Գլխավոր հարցն այստեղ այն պետք է լինի, որ մեր քաղաքացիները կարդան այդ պայմանագրերը. ՄԻՊ

24-09-2020 15:50:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



2020 թվականին մինչև
սեպտեմբերի 23-ը Մարդու իրավունքների պաշտպանը բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել է 200 գրավոր և բանավոր դիմում-բողոք՝ 400 անձից։ Այս մասին Ազգային ժողովում բանկային համակարգում վարկային խնդիրների թեմայով լսումների ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ստացվել է 83 գրավոր ու բանավոր դիմում՝ 276 անձից։
 
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավունքների խախտումների կամ այլ խնդրահարույց իրավիճակների պատճառ են դառնում ոչ պատշաճ իրազեկումները։ Եթե օրինակ վերցնենք բանկերի և քաղաքացիների միջև կնքվող վարկային պայմանագրերը, ապա դրանք բարդ ձևակերպումներ ունեն, քաղաքացիներն էլ մեխանիկորեն ստորագրում են, բայց դրանք այնքան խրթին են, որ փաստաբանների մոտ անգամ հարցեր են առաջ գալիս։ Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է բանկային համակարգում ավելի ուժեղացնել իրազեկման այս գործընթացը կամ պարզեցնել պայմանագրերի հետ կապված հարցերը։ Գլխավոր հարցն այստեղ այն պետք է լինի, որ մեր քաղաքացիները կարդան այդ պայմանագրերը»,- ասաց Թաթոյանը։
 
 
Բռնագանձումների թեմային անդրադառնալով՝ պաշտպանն ասաց, որ այսօր լուրջ խնդիր է քաղաքացու՝ դատական քաշքշուկների մեջ հայտնվելը։ Փորձը ցույց է տալիս, որ ժամկետանց տարբեր պարտավորությունների պարագայում, երբ խնդիր է առաջանում բռնագանձում կատարել, բնականաբար առաջին մարմինը դատարանն է։ Բայց սա շատ անարդյունավետ է դարձել հիմա, որովհետև քաղաքացիներն ամիսներով ընկնում են քաշքշուկի մեջ, իսկ այդ ընթացքում տոկոսներն ավելանում են։
 
«Եվ ստացվում է այնպիսի իրավիճակ, որ, օրինակ, եթե գրավի առկան բնակարան է, քաղաքացին կարող է զրկվել բնակարանից, որովհետև տոկոսագումարներն
այնքան են ավելանում այդ ընթացքում, միանգամից գալիս լրանում է այդ բնակարանի գումարը։ Ես կարծում եմ՝ այս դատական քաշքշուկի պատճառներից մեկն այն է, որ չկա այլընտրանքային համապատասխան մարմին։ Իմ կարծիքով՝ պետք է լինի արբիտրաժային լիազորություններով օժտված համապատասխան մարմին և մասնագիտական մոտեցումների սկզբունքով կարողանա վեճերի այլընտրանքային լուծում իրականացնել»,- ասաց ՄԻՊ-ը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 201 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար