Ախուրյանի թիվ 1 դպրոցում անաշխատ եկամուտների ստացմամբ առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 4 անձի, ուղարկվել է դատարան


Ախուրյանի թիվ 1 դպրոցում անաշխատ եկամուտների ստացմամբ առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 4 անձի, ուղարկվել է դատարան

  • 02-09-2020 17:03:28   | Հայաստան  |  Իրավունք

Ավարտվել է Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատանքային հարաբերությունների հետ կապված ենթադրյալ կոռուպիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: 
 
2019թ, ապրիլի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է  Շիրակի մարզային քննչական վարչությունում, հիմնավորվել է, որ «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ն  անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով, դպրոցի թվով 5 աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում պարբերաբար, որոշակի ընդհատումներով ՀՀ-ից բացակայելու և աշխատանքի չհաճախելու պայմաններում, դպրոցի փոխտնօրեն Գ.Մ.-ի և հաշվապահներ Ս.Գ.-ի ու Ա.Մ.-ի օժանդակությամբ, աշխատաժամանակի հաշվարկի և աշխատավարձի վճարման տեղեկագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ աշխատակիցների կողմից նշված ժամանակահատվածում կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ապա այդ կեղծ փաստաթղթերը հաստատվել են, ինչի հիման վրա աշխատանքի չհաճախած աշխատակիցների  անվամբ հաշվարկվել ու որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր խոշոր չափերի՝ 2.162.618 ՀՀ դրամ   գումար: Արդյունքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնվել է նշված չափերով գումարը և կատարվել է պաշտոնեական կեղծիք։
 
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 14 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
 
ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 13 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։
 
Հաշվապահներերից մեկին մեղադրանք է առաջադրվել 11 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 8 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։
 
Առաջադրված մեղադրանքներում նշված անձինք ընդունել են իրենց մեղքը, նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ե.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված  գույքային վնասը։
 
Շիրակի մարզի դատախազությունում հաստատվել է նշված 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play