Հայաստանի կառավարության առջեւ, Վրաստանի հարավային ու հյուսիսային անցակետերում


Հայաստանի կառավարության առջեւ, Վրաստանի հարավային ու հյուսիսային անցակետերում

  • 21-08-2020 10:20:51   | Հայաստան  |  Վերլուծություն

Ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց են անում մի քանի քաղաքացիներ: Նրանք ռուսաստանաբնակ են, ցանկանում են վերադառնալ Ռուսաստան, որտեղ իրենց ընտանիքներն են, բայց չեն կարողանում: Նրանք կառավարությունից պահանջում են միջամտել, բանակցել ռուսական կողմի հետ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ բանակցում են խնդրի շուրջ, սակայն Ռուսաստանը բավական կոշտ սահմանափակումներ է կիրառում:
 
Նման խնդրի առջեւ են Բագրատաշենի անցակետում կուտակված ՌԴ քաղաքացի հայերը, ովքեր ցանկանում են ցամաքային ճանապարհով մեկնել Ռուսաստան, սակայն Վրաստանը թույլ չի տալիս: Նրանք դիմել են Երեւանում Ռուսաստանի դեսպանատուն, ըստ քաղաքացիներից մեկի՝ դեսպանատանը խոստացել են օգնել, սակայն մինչ այժմ պատասխան չկա: Այդ մարդիկ արդեն տեւական ժամանակ մաքսակետում են, հակամարդկային պայմաններում:
 
Հակառակ պատկերն է Վրաստանի հյուսիսային անցակետում՝ Լարսում: Բազմաթիվ հայեր ցանկանում են վերադառնալ հայաստան, սակայն Վրաստանը թույլ չի տալիս ցամաքային ճանապարհով անցնել: Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասում է, որ մարդիկ սպասում են վրացական կողմի որոշմանը, որ իրենց տան իրերը վերցնեն ու տեղափոխվեն Հայաստան։
 
Ինձ համարյա սպառնում են, որ՝ գալու ենք հավաքվենք Լարսում։ Արդեն հուսահատության եզրին են մարդիկ, մեզ ասում են՝ դուք կարող եք բացել, չեք բացում սահմանը, ասում է Թանանյանը, ավելացնելով, որ ցամաքային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան գալու ցանկություն ունեցող հայերին հաշվառել հնարավոր չէ, նրանց թիվը շատ է։ Նրանք հիմնականում աշխատանքային միգրանտներն են, որոնք աշխատանքի խնդիր ունեն Ռուսաստանում:
 
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես մատնանշում է Ռուսաստանում կոշտ սահմանափակումները Հայաստանից մեկնել ցանկացողների համար: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ հարյուր հազարավոր հայեր են ցուցակագրվել Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար:
 
Երեկ տեղի է ունեցել հայրենադարձության հարցերով հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են այն ծրագրերը, որոնք պետք է նպաստեն հայրենադարձության խթանմանը: Հայրենադարձությունը զանգվածային լինում է ցնցումային ժամանակներում, ինչպես օրինակ համաճարակն է կամ պայթյունը Բեյրութում: Իր հերթին, առաջիկայում Ռուսաստանում իրավիճակի վատթարացում է սպասվում տնտեսական ու քաղաքական պլանում, եւ հնարավոր է հայերի մի զգալի մասը ցանկանա վերադառնալ Հայաստան: Կառավարությունը պատրա՞ստ է դրան:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play