Ավարտվել է ոռոգման համակարգերի արդիականացման երկու խոշոր ծրագիր․ տարեկան կխնայվի 81 միլիոն դրամ


Ավարտվել է ոռոգման համակարգերի արդիականացման երկու խոշոր ծրագիր․ տարեկան կխնայվի 81 միլիոն դրամ

  • 03-09-2020 15:21:45   | Հայաստան  |  Հասարակություն

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` Եվրասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացրել է Ազատ գետից Մխչյանի պոմպակայանի 1-ին աստիճանի հեռացնող ջրանցքի և Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ենթածրագրերը։ 
 
Մխչյանում մասնավորապես կառուցվել է ջրընդունիչ կառուցվածք և մոնտաժվել է 1370մ երկարությամբ ապակեմանրաթելային խողովակաշար։ Կառույցի շահագործմամբ ինքնահոս եղանակով Մխչյանի հեռացնող ջրանցք կտեղափոխվի 690լ/վրկ ելքով դոտացիոն ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 1․7 մլն.կվտ/ժամ  էլեկտրաէներգիա՝ շուրջ 65 մլն.դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 125.1 մլն.դրամ։ 
 
Մյուս ՝ Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգի արդիականացման ենթածրագրով կառուցվել է ջրընդունիչ կառուցվածք և մոնտաժվել է 4960մ երկարությամբ պոլիէթիլային խողովակաշար. արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 100 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 54,6լ/վրկ. ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,35 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ շուրջ 16 մլն.դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 88.9 մլն․դրամ ։ 
 
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում  նախատեսված է իրականացնել 7 ենթածրագիր, ընդհանուր ներդրումը կազմում է 50 միլիոն դոլար։ Ծրագրի ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ  էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play