Ձորագյուղում հիմնանորոգվել է երկու փողոց, ընթացքում է մշակույթի տան հիմնանորոգումը


Ձորագյուղում հիմնանորոգվել է երկու փողոց, ընթացքում է մշակույթի տան հիմնանորոգումը

  • 23-09-2020 15:38:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կառավարության կողմից Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է ներհամայնքային երկու փողոցների հիմնանորոգումը, ընթացքում  են մշակույթի տան հիմնանորոգման շինարարական աշխատանքները:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ձորագյուղի թիվ 11 եւ 12 փողոցների հիմնանորոգման  պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 564 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղի համայնքապետարանի կողմից կատարվող ներդրման մեջ 3 միլիոն դրամի չափով իր մասնակցությունն է ունեցել բարերար Կամո Աբրահամյանը: Շինարարական աշխատանքներն ավարտվել են սեպտեմբերի կեսերին:  
 
Ձորագյուղի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է շուրջ 49 միլիոն  դրամ, որի 45 տոկոսը  հատկացրել  է Կառավարությունը, 55 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը:
 
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Ձորագյուղում իրականացված աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով համայնք է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետն այցի ավարտին իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների ընթացքից:
 
«Սեպտեմբերի 22-ի դրությամբ արդեն տեղադրված են նոր դռներն ու լուսամուտները, կատարված են ներսի հիմնանորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին: Սրանով կավարտվի  նաեւ  մշակույթի տան հիմնանորոգման ծրագիրը, որը փուլերով ընթացել էր նախորդ տարիների ընթացքում: Հիմնանորոգված ճանապարհներից մեկը տանում է դեպի հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը համարվող Սուրբ Կարապետ կամ Մասրուց Անապատ եկեղեցի: Ակնկալում ենք, որ ճանապարհի հիմնանորոգման արդյունքում կունենանք զբոսաշրջության աշխուժացում»,- նշեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը:
 
Խոսրով Խլղաթյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը