուսը հետաձգել է այցը եւ այժմ այն կայանում է մի պահի, երբ թեժ է Բելառուսում: Մի քանի ամիս առաջ Պոմպեոն Մինսկում էր եւ Լուկաշենկոյին աջակցություն էր հայտնել՝ ռուսական թանկ նավթի փոխարեն առաջարկելով ամերիկյան նավթ: Մի քանի շաբաթ առաջ Մինսկը ստացավ այդ նավթի առաջին խմբաքանակը: Նախօրեին Պոմպեոն դատապարտել էր Բելառուսում ընտրությունից հետո ցույցերի մասնակիցների հանդեպ բռնությունը:
 
«Փորձված աղվեսը» թակարդում է հայտնվում երկու ոտքով, Լուկաշենկոյի դեպքում՝ «երկու կողմից», թե ԱՄՆ, թե Ռուսաստանի: Կհասնի՞ «օգնության» Չինաստանը, որի հետ Մինսկը տեւական ժամանակ փորձում է հասնել մեծ ֆինանսատնտեսական պայմանավորվածությունների: Լուկաշենկոյին ընտրությունից հետո զանգահարել էր Ալիեւը,առաջին եւ դեռեւս միակ զանգահարողը: Արդյոք նա առաջարկել էր Էրդողանի օգնությունը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 902 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար