Արդարացված չէ մարդուն դաժան, անմարդկային վիճակի մեջ գցել և անպատասխան մնալ


Արդարացված չէ մարդուն դաժան, անմարդկային վիճակի մեջ գցել և անպատասխան մնալ

  • 25-08-2020 17:36:53   | Հայաստան  |  Իրավունք

Երկու օր է մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ քրեակատարողական տարբեր հիմնարկներում դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալներին։
 
Հակված ենք ընդունելու, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, քանի որ ինչպես նշված է մեդիա տիրույթում, արդեն իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ևս ահազանգեր են ստացվել և դատապարտյալներից մեկը նաև դիմում է փոխանցել Պաշտպանին։
Խիստ դատապարտելի է նման վարքագիծը, քանի որ եթե գլոբալ առումով դիտարկենք այս խնդիրը, կհանգենք նրան, որ ամեն դեպքում խախտվում են մարդու իրավունքները։ Եթե անգամ ՔԿԾ-ից կամ Արդարադատության նախարարությունից պարզաբանում են, որ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար խուզարկություններ են իրականացվում խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով, որը իրականացվում է օրենքի շրջանակում, ապա միևնույնն է արդարացված չէ մարդուն դաժան, անմարդկային վիճակի մեջ գցել և մնալ անպատասխան։
Այս խնդիրը տարբեր անկյուններից դիտարկելու պարագայում հանգում ենք այնպիսի հարցերի, ինչպիսիք են․ նման միջոցառումներ իրականացնելու ժամանակ որտե՞ղ է եղել տվյալ ՔՀ պետը, արդյոք տեղեկացված է եղել, որ այդ միջոցառումները իրականացվում են իր ենթակայության տակ պահվող դատապարտյալներին դաժան ծեծի ենթարկելու միջոցով, թե հիշյալ միջոցառումները իրականացվել են վերջինիս բարձր հովանու ներքո։
Հրապարակ թերթում տեղ գտած նյութը սկսվում է հետևյալ վերտառությամբ․ «Քրեակատարողական հիմնարկներում հաշվեհարդար են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող․․․․»։
Այստեղ հարց է առաջանում, տվյալ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում, որ դատապարտյալներին բաժանում է ենթամշակույթ հարողի կամ «սովորական մահկանացուի», այսինքն՝ զուտ հայեցողական վերաբերմունք է դրևսորում կամ, տվյալ պետը ավելի լավ է տիրապետում «օդից ընկած» հոդվածի հատկանիշներին ու ջանք չի խնայում, որպեսզի նախադեպ լինի և որ պետությունը ակտիվ պայքար է մղում հանուն «բարձր արժեքների»։
Համոզված ենք, որ հիշյալ դեպքերով պետք է մանրամասն ուսումնասիրել իրավիճակը, քրեական գործ հարուցել համապատասխան հանցակազմերի շրջանակում և պարտադիր պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Իսկ անկախ ամեն ինչից առաջնային պատասխանատվության ենթակա է Քրեակատարողական ծառայությունը, տվյալ քրեակատարողական հիմնարկի պետը և Արդարադատության նախարարությունը, որովհետև ամենաթողության սերմանումը սկսվում է ավելի բարձր օղակներից և հիշյալ մարմիններն են հանդիսանում կատարածուները։
Եվ այս ամենում կա ցավալի իրականություն ու պրակտիկա․ դատապարտված անձանց անձնական գործի նյութերում կտեղադրվի հերթական «կեղծ» արձանագրությունը, իբր թե կալանավորը չի ենթարկվել աշխատակցի կարգադրություններին և նրա նկատմամբ կիրառվել է ուժի գործադրում։ Ինչ խոսք, ուժի գործադրման հետևանքով նման վնասվածքներ չեն ստանում։
Եթե անգամ մարդիկ կգտնվեն, որ կփորձեն մեկնաբանել քրեական դատավարության հայտնի հոդվածը, այս ամենի արդարացման լույսի ներքո, ապա պետք է ցավով փաստել, որ մեր հասարակությունում ոչինչ չի փոխվել, իսկ մարդկային ստորությունը սահման չի ճանաչում, և ոչ ոք իր տեղում չի գտնվում ու իրեն համարում է ամենազոր էակ, երբ կարծում է, որ որոշակի գործողություն իրականացնելու «իրավունք» ունենալու դեպքում, կարող է այնքան դաժան գտնվել, որ մարդուն հասցնի մահվան։
Այսպիսով, Մասնավոր իրավական կենտրոնը, ի դեմս հիմնադիր և տնօրեն Ինգա Ավագյանի ակտիվ հետևելու է դեպքերի հետագա զարգացումներին և անհրաժեշտության դեպքում իր միջամտությունն է ցուցաբերելու հանուն մարդու կյանքի և առողջության իրավունքի։
 
«Մասնավոր իրավական կենտրոն» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play