Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակը սրվում է․ Նիկոլ Փաշինյան


Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակը սրվում է․ Նիկոլ Փաշինյան

  • 24-09-2020 11:46:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում է արձանագրվում՝ երեկ գրանցվել է 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ։ Եվ ինչպես ենք մենք այս իրավիճակին վերաբերվում։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ։ Եվ այստեղ շատ բան կախված է մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Իհարկե, պետք է նաև շատ խստորեն վարչական մեթոդներ կիրառվեն։ Եվ պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր։ Կարմիր գիծն այն է, երբ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն։ Այդ ժամանակ մենք պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել»,- ասաց նա։
 
Ըստ վարչապետի՝ հուլիսին ծավալված հիվանդանոցային մեծ կարողությունները, որոնք հետ են ծավալվել, դրանք պատրաստ են ցանկացած պահի հետ վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը։
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին կորոնավիրուսով հիվանդների համար կա ծավալված մոտ 1230 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30 տոկոսը դեռ մնում է ազատ։ Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ այսօր զբաղվում է 5 հիվանդանոց, ևս երեքը՝ նորածինների ու հղիների համար։ «Սակայն, ինչպես դուք նշեցիք, և ի սկզբանե էր դա պլանավորված, ցանկացած պահի կամ մեկ-երկու օրվա մեջ, երբ իրավիճակը կրկին կտրուկ կսրվի, ամբողջ ռեսուրսը նորից կարող է գործի անցնել։ Ուզում եմ հիշեցնել, որ մոտավորապես 2700-2800 սովորական և 300 վերակենդանացման մահճակալների մասին է խոսքը»,- ասաց նախարարը։
 
 
Թորոսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ասել էին, թե Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը եղել է հուլիսի 6-ին։ «Այնպես է ստացվել, որ ամենացածր թիվն էլ մեզ մոտ եղել է սեպտեմբերի 11-ին։ Եվ սեպտեմբերի 11-ից մինչ օրս մենք աճում ենք արդեն։ Այսօրվա թիվն, իհարկե, կտրուկ տարբերվում է նախորդ օրերի աճից, սակայն տենդենցը սկսվել է սեպտեմբերի 11-ից։ Եվ, այո, դա պայմանավորված է թե շարժունակության մեծացմամբ, թե համաճարակային կանոնների նկատմամբ մեր կարգապահությամբ»,- հավելեց նախարարը։
 
Ըստ Թորոսյանի՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում սրանից ավելի կտրուկ աճ լինի, արդեն դա կապվելու է դպրոցների վերաբացման հետ։ «Խոսքը միայն դպրոցի ներսում փոխանցման մասին չէ։ Դպրոցներն ինքնին և ուսումնական հաստատությունները մեր բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից մեկն են, որը փաստացի չկար երկար ժամանակ։ Եվ դա մենք ավելացրել ենք, իհարկե, գնահատելով ռիսկերը։ Եվ պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին»,- հավելեց նա։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն