Թուրքիան ռազմական ճեղքո՞ւմ է պատրաստում Վրաստանով

12-08-2020 10:15:56   | Հայաստան  |  Վերլուծություն
Սերբիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը մեկնել է Բաքու` քննարկելու Հայաստանին սերբական սպառազինության մատակարարումների հարցը։ Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն Ալիեւի հետ զրույցում ասել է, որ իրավիճակի ուսումնասիրման համար Սերբիայից Ադրբեջան է մեկնելու բարձրաստիճան պատվիրակություն։
 


Տավուշի իրադարձություններից հետո Ադրբեջանը սկսեց իր պարտության արդարացումներ փնտրել՝ մեղադրելով Սերբիային, Հորդանանին, Ռուսաստանին եւ այլ երկրների, որոնք «նենգորեն» զենք են մատակարարում Հայաստանին։ Ադրբեջանը մեղադրեց Թբիլիսիին, որ արտասահմանից Հայաստանին զենք է մատակարարվել Վրաստանի տարածքով։
 
Սերբիայի պաշտոնական անձինք տարակուսանքով հայտարարեցին, որ Ադրբեջանին մի քանի անգամ ավելի շատ զենք են մատակարարում, իսկ Վրաստանն առհասարակ հերքել է տարանցիկ փոխադրումը։ Բայց եթե Ադրբեջանը նախկինում պարտության մեջ մեղադրում էր հայկական լոբբիին, դաշնակներին, սեփական ազգայնական կուսակցություններին, որոնք «կորցրել են Ղարաբաղը», հիմա մնում է միայն մեղադրել այլ երկրների Հայաստանին զենք մատակարարելու համար։
 
Այս ամենը, իհարկե, վկայում է ոչ միայն ադրբեջանական կողմի հուսահատության
մասին։ Չի բացառվում, որ Բաքուն փորձում է դրանով թաքցնել սեփական մեղքերը։ Օրինակ, հայտնի չէ, թե թուրքական ինքնաթիռներն ում օդային տարածքներն են օգտագործել, որոնք ժամանել են Բաքու համատեղ զորավարժությունների մասնակցելու համար։ Չստուգված տեղեկություններ եղան, որ Թուրքիան փորձել է օգտվել Վրաստանի տարածքից։ Ռազմական փորձագետները նկատել են, որ թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությանը ռազմական տեխնիկան շատ քիչ է եղել: Հնարավոր է, պաշտոնական Վրաստանը թույլ չի տվել Ադրբեջան տեղափոխել թուրքական ռազմական տեխնիկան, եւ Բաքուն որոշել է մեղադրել Վրաստանին Հայաստան զենքի տարանցիկ փոխադրման մեջ։
 
Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Վրաստանը «կլանել» որպես տրանզիտ։ Բայց, չնայած թուրքական տնտեսական էքսպանսիային, Վրաստանը չի տրվում։ Ավելին, Թբիլիսիում տագնապալի կարծիքներ են հնչում, որ Թուրքիան, չկարողանալով «խաղաղ» մտնել Վրաստան, կարող է ուժային մեթոդների դիմել։
 
Այս կապակցությամբ Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-մայոր Գիվի Իուկուրիձեն կարծում է, որ 1994 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հրադադարի ստորագրումից հետո առաջին անգամ Թուրքիան այսքան բացահայտ ցույց է տալիս տարածաշրջանում իր ռազմական ներկայության շահագրգռությունը։ Իուկուրիձեի խոսքով, իրադարձությունների բացասական զարգացման դեպքում կլիներ հավանականություն, որ Անկարան
կօգտագործեր Վրաստանի տարածքը, որ իրականացնի Բաքվին օգնելու նպատակը։ Գեներալի խոսքով, վերջին շրջանում Թուրքիան չի պահպանում միջազգային նորմերը, այդ պատճառով Վրաստանի սահմանի հատումը ռազմական նպատակներով իրեն չի զարմացնի։
 
Չի բացառվում, որ Բաքվի «բողոքը» Սերբիայի, Հորդանանի ու այլ երկրների կողմից Հայաստանին սպառազինության մատակարարման վերաբերյալ տեղեկատվական ծածկոց է Վրաստանով ռազմական «ճեղքման» համար։ Սեբրիայի փոխվարչապետին, հավանաբար, հայտնի է այդ մասին։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2001 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար