ԱԱԾ գնահատականի ժամանակը. գործակալներն անուն առ անուն

25-09-2020 09:35:14   | Հայաստան  |  Վերլուծություն



այաստանի ԱԱԾ քրեաիրավական գնահատական է տալու «Դոսյեի» հրապարակած տեղեկությանը, օրերս հայտարարել էր Հայաստանի ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը, խոսելով Հայաստանի հանդեպ ռուսական ազդեցության մեխանիզմի վերաբեյալ հայտնի հրապարակման մասին:
 
Երբ կտա ԱԱԾ այդ գնահատականը, եւ ինչպիսին կլինի այն: Դա կարեւոր հարց է, նկատի ունենալով մի շարք էական հանգամանքներ, որոնք առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության համար կարեւորագույն մի ասպեկտի՝ հանրային գիտակցությանը:
 
Բանն այն է, որ ստացվում է բավականին բազմիմաստ իրավիճակ՝ որ Հայաստանում կան արտաքին ազդեցության գործակալներ, վեր է կասկածից, եւ հանրությունը, լսելով այդ մասին որեւէ տեղեկատվություն, ընդունում է այն ինչպես սպասված: Մյուս կողմից, հանրային այդ գիտակցումը, որ Հայաստանը պաշարված է արտաքին ազդեցությամբ, առաջացնում
է թերարժեքության բարդույթ, անզորության զգացում, աներեւույթ պաշարվածության զգացում, համատարած կասկած, այդպիսով զրկելով հանրությանը բովանդակային որեւէ հարցի շուրջ քննարկումներին հետեւելու, ռացիոնալությունը իռացիոնալ զեղումներից ու ձեռնածություններից զանազանելու եւ այլ հնարավորություններից:
 
Թվում, որ հանրության համարժեքության ցուցիչ է օտարերկրյա ազդեցության գնահատումն ու մերժումը, իրականում սակայն այդ հանգամանքը Հայաստանում վաղուց թերեւս հասել է ընկալման եւ զուգահեռ շարունակվող մատուցման մի մակարդակի, երբ կարող ենք խոսել հանրային «լրտեսամոլության» մասին, երբ ամենուր փնտրվում են ազդեցության տարաբնույթ գործակալներ:
 
Դա առողջ վիճակ չէ, որովհետեւ ստեղծում է միջավայր, երբ հանրությունը կարող է ձեռնածության ենթարկվել հենց միայն գործակալության կամ արտաքին ազդեցության մասին որեւէ տեղեկատվության, որեւէ հնչեղ անունով կամ վերնագրով տեղեկատվական հնարքի միջոցով:
 
Հետեւաբար, ԱԱԾ-ն իսկապես պետք է ձեռնամուխ լինի այդ խնդրի լուծմանը եւ վերջապես հասկանալի լինի՝ Հայաստանի քաղաքական դաշտում ովքեր են գործակալներ, իսկ ովքեր՝ ոչ: Պարզ է, որ այստեղ հնարավոր չէ հասնել բացարձակ պատկերի, սակայն ընդհանուր առմամբ անհրաժեշտ է հստակեցնել իրավիճակը:
 
Այլապես, Հայաստանում մի հոսանք ստեղծագործում է ռուսական ազդեցության գործակալների առիթով ու թեմայով, մեկ այլ հոսանք ստեղծագործում է արեւմտյան ազդեցության գործակալների առիթով եւ թեմայով: Ընդ որում, ինչպես ցույց է տվել
փորձը՝ անմեկնելի են «գործակալական ճանապարհները» եւ որեւէ կերպ զարմանալ պետք չէ, երբ օրինակ մի ուղղության գործակալը գործունեություն ծավալի հենց այդ ուղղության դեմ աշխույժ քարոզչությամբ:
 
Ըստ այդմ, Հայաստանում կա ջրերը մաքրելու եւ հանրությանը այդ ծուղակից հանելու անհրաժեշտություն, որպեսզի քաղաքական գործընթացները չափվեն ըստ բովանդակության եւ դրանում առկա փաստարկային տրամաբանության, այլ ոչ այս կամ այն լրտեսական կամ գործակալական դասակարգման «խորաթափանցության» կամ երեւակայության:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 648 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար