Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել ծախսերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման նախագիծը

17-09-2020 12:35:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ ազգային ժողովը քննարկում է գործադիրի կողմից ներկայացված նոր օրենքի նախագիծ, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, ընդլայնվում է հայտարարատուների
շրջանակը: «Արմենպրես»-ի «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
 
«Նախագծերով մասնավորապես առաջարկում ենք հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը: Որդեգրվել է նաև այն մոտեցումը,
որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, անկախ սպառիչ թվարկված ծախսերի տեսակներից, ենթակա կլինի հայտարարագրման»,-ասաց նախարարը:
 
Սպառիչ թվարկված ծախսերն են՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության ծախսերը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները և անշարժ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը:
 
Նախագծով առաջարկվում է նաև հայտարարագրման ենթակա գույք սահմանել  հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը: Նախագծով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինիս կողմից վերահսկվող օրենքով նախատեսված գույքը կամ հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, թանկարժեք գույքը: Առաջարկվում է նաև ներդնել մեխանիզմ, որի համաձայն հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ այն է գույքի էական փոփոխության կասկածի դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի անձից պահանջել ներկայացնելու գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր:
 
Առաջարկվում է նաև նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 մլն դրամից հասցնելով 4 մլն դրամի կամ համարժեք արժույթի մակարդակ: Նախատեսվում է նաև ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաև համայնքների աշխատակազմերի քարտուղարների, 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար:
 
Առաջարկվում է նաև հայտարարատուին հնարավորություն տրամադրել վերացնելու իր կողմից հայտնաբերված անհամապատասխանությունը հանձնված և չհրապարակված հայտարարագրում՝ այն հանձնելուց հետո քառօրյա ժամկետում:
 
Նախագծերի փաթեթով առաջարկվում է որոշակիորեն ընդլայնել բարեվարքության ստուգման գործընթացին առնչվող կարգավորումները, պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել, թե ինչ է նշանակում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը:
 
Աննա Գրիգորյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 153 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար