Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան տնօրեն Դեբորա Գրիզերին

17-09-2020 15:38:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը։
 
Ողջունելով հյուրերին` նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վերջին երկու տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա նաև հույս է հայտնել, որ դիվանագետը Հայաստանում աշխատած 4 տարիները կհիշի որպես փորձառության լավագույն շրջան։ Բարձր գնահատելով «Ներառական կրթության
համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը` նախարարն ընդգծել է առաջիկայում աշխատանքային խմբի հանդիպման և համատեղ գործողությունների հստակ ժամանակացույցի սահմանման կարևորությունը։
 
Տիկին Դ. Գրիզերը, արձանագրելով, որ իր առաքելության վերջին երկու տարիներն էականորեն տարբերվել են մինչ 2018 թ. հեղափոխությունն ընկած ժամանակահատվածից, խոսել է նախարարության գործընկերների հետ համատեղ աշխատանքի, հանդիպումների ու բարեփոխումների գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։ Նա առանձնացրել է հատկապես համընդհանուր ներառական կրթության, ռազմավարական ծրագրերի և մանկավարժահոգեբանական ծառայություններին տրամադրած աջակցությունը` անդրադառնալով նաև ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքները բարելավելու և գույքով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։
 
Հայաստանում առաքելությունն ավարտող տիկին Գրիզերը տեսակապի միջոցով նախարարության պատասխանատուներին է ներկայացրել իր գործընկեր Դեյվիդ Հոֆֆմանին, որը առաջիկայում փոխարինելու է իրեն։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նոր տնօրեն Դեյվիդ Հոֆֆմանը, ողջունելով
գործընկերներին, հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման շրջանում ևս կշարունակվի երկկողմ արդյունավետ համագործակցությունը։
 
Հանդիպման ավարտին նախարար Հարությունյանը հաջողություններ է մաղթել տիկին Գրիզերին և վստահեցրել, որ նախարարությունում նա ունի բարեկամներ և գործընկերներ, որ սիրով կհյուրընկալեն նրան, երբ կրկին այցելի Հայաստան։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 151 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար