Արտաշատի բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով


Արտաշատի բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով

  • 10-09-2020 11:15:06   | Հայաստան  |  Իրավունք

2020թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 04.15-ին,  «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից  հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 39-ամյա բնակիչը: 
 
Նույն օրը՝ ժամը 06:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում 39-ամյա բնակիչը մահացել է:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում   հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն)  հոդվածի 1-ին մասով:
 
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 39-ամյա բնակչին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառել է 36-ամյա համաքաղաքացին:
 
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է և առգրավվել:
 
Արտաշատ քաղաքի 36-ամյա բնակիչը ձերբակալվել է՝  39-ամյա համաքաղաքացու  սպանության կասկածանքով:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play