Դատարանում մեկնարկել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը

25-09-2020 10:30:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ծառուկյանը ժամանել է դատարան։
 
Դատարանի շենքի դիմաց հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև աջակիցները։
 
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։
Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
 
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
 
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:
 
Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 139 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար