Հանգիստ նստեք տեղներդ ու սպասեք վերջնական եզրակացությանը, ի պատասխան ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի ասել էր ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:
Հանձնաժողովի վերջնական եզրակացությանը սպասում են շատերը: Ամբողջ հարցն այն է, թե ով կամ որ խումբն ինչի համար է սպասում, ինչի համար պետք է սպասի հանրությունն ու պետությունը: Ապրիլյան քառօրյա պատերազմը արցախյան առաջին պատերազմից հետո եղավ Հայաստանի նորագույն պատմության եւ ռեգիոնալ պատմության շրջադարձային կետ: Հայկական բանակի շնորհիվ այդ կետը Հայաստանի համար մեծ հաշվով հաղթական եղավ, որքան էլ շարունակվեն այդ թեմայով վիճաբանությունները:
Բայց ապրիլյան քառօրյա պատերազմն ամոթալի կետ եղավ Հայաստանում ավելի քան քառորդ դար իշխած համակարգի համար: Ապրիլյան պատերազմը Հայաստանի դեմ հասունացնելու հարցում այդ համակարգը ամբողջությամբ է ունեցել իր էական դերը եւ պատասխանատվությունը: Այդ համակարգը ամբողջապես է կրում պատասխանատվություն այն բանի համար, որ Հայաստանում չի ձեւավորել այնպիսի կենսունակ քաղաքական համակարգ եւ մրցակցային միջավայր, որը թույլ կտար քայլ առ քայլ բարձրացնել Հայաստանի ինքնիշխանությունն ու մրցունակությունը, արցախյան շարժման ու հաղթանակի կապիտալիզացիան: Հայաստանում հաստատված համակարգը քայլ առ քայլ նվազեցրել է դրա միջազգային արժեքն ու հարուցել, խորացրել կասկածներ դրա նկատմամբ:
Հետեւանքը հասունացել է տարեցտարի, նախագահից նախագահ, մեծամասնությունից մեծամասնւթյուն: Հասունացել է՝ թուլացնելով Հայաստանի ինքնիշխան դիմադրունակությունն ու թողնելով լոկ բանակի բարակ թելը, որն էլ զինվորներն ու սպաները պահեցին ապրիլյան քառօրյայում: Նրանք արմատապես փոխեցին հայկական պետականության վերաբերյալ միջազգային անվտանգային համակարգի ուժային կենտրոնների սպասումները, արդարացրին բանակի վերաբերյալ այդ կենտրոնների սպասումները եւ գործնականում նոր շնչառություն հաղորդեցին հայկական հարցի միջազգային լեգիտիմությանը:
Բայց Հայաստանը կարճ ժամանակ անց սկսեց շնչահեղձ լինել վերստին, երբ գործն արդեն բանակից վերադարձավ քաղաքականություն: Քաղաքական իշխանության եւ համակարգի լեգիտիմության խնդիրը զգացնել տվեց եւ Հայաստանի դեմ կիրառվեց շատ արագ՝ Հայաստանին գործնականում պարտադրվեց հրաժարում հրադադարի պահպանման եւ վերահսկման մեխանիզմներից՝ Վիեննայի օրակարգից, որը լինելու էր ապրիլյան քառչրյայում հայկական բանակի արձանագրած ռեգիոնալ նոր իրավիճակի միջազգային ամրագրումը:
Կովկասը շարունակեց մնալ առավելապես ռուս-թուրքական մեխանիզմների ենթակայության ներքո, որոնք ապրիլյան քառօրյայից եւ Վիեննայի հանդիպումից կարճ ժամանակ անց փաստացի ծավալվեցին հետաքրքիր եւ խորհրդանշական զուգահեռականությամբ:
Ըստ այդմ, ապրիլյան քառօրյան հասկանալու եւ բացահայտելու համար այն պետք է ուսումնասիրվի շատ խորքից, եւ ուսումնասիրությունը պետք է կանգ չառնի 2016-ի ապրիլով, այլ պետք է շարունակվի՝ մայիս, հունիս, հուլիս, եւ ավելի այն կողմ:
Ընդգրկե՞լ է խորհրդարանական հանձնաժողովն այդ մասշտաբը: Պարզ չի լինի գուցե վերջնական եզրակացությունից անգամ, որովհետեւ հարկ է արձանագրել, որ ցանկանանք, թե ոչ, բայց ներկայում չկա թե քաղաքական հնարավորությունը, թե նաեւ նպատակահարմարությունը՝ բացվել ամբողջապես: Բայց խորամուխ լինել, քննարկել թերեւս պարտադիր է, որովհետեւ ռեգիոնալ անվտանգության համակարգի համար պատասխանատու բոլոր կենտրոններում պետք է հստակ լինի, որ Հայաստանը տիրապետում է նյութին եւ այն հանրությանը մատուցելու պատկերացումներին, որ այն «ափի մեջ» է: Դա առանցքային նշանակություն ունի անվտանգային ներկայիս մարտահրավերները կանխարգելելու առումով: