Անկախության օրվա միջոցառումը կազմակերպած ընկերության մասին բոլոր տվյալներն առկա են. Politik.am-ը սխալ որոնում է կատարել

24-09-2020 13:19:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Politik.am» լրատվակայքը հրապարակել էր նյութ այն մասին, թե իբր ՀՀ վարչապետի աշխատակազմը Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման համար 43 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել մի ընկերության հետ, որի մասին տեղեկություններ առկա չեն պետական համապատասխան հարթակներում։
 
Նյութի հեղինակը որոնում է կատարել ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում՝ «e-register.am»-ում, սակայն չկարողանալով գտնել որևէ տեղեկություն՝ եզրակացրել է՝ ընկերության մասին տեղեկություններ գտնելը անհնար է։
 
Իրականում թե՛ e-register.am, և թե՛ petekamutner.am պետական հարթակներում տեղեկությունները հասանելի են։
 
Ինչ վերաբերում է հոդվածագրի պնդմանը, թե ընկերության մասին տեղեկություն չկա նաև «tender-monitoring.am» կայքում, ապա հարկ ենք համարում նշել, որ սույն կայքը արտացոլում է պետական գնումների «Armeps» էլեկտրոնային հարթակում առկա տեղեկատվությունը։ Այստեղ առկա է հանրային գնումների օրենսդրությունը, պետական կառույցների գնումների պլանները,
կնքված պայմանագրերը և այլն։
Հիշյալ երկու դեպքերում էլ նյութի հեղինակը, չկարողանալով գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, կասկածի տակ է դրել դրանց գոյությունը։
 
Այսպես՝ «Armeps» էլեկտրոնային հարթակում տեսնում ենք, որ Վարչապետի աշխատակազմը 2020 թվականի սեպտեմբերի 16-ին մոտ 43 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել Արթուր Մանուկյան ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ 25440867)։ Առկա է ընկերության հասցեն, բանկային հաշիվը և այլն։
 
Պայմանագրով նախատեսված է ՀՀ անկախության օրվա առիթով մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցում՝
 
«Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության միջոցառման կազմակերպում, ստեղծագործական և ադմինիստրատիվ անձնակազմ, բանվորներ, հյուրընկալներ, միջոցառման կոնտենտի ստեղծում, դիզայներական աշխատանքներ, էկրաններին տեղադրվող վիդեոկոնտենտի ստեղծում, արտիստներ, նոր կատարումների նոտագրում, ռեկվիզիտներ, միջոցառման տպագրական ֆայլերի ստեղծում և տպագրություն, բեյջեր, մայկաներ, գլխարկներ, դիմակներ, արտիստների ելույթների բեմադրում և հագուստ, թվով 50 գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում, բիոզուգարանների վարձակալություն և սպասարկում, վրանների, սեղանների, աթոռների և այլ անհրաժեշտ պարագաների վարձակալություն, հանդիսատեսի անձրևանոցներ, անհրաժեշտ տեխնիկայի և թարգմանչական սարքերի վարձակալություն, թարգմանչի ծառայություն, դիմահարդարների և վարսահարդարների խումբ արտիստների համար, սցենարական աշխատանք, բացման պարային համարների բեմադրում և կոստյումներ, միջոցառման ետնաբեմի գլխավոր ձայն, հեռուստատեսային սայլակի վարձակալություն, ամբողջ անձնակազմի 4 օր աննդի և տրանսպորտի ապահովում դեպի Զվարթնոց և հակառակ ուղղությամբ։
 
Լրատվակայքի հաջորդ կեղծ պնդումն այն է, թե իբր Արթուր Մանուկյան Ա/Ձ-ն չունի գրանցված
աշխատակիցներ: Այս պնդման համար նյութի հեղինակի համար հիմք է հանդիսացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում՝ «1000plus.am»-ում որոնումը։
 
 Այս դեպքում կարևոր է հասկանալ հարկային օրենսդրությունը։
 
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնեցին, որ անհատ ձեռներեցների պարագայում վճարումները կատարվում են տարեկան սկզբունքով, ընդ որում 2020 թվականի համար վճարումների վերջնաժամկետը սահմանված է հաջորդող տարվա ապրիլը։ Վճարումները կատարվում են Պետական եկամուտների կոմիտեում, ստուգումներ անցնելուց հետո նոր տեղեկատվությունը արտացոլվում է «1000plus.am» կայքում։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 293 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար