Դե ինչ իմ ընկեր, կարծես թե տեղ հասանք


Դե ինչ իմ ընկեր, կարծես թե տեղ հասանք

  • 08-09-2020 11:22:30   | Հայաստան  |  Իրավունք

Մի ամբողջ ժողովուրդ, որը համարվում է ՀՀ ում իշխանության կրողը, 2 տարի է պահանջում է իր ծառաներից՝ կառավարությունից փոխել դատախազին և դատաիրավական համակարգը, վերանայել անմեղ դատապարտվածների դատավճիռները ՝ արդարացնել նրանց, վերանայել ունեզրկված քաղաքացիների վճիռները և վերականգնել նրանց իրավունքները:
 
Իշխանության սրտի և Սերժի նշանակած դատախազը
 
Երկու տարի է, ժողովրդի ծառաները՝ իշխանությունը արեց ամեն ինչ, որպեսզի չկատարի այդ պահանջը, արդյունքում ՀՀ դատաիրավական թարախային պալարը հասունացավ և այսօր պայթեց, մարտի 1-ի իրավահաջորդների հայտարարությամբ:
Այսօր վերջիններս հայտարարեցին, որ չեն պատրաստվում մասնակցել և իրենց ներկայությամբ լիգիտիմացնել այն թատերական ներկայացումը, որը կոչվում է մարտի 1-ի դատավարություն:
Պատասխանելով բազմաթիվ օգտատերերի հարցերին նշեմ, որ ամբողջովին համամիտ եմ տուժողների իրավահաջորդների հետ հետևյալ պատճառաբանությամբ՝
1. Մարտի 1-ի գործով մեղադրվում են մի խումբ պաշտոնյաներ, 2008թ-ին ՀՀ ում սահմանադրական կարգը տապալելու համար:
2. 2008-2009 թ ՀՀ ում, մարտի մեկի գործով տարբեր տեսակի պատիժների են արժանացել մոտ 280 ՀՀ քաղաքացի, ովքեր պայքարել են սահմանադրական կարգը տապալող և այսօր դրա համար մեղադրվող պաշտոնյաների դեմ:
3. Մինչև այսօր 2008թ ՀՀ սահմանադրական կարգը պաշտպանող և դրա համար ապօրինի դատապարտված 280 անձից արդարացվել է մոտ 17 հոգի, այն էլ Եվրոդատարանի կողմից:
4. Փաստացի ՀՀ նոր իշխանությունը գտնում է որ
- այդ 280 հոգին դատապարտվել են արդար դատավճիռներով և նրանց գործերը ենթակա չեն վերաբացման
- ՀՀ դատական և դատախազական համակարգը նախկինում գործել է արդար և այդ պատճառով նույնիսկ հեղափոխությունից հետո փոփոխման ենթակա չէ
- որ Պետական գերակա շահի անվան տակ ունեզրկված ՀՀ քաղաքացիները թալանվել են օրենքով և նրանց վճիռները նույնպես վերանայման ենթակա չեն
- որ նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները չեն թալանել, չեն սպանել և քրեական հետապնդման ենթակա չեն
Այստեղից էլ բխում է, որ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները սահմանադրական կարգը չեն տապալել և 2008-ի մեղավորները դա այդ 280 հոգին են, ովքեր դուրս են եկել լ<<եգիտիմ>> ընտրված ռոբասերժական իշխանության դեմ, ի դեպ այդ արդարացի դատապարտված 280 հոգու կազմում են նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և Սասուն Միքայելյանը:
Արձանագրենք, որ չվերանայելով և չարդարացնելով 2008թ-ի մարտի մեկի գործերով ապօրինի դատապարտված այդ 280 հոգուն, ՀՀ Վարչապետը դե ֆակտո ընդունում է իր մեղքը 2008թ-ի դեպքերում և արդարացնում է այդ դեպքերը չեզոքացնող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործողությունները:
 
Մարտի մեկի գործով տուժողների իրավահաջորդները այսօր հստակ հասկացան այն, ինչ երկու տարի է գոչում է մի ողջ ժողովուրդ, այն է, քանի դեռ արդարացված չեն 2008-2009 թթ մարտի մեկի գործով ապօրինի դատապարտված անձիք, ապա Ռոբերտ Քոչարյանը և մյուսները չեն կարող մեղավոր ճանաչվել սահմանադրական կարգի տապալման գործով, քանի որ փաստացի ստացվում է, որ նրանց գործողությունները եղել են հանուն ՀՀ ում օրինականության հաստատմանն ուղղված քայլեր:
Այստեղից էլ տրամաբանորեն բխում է, որ Մարտի մեկի գործով տուժողների իրավահաջորդները , հանուն իրենց երեխաների շիրիմների, չպետք է մասնակցեն մի դատավարությանը, որի վերջում կայացվելու է դատական ակտ, որով հռչակվելու է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների անմեղությունը, իսկ իրենց սպանված երեխաները հետմահու ճանաչվելու են մեղավոր ու հանցագործ:
 
Հ.Գ
07 սեպտեմբերի 2020թ-ը կմնա Հայ ժողովրդի պատմության մեջ, որպես հեղափոխության կապիտուլյացիայի արձանագրման և Վարչապետի սրտի միակ դատախազ Արթուր Դավթյանի փառահեղ հաղթանակի օր:
Ցավալի է, բայց պետք է արձանագրենք, որ կարծես թե տեղ հասանք, իլյուզիաները վերացան և առերեսվեցինք դառը ճշմարտության հետ:
Ողջունում եմ տուժողների իրավահաջորդների ուշացած, բայց ողջամիտ քայլը:
 
Իրավապաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play