Թուրքիայի ահաբեկչական հավաքակայանը. Երեւանի անսպասելի հայտարարությունը Կահիրեում


Թուրքիայի ահաբեկչական հավաքակայանը. Երեւանի անսպասելի հայտարարությունը Կահիրեում

  • 14-09-2020 12:30:10   | Հայաստան  |  Վերլուծություն

«Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են», Եգիպտոսում այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա երկօրյա պաշտոնական այց է կատարել Եգիպտոսի հանրապետություն:
 
Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունն ինչ որ առումով հնարավոր է գնահատել անսպասելի եւ աննախադեպ, նկատի ունենալով այն, որ Երեւանն այդպիսի բարձր մակարդակով չէր խոսել Ադրբեջան ահաբեկիչ վարձկաններ տեղափոխելու Թուրքիայի քայլերի մասին: Դրանց մասին տեղեկություն հուլիսյան տավուշյան մարտերից հետո հայտնվել էր սիրիական մամուլում: Ըստ դրա, Թուրքիան Սիրիայում կռվող վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան:
 
Երեւանը հայտարարեց, որ ստուգում է այդ տեղեկությունը: Արդյոք արտգործնախարարի Եգիպտոսում արած հայտարարությունը հուշում է, որ Երեւանը ստուգել է այն եւ առնվազն պարզել, որ կան հիմքեր արտաքին գործերի նախարարի մակարդակով թուրքական այդօրինակ նախաձեռնության մասին խոսելու համար, ընդ որում նշելով, որ «գուցե արդեն տեղափոխվել են»:
 
Թուրքական այդ նախաձեռնությանը զուգահեռ, բուլղարական մամուլում հերթական տեղեկությունն է այն մասին, որ Ալիեւի ընտանիքին պատկանող ավիաընկերությունը տարիներ շարունակ ծանր եւ տարբեր այլ տիպիսի սպառազինություն է մատակարարում Սիրիայում, Իրաքում եւ մի քանի այլ թեժ կետերում կռվող վարձկան ահաբեկիչներին: Դա անշուշտ նոր տեղեկություն չէ, բայց կան նոր տվյալներ, որոնց մասին բուլղարացի լրագրող Դիլիանա Գայտանջիեւան պատմել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը:
 
Ադրբեջանը Թուրքիայի համար վերածվել է յուրօրինակ «հավաքակայանի», որի միջոցով համակարգվում է ահաբեկչական խմբավորումների հետ հաղորդակցությունը: Այդ հանգամանքը անշուշտ անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ այն բոլոր ռեգիոնների պետությունների համար, որոնց ուղղությամբ Անկարան վարում է ագրեսիվ էքսպանսիոն քաղաքականություն:
 
Հայաստանի արտգործնախարարը մատնանշել է այդ ուղղությունները՝ Կովկաս, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արեւելք, Միջեկրածովյան ռեգիոն: Ահաբեկչական ռեսուրսն այդ իմաստով Անկարայի թերեւս միակ կամ գլխավոր դաշնակիցն է, իսկ Ադրբեջանն այդ իմաստով՝ ֆորպոստ, համակարգման կենտրոն: Այստեղ է նաեւ պատճառներից մեկը, որ Անկարան հուլիսյան մարտերում Բաքվի կրած պարտությունն օգտագործեց Ադրբեջանը ռազմա-քաղաքական իմաստով կլանելու համար:
 
Համաշխարհային զարգացումների տրամաբանությունը հուշում է Թուրքիայի խնդիրների մասին, որ ունենալու է էքսպանսիոն քաղաքականությունը շարունակելու հարցում: Բանն այն է, որ չշարունակելն էլ այլեւս հղի է ոչ պակաս խնդիրներով: Այդ առումով, Անկարան ունի իր գլխավոր «դաշնակից ռեսուրսի»՝ ահաբեկչական խմբերի, վարձկան-ահաբեկիչների հետ հաղորդակցությունն առավել ինտենսիվ իրականացնելու խնդիր, ինչի համար էլ պետք է առավել կառավարելի «կայան» եւ միաժամանակ «ծածկոց»: Որովհետեւ, չունենալով օրինակ Ադրբեջան, Անկարան ստիպված է լինելու իր վրա վերցնել ահաբեկչական հաղորդակցության բոլոր ռիսկերը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play