Հայաստանը պետք է լինի տուն սփյուռքից ժամանող մեր հայրենակիցների համար. Հայրապետյան

13-08-2020 18:35:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա երկրորդ և վերջնական տուն սփյուռքից ժամանող հայերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հայրապետյանը հայտարարել խորհրդարանի ամբիոնից:
 


Հայրապետյանը նախ հիշեցրել է, որ 2018թ. ՀՀ Սփյուռքի նախարարութունը հանրության դատին էր ներկայացրել սփյուռքի հետ քաղաքականության ռազմավարության նոր հայեցակարգի նախագիծը, որը կոչվում էր` «Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք», իսկ ավելի ուշ` 2018թ. «Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ծրագրի չորրորդ կետով սահմանել է սփյուռքի հետ նորարարական քաղաքականությունը և այն կրկին վերնագրվել է` «Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք»: ԱԺ պատգամավորը նշեց, որ իրենց քաղաքական թիմն, ինչպես ամրագրել էր իր նախընտրական ծրագրում, այսօր ևս շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանն ու դիրքորոշմանը, ասել է թե` ՀՀ-ն պատասխանատվության մեծ զգացում ունի սփյուռքի հայ համայնքների առաջ:
 
«Վերջերս տեղի
ունեցած սարսափելի ծանր իրադարձությունները, որ բազմաթիվ մարդկային կյանքեր խլեցին, ինչպես լիբանանցի մեր բարեկամ ժողովրդի, այնպես էլ Լիբանանի հայ քաղաքացիների շրջանում, ևս կրկին գործուն քայլերի են մղում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Ազգային ժողովին: Խոսելով առհասարակ Մերձավոր Արևելքի և սփյուռքի մայր գաղթօջախների մասին, պետք է ասել, որ այդ համայնքները լիուլի տեղավորվում են մեր կատարյալ պատկերացումների մեջ, որովհետև մեր երազած կատարյալ սփյուռքը հետևյալն է` մենք գտնում ենք, որ մեր հայրենակիցները պետք է լինեն լիակատար մասնիկը տվյալ երկրի` ինտեգրված քաղաքացի միևնույն ժամանակ, պահպանելով սեփական ազգային ինքնությունը»,- ասաց Հայրապետյանը:
 
Նա նշեց, որ 2018թ. դեռ նախարարի կարգավիճակով այցելել է Լիբանան, Սիրիա և Եգիպտոս ու կարող է հպարտությամբ ասել, թե ինչ հիացական խոսքերով էին խոսում Հայաստանի գործընկերները տեղի հայ համայնքների մասին, ընդգծելով հայ մարդու, հայ ժողովրդի բազմադարյա ներդրումը Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային և գիտական բնագավառներում:
 
«Մեծագույն հպարտություն էր լսել դա մեր գործընկերներից, որովհետև Լիբանանում մեր հայ համայնքը տասնամյակներ շարունակ բավական դժվարությունների միջով է անցել, և ես ուզում եմ Ազգային ժողովի ամբիոնից շնորհակալություն հայտնել լիբանանցի ժողովրդին, որ, թե՛ քաղաքացիական պատերազմում, թե՛ դրանից հետո կարողացել են նաև պաշտպանել և իրենց հովանու տակ առնել մեր հայրենակիցներին, մարդկանց, ովքեր իրենց ունեցած ներդրման համար գնահատվել են տվյալ երկրի իշխանությունների կողմից»,- ասաց ԱԺ պատգամավորը:
 
Հայրապետյանը նշեց, որ այսօր Հայաստանը ոչ միայն պատասխանատվության զգացում ունի տեղի հայ համայնքի, այլև լիբանանցի ժողովրդի նկատմամբ, հավելելով, որ ՀՀ կառավարության կողմից Լիբանան ուղարկված վերջին հումանիտար օգնությունները կրելու են շարունակական բնույթ:
 
«Շատ կարևոր է, որ մեր լավագույնն անենք, որպեսզի հոգ տանենք մեր հայրենակիցների մասին, որոնք այսօր դժվարին կացության առջև են, բայց միևնույն ժամանակ ասել, որ այն մեր հայրենակիցները, որոնք այնուամենայնիվ կարևորագույն որոշում կկայացնեն` լքելու որևէ երկիր, որտեղ որևէ հնարավորություն այլևս չեն տեսնում գոյատևելու, ապրելու, ստեղծագործելու, Հայաստանի Հանրապետությունը լինելու է իրենց երկրորդ տունը»,- նշեց Հայրապետյանը:
 
Խորհրդարանի անդամը նշեց, որ տասնամյակներ շարունակ մեր երկիրը մեր հայրենակիցների կողմից ընկալվել է միայն որպես հուզական տարածք, բայց ոչ որպես տուն, ոչ որպես մի պետություն, որտեղ կարելի է գալ, ապրել, ստեղծագործել, հարստանալ և հարստացնել մյուսներին:
 
«Այսօր մենք ՀՀ-ն ստեղծում ենք այնպիսին, որը լինելու է տուն, որը նախկինում, մեր արած սխալների հետևանքով, ցավոք, չընկալվեց և չդարձավ տուն նույն տարածաշրջանի այլ երկրներից գաղթած մեր հայրենակիցների համար: Դա դաս պետք է լինի մեր քաղաքական թիմի և մեր հայրենակիցների համար, որովհետև չափազանց կարևոր է, թե հայրենադարձներն ինչպիսի վերաբերմունքի կարժանան: Շատ կարևոր է, որ այն մեր հայրենակիցը, որը նման որոշում կայացնի տեղափոխվել որևէ երկիր, այդ երկիրը պետք է լինի Հայաստանը, ոչ թե այլ երկիր: Հայաստանը պետք է լինի երկրորդ և վերջնական տունը մեր հայրենակիցների համար»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
 
Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ Հայաստանն իր առավելագույնը կանի, որ իր ուժերի սահմանում և դրանից ավելի է, որպեսզի դառնա տունը աշխարհասփյուռ որևէ անկյունից Հայաստան տեղափոխված իր հայրենակցի համար: Եզրափակելով խոսքը, Հայրապետյանը Լիբանանի ժողովրդին ու լիբանանահայերին ուժ և տոկոնություն մաղթեց, նշելով, որ Հայաստանն իրենց կողքին և թիկունքին է:
 
Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք
Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։
 
Հայաստանից դեպի Բեյրութ իրականացվել է հումանիտար օգնության երեք չվերթ: Առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից, երրորդը՝ օգոստոսի 11-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա՝ նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար: Հայաստանից ուղարկված երեք օդանավերով Լիբանանից Հայաստան է ժամանել շուրջ 100 հայ, որոնք Բեյրութում բնակվելու խնդիրներ են ունեցել նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: 
 
Նորայր Շողիկյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 533 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար