Թուրքիան արագ արձագանքեց


Թուրքիան արագ արձագանքեց

  • 22-08-2020 10:25:07   | Հայաստան  |  Վերլուծություն

Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ նախորդ նիտում ընդունված Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը շատ կարճ ժամանակ անց ապացուցեց իր կենսունակությունը: Նա երկու գործոն նշեց՝ Տավուշի մարտերն ու Թուրքիայի քաղաքականությունը: Տավուշի մարտերում Ադրբեջանը կորցրեց իր եւս մեկ «փաստարկ», ըստ որի՝ իր զիջումը կարգավորման գործընթացում պատերազմ չսկսելն է: Հայկական կողմը կանխարգելիչ հարվածով ցույց տվեց, որ այդ գործոնն այլեւս չի աշխատում:
 
Իր հերթին, Թուրքիան անսպասելի ագրեսիվ պահվածք դրսեւորեց, անվերապահ աջակցություն հայտնելով Բաքվին, այդ թվում՝ ռազմական: «Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ: Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն  քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում», ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
Մինչ Երեւանում ընթանում էր Անվտանգության խորհրդի նիստը, Թուրքիայից երկու կարեւոր տեղեկություն ստացվեց: Սուրբ Սոֆիայից հետո Թուրքիայի իշխանությունը մզկիթի վերածեց եւս մեկ բյուզանդական տաճար, իսկ Էրդողանը հայտարարեց, որ Սեւ ծովում գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել, գազը թուրք ժողովրդին կհասնի 2023-ին:
 
Թուրքիան ձգտում եւ քայլեր է ձեռնարկում Արեւմուտքից քաղաքական, տնտեսական ու էներգետիկ անկախության ու ինքնաբավության հասնելու համար, եւ հասել է զգալի հաջողությունների, նշում են թուրք եւ միջազգային փորձագետները: Դրանով է բացատրվում նաեւ արտաքին ագրեսիվ քաղաքականությունը մի շարք ուղղություններով: Տավուշյան իրադարձություններից հետո Թուրքիան արագացրել է նաեւ Հարավային Կովկասում իր ռազմական ու տնտեսական ներկայությունը հաստատելը, գերադասելի դիրքերից արդեն փորձելով խոսել Ռուսաստանի հետ, այդ թվում առավել լայն խնդիրների համատեքստում: Ակնհայտ է, որ այդ պարագայում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ ռեգիոնի բաժանման ռուս-թուրքական հարյուրամյա պայմանավորվածությունների ճակատագրի հարցը:
 
Տավուշի իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը խոսել էր Թուրքիային զսպելու այլ ձեւաչափերի անհրաժեշտության մասին: Երկար տարիներ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հանգում էր «մեկուսացման» գաղափարաբանությանը՝ սահմանափակվելով Արցախի ու Ցեղասպանության խնդիրներով: Սակայն այդ խնդիրները 1994-ից հետո ռազմական երկու մասշտաբային բախման ու ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման արդյունքում ստանում են առավել լայն համատեքստ ու անվտանգային նոր մարտահրավերներ ու հնարավորություններ, որոնք արդեն հնարավոր չէ սպասարկել «մեկուսացման» քաղաքականությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play